1 Թագավորներ 21։1-29

  • Աքաաբը փափագում է ունենալ Նաբովթի խաղողի այգին (1-4)

  • Հեզաբելը կազմակերպում է Նաբովթի սպանությունը (5-16)

  • Եղիայի խոսքը՝ ուղղված Աքաաբին (17-26)

  • Աքաաբը խոնարհեցնում է իրեն (27-29)

21  Որոշ ժամանակ անց այս դեպքը տեղի ունեցավ. Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի կողքին, հեզրայելացի+ Նաբովթը մի խաղողի այգի ուներ:  Աքաաբն ասաց Նաբովթին. «Տո՛ւր ինձ քո այգին, որ բանջարանոց դարձնեմ, քանի որ տանս կողքին է: Փոխարենը ես ավելի լավ խաղողի այգի կտամ քեզ: Կամ եթե ուզում ես, դրա արժեքի չափով փող կվճարեմ»:  Սակայն Նաբովթն ասաց Աքաաբին. «Անհնար է, որ իմ նախահայրերի ժառանգությունը քեզ տամ, քանի որ Եհովան թույլ չի տալիս դա»:+  Աքաաբը գնաց տուն՝ տրտմած ու մռայլված այն պատասխանի պատճառով, որ հեզրայելացի Նաբովթը տվել էր իրեն՝ ասելով. «Իմ նախահայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»: Նա պառկեց իր մահճակալին, շրջվեց դեպի պատը և հրաժարվեց հաց ուտելուց:  Աքաաբի կինը՝ Հեզաբելը,+ եկավ նրա մոտ ու հարցրեց. «Ինչո՞ւ ես* տխուր, ինչո՞ւ հաց չես ուտում»:  Նա պատասխանեց. «Ես հեզրայելացի Նաբովթին ասացի. «Քո խաղողի այգին փողով ինձ տուր, կամ եթե ուզում ես, փոխարենը ուրիշ այգի կտամ քեզ»: Բայց նա ասաց. «Իմ այգին քեզ չեմ տա»»:  Նրա կինը՝ Հեզաբելը, ասաց. «Մի՞թե դո՛ւ չես Իսրայելի թագավորը: Վեր կաց, մի բան կեր, և թող սիրտդ ուրախ լինի: Ե՛ս քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»:+  Ապա Հեզաբելը նամակներ գրեց Աքաաբի անունից, կնքեց նրա կնիքով+ և ուղարկեց Նաբովթի հետ նույն քաղաքում ապրող երեցներին+ ու իշխանավորներին:  Նամակներում նա գրեց. «Ծոմ հայտարարեք և Նաբովթին նստեցրեք ժողովրդի առաջ: 10  Իսկ նրա դիմաց երկու անպիտան մարդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ՝+ ասելով. «Դու անիծել ես Աստծուն և թագավորին»:+ Հետո դուրս տարեք նրան ու քարկոծեք, որ մեռնի»:+ 11  Քաղաքի տղամարդիկ՝ երեցներն ու իշխանավորները, որ Նաբովթի հետ նույն քաղաքում էին ապրում, արեցին այն, ինչ Հեզաբելը գրել էր իր նամակներում: 12  Նրանք ծոմ հայտարարեցին և Նաբովթին նստեցրին ժողովրդի առաջ: 13  Հետո երկու անպիտան մարդիկ եկան, նստեցին Նաբովթի դիմաց ու սկսեցին ժողովրդի առջև վկայություն տալ նրա դեմ՝ ասելով. «Նաբովթը անիծել է Աստծուն և թագավորին»:+ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին, քարկոծեցին, և նա մահացավ:+ 14  Ապա Հեզաբելին այս լուրն ուղարկեցին. «Նաբովթին քարկոծեցին, և նա մահացավ»:+ 15  Հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթին քարկոծել են, ու նա մահացել է, Աքաաբին ասաց. «Գնա տիրացիր հեզրայելացի Նաբովթի խաղողի այգուն,+ որը նա հրաժարվեց վաճառել քեզ, որովհետև նա այլևս ողջ չէ, մահացել է»: 16  Լսելով, որ Նաբովթը մահացել է՝ Աքաաբը գնաց հեզրայելացի Նաբովթի այգին, որ տիրանա դրան: 17  Բայց Եհովան թեզբացի Եղիային+ ասաց. 18  «Գնա՛ հանդիպիր Իսրայելի թագավորին, որը Սամարիայում է:+ Նա Նաբովթի խաղողի այգում է. գնացել է այնտեղ, որ տիրանա դրան: 19  Ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մարդ ես սպանել,+ հիմա էլ տիրանում ես նրա ունեցվածքի՞ն»»:+ Նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այն տեղում, որտեղ շները Նաբովթի արյունը լակեցին, քո արյունն էլ են լակելու»»»:+ 20  Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ի՛մ թշնամի»:+ Եղիան էլ պատասխանեց. «Գտա քեզ: «Քանի որ համառորեն անում ես այն, ինչը չար է Եհովայի աչքին,*+ 21  քեզ վրա աղետ կբերեմ, կկործանեմ քեզ ու Իսրայելից կբնաջնջեմ քո սերնդի բոլոր տղամարդկանց,*+ նույնիսկ անօգնականին ու թույլին:+ 22  Քո տան հետ կանեմ այն, ինչ արեցի Հերոբովամի՝+ Նաբատի որդու տան հետ և Բաասայի՝+ Աքիայի որդու տան հետ, քանի որ բարկացրիր ինձ և Իսրայելին մեղքի դրդեցիր»: 23  Իսկ Հեզաբելի մասին Եհովան ասել է. «Շները կուտեն Հեզաբելին Հեզրայելի հողակտորում:+ 24  Աքաաբի տնից ով քաղաքում մեռնի, նրան կուտեն շները, իսկ ով դաշտում մեռնի, նրան կուտեն երկնքի թռչունները:+ 25  Երբեք չի եղել մեկը, որ Աքաաբի+ նման համառորեն անի այն, ինչը չար է Եհովայի աչքին:* Նա այդպես է վարվել իր կնոջ՝ Հեզաբելի դրդմամբ:+ 26  Աքաաբն արել է ամենանողկալի բաները. պաշտել է գարշելի կուռքերի, ինչպես որ անում էին ամորհացիները, որոնց Եհովան քշել է իսրայելացիների առաջից»»:+ 27  Հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատռեց իր հագուստներն ու մարմնի վրա քուրձ հագավ: Նա ծոմ էր պահում, քուրձը հագին էր պառկում և վհատված ման էր գալիս: 28  Եհովան ասաց թեզբացի Եղիային. 29  «Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը իրեն խոնարհեցրեց իմ առաջ:+ Քանի որ նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես աղետ չեմ բերի նրա օրերում: Նրա որդու օրերում աղետ կբերեմ»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Ինչո՞ւ է ոգիդ»:
Բռց.՝ «քեզ ծախել ես, որ Եհովայի աչքերում չարն անես»:
Բռց.՝ «պատին ամեն միզողին»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Բռց.՝ «իրեն ծախի, որ Եհովայի աչքերում չարն անի»: