1 Թագավորներ 22։1-53

  • Հովսափատը դաշնակցում է Աքաաբի հետ (1-12)

  • Միքիան մարգարեանում է Աքաաբի պարտության մասին (13-28)

    • Մի հրեշտակ խաբելու է Աքաաբին (21, 22)

  • Աքաաբը սպանվում է Ռամոթ-Գաղաադում (29-40)

  • Հովսափատի իշխանությունը Հուդայում (41-50)

  • Օքոզիա՝ Իսրայելի թագավոր (51-53)

22  Ասորիքի և Իսրայելի միջև երեք տարի պատերազմ չկար:  Երրորդ տարում Հուդայի թագավոր Հովսափատը+ գնաց Իսրայելի թագավորի մոտ:+  Այդ ժամանակ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամոթ-Գաղաադը+ մերն է: Իսկ մենք վարանում ենք այն հետ վերցնել Ասորիքի թագավորից»:  Հետո նա հարցրեց Հովսափատին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ՝ կռվելու»: Հովսափատն էլ պատասխանեց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է, և իմ ձիերը քո ձիերն են»:+  Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայից առաջնորդություն խնդրիր»:+  Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ մոտ 400 հոգու, և հարցրեց նրանց. «Գնա՞մ Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նրանք էլ պատասխանեցին. «Գնա, Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»:  Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞: Եկեք նրա միջոցով էլ Աստծուց առաջնորդություն խնդրենք»:+  Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարող ենք առաջնորդություն խնդրել Եհովայից:+ Բայց ես ատում եմ նրան,+ որովհետև իմ մասին երբեք լավ բաներ չի մարգարեանում, այլ միայն վատ բաներ է մարգարեանում:+ Նա Ելմայի որդի Միքիան է»: Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը այդպիսի բան թող չասի»:  Ուստի Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի ու պատվիրեց. «Իսկույն այստե՛ղ բեր Ելմայի որդի Միքիային»:+ 10  Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը, արքայական հագուստ հագած, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալատեղում,* և բոլոր մարգարեները մարգարեանում էին:*+ 11  Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ սարքեց ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դու սրանցով կխոցես ասորիներին այնքան, մինչև որ բնաջնջես նրանց»»: 12  Մյուս բոլոր մարգարեներն էլ էին նույնը մարգարեանում՝ ասելով. «Գնա Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս: Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»: 13  Պատգամաբերը, որը գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Բոլոր մարգարեները թագավորի համար միաբերան լավ բաներ են կանխատեսում: Թող քո խոսքն էլ նրանց խոսքի պես լինի, և դու էլ լավ բան ասա»:+ 14  Բայց Միքիան պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ինչ որ Եհովան ինձ ասի, դա էլ ասելու եմ»: 15  Երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք և հաջողություն կունենաք: Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»: 16  Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ, որ Եհովայի անունից միայն ճշմարտությունն ասես ինձ»: 17  Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, որ բոլոր իսրայելացիները հովիվ չունեցող ոչխարների պես ցրված են լեռների վրա:+ Եհովան ասաց. «Նրանք տեր չունեն: Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»: 18  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին լավ բաներ չի մարգարեանա, այլ միայն վատ բաներ կմարգարեանա»:+ 19  Այդ ժամանակ Միքիան ասաց. «Ուրեմն լսիր Եհովայի խոսքը. ես տեսա Եհովային՝ իր գահի վրա նստած,+ և երկնքի ողջ զորքը՝ նրա կողքին կանգնած՝ նրա աջ ու ձախ կողմերում:+ 20  Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Աքաաբին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու մեռնի այնտեղ»: Մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ ուրիշ բան: 21  Ի վերջո մի հրեշտակ*+ եկավ կանգնեց Եհովայի առաջ ու ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»: «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան: 22  Նա էլ պատասխանեց. «Կգնամ ու այնպես կանեմ, որ նրա բոլոր մարգարեները ստեն»:*+ Այդ ժամանակ Աստված ասաց. «Դու կխաբես նրան, և դա քեզ կհաջողվի: Գնա ու այդպես արա»: 23  Եվ հիմա Եհովան այնպես է արել, որ քո բոլոր մարգարեները ստեն,+ բայց Եհովան որոշել է աղետ բերել քեզ վրա»:+ 24  Այդ պահին Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ Միքիային, հարվածեց նրա այտին ու ասաց. «Ուզում ես ասել, որ Եհովայի ոգին ինձնից հեռացել է ու հիմա քո՞ միջոցով է խոսում»:+ 25  Միքիան պատասխանեց. «Դու դրանում կհամոզվես այն օրը, երբ թաքնվես տան ամենախորքի սենյակում»: 26  Այդ ժամանակ Իսրայելի թագավորը հրամայեց. «Միքիային տարե՛ք ու հանձնե՛ք քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի ձեռքը: 27  Նրանց ասե՛ք. «Թագավորն ասում է. «Այս մարդուն բանտ գցեք+ և օրաբաժնից քիչ հաց ու ջուր տվեք, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ»»»: 28  Բայց Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն ինձ հետ Եհովան չի խոսել»:+ Ապա ավելացրեց. «Հիշե՛ք սա բոլորդ»:* 29  Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը գնացին Ռամոթ-Գաղաադ:+ 30  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես այլ հագուստով կգնամ կռվելու, իսկ դու արքայական հագուստդ հագիր»: Իսրայելի թագավորը փոխեց իր հագուստն+ ու գնաց ռազմի դաշտ: 31  Ասորիքի թագավորը իր կառքերի ջոկատների 32 հրամանատարներին կարգադրել էր.+ «Ո՛չ զինվորի, ո՛չ էլ զորքի հրամանատարի* դեմ չպատերազմե՛ք, այլ միայն Իսրայելի թագավորի դե՛մ կպատերազմեք»: 32  Տեսնելով Հովսափատին՝ կառքերի ջոկատների հրամանատարները մտածեցին, որ հաստատ նա է Իսրայելի թագավորը: Ուստի շրջվեցին, որ նրա դեմ կռվեն: Հովսափատը սկսեց օգնություն կանչել, 33  և երբ կառքերի ջոկատների հրամանատարները հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, անմիջապես դադարեցին նրան հետապնդելուց: 34  Մի ռազմիկ նետ արձակեց ու պատահաբար հարվածեց Իսրայելի թագավորին. նետը խրվեց զրահի մասերի միացման տեղը: Թագավորն ասաց իր կառապանին. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս բեր ինձ ռազմի դաշտից, քանի որ ծանր վիրավոր եմ»:+ 35  Ողջ օրը թեժ մարտ ընթացավ: Թագավորին օգնում էին, որ կանգնած մնա մարտակառքում՝ դեմքով դեպի ասորիները: Նրա վերքից արյունը հոսում էր մարտակառքի մեջ, և երեկոյան նա մահացավ:+ 36  Արևամուտին բանակով մեկ հրաման արձակվեց. «Ամեն մեկն իր քաղա՛ք, և ամեն մեկն իր երկի՛ր թող վերադառնա»:+ 37  Այսպիսով՝ թագավորը մահացավ: Նրան տարան Սամարիա ու թաղեցին այնտեղ: 38  Երբ մարտակառքը լվանում էին Սամարիայի ավազանի մոտ, շները լակում էին նրա արյունը, և մարմնավաճառները լողանում էին այնտեղ,* ինչպես և Եհովան ասել էր:+ 39  Աքաաբի կյանքի մնացած իրադարձությունների՝ նրա բոլոր գործերի, նրա կառուցած փղոսկրե+ տան* ու քաղաքների մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 40  Աքաաբը հանգչեց իր նախահայրերի հետ:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Օքոզիան:+ 41  Հովսափատը՝+ Ասայի որդին, Հուդայի թագավորն էր դարձել Իսրայելի թագավոր Աքաաբի իշխանության չորրորդ տարում: 42  Նա սկսել էր թագավորել 35 տարեկանում և 25 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ազուբա էր. նա Սալիի դուստրն էր: 43  Հովսափատը գնաց իր հոր՝ Ասայի ճանապարհով+ ու չշեղվեց դրանից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ Բայց սրբավայրերը չոչնչացվեցին. ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:+ 44  Հովսափատը խաղաղ հարաբերություններ ուներ Իսրայելի թագավորի հետ:+ 45  Հովսափատի կյանքի մնացած իրադարձությունների, նրա քաջագործությունների և այն մասին, թե նա ինչպես է պատերազմներ վարել, գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 46  Նա երկիրը մաքրեց տաճարային մարմնավաճառներից,*+ որոնք մնացել էին իր հոր՝ Ասայի օրերից:+ 47  Այդ ժամանակ Եդոմում+ թագավոր չկար. փոխարենը մի փոխկառավարիչ էր իշխում:+ 48  Հովսափատը նաև թարսիսյան նավեր* կառուցեց, որ Օֆիրից ոսկի բերել տա,+ բայց նավերը այդպես էլ տեղ չհասան, քանի որ Եսիոն-Գաբերի+ մոտ խորտակվեցին: 49  Այդ ժամանակ էր, որ Օքոզիան՝ Աքաաբի որդին, ասաց Հովսափատին. «Թող իմ ծառաները քո ծառաների հետ նավերով գնան»: Բայց Հովսափատը չհամաձայնվեց: 50  Հովսափատը հանգչեց իր նախահայրերի հետ,+ և նրան թաղեցին իր նախահայր Դավթի քաղաքում՝ իր նախահայրերի մոտ: Հովսափատից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովրամը:+ 51  Օքոզիան՝+ Աքաաբի որդին, Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հուդայի թագավոր Հովսափատի իշխանության 17-րդ տարում և Իսրայելի վրա թագավորեց երկու տարի: 52  Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. գնաց իր հոր+ և իր մոր,+ նաև Հերոբովամի՝ Նաբատի որդու հետքերով, որը Իսրայելին մեղքի էր դրդել:+ 53  Նա ծառայեց Բահաղին,+ խոնարհվեց նրա առաջ և վիրավորեց Իսրայելի Աստված Եհովային,+ ինչպես որ իր հայրն էր արել:

Ծանոթագրություններ

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ու ստության ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»:
Բռց.՝ «բոլո՛ր ժողովուրդներ»:
Բռց.՝ «Ո՛չ փոքրի, ո՛չ էլ մեծի»:
Կամ հնարավոր է՝ «շները լակում էին նրա արյունը այնտեղ, որտեղ մարմնավաճառները սովորաբար լողանում էին»:
Կամ՝ «պալատի»:
Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Բառարանում տես «Թարսիսյան նավեր»: