1 Թագավորներ 20։1-43

  • Ասորիները պատերազմում են Աքաաբի դեմ (1-12)

  • Աքաաբը հաղթանակ է տանում ասորիների հանդեպ (13-34)

  • Մարգարեություն՝ ընդդեմ Աքաաբի (35-43)

20  Ասորիքի+ Բենադադ թագավորը+ հավաքեց իր ողջ զորքը, կանչեց 32 թագավորների իրենց ձիերով ու կառքերով, գնաց պաշարեց+ Սամարիան+ ու կռվեց դրա դեմ:  Նա պատգամաբերներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի Աքաաբ+ թագավորի մոտ, որ ասեն նրան. «Ահա թե ինչ է ասում Բենադադը.  «Քո արծաթն ու ոսկին իմն են, իմն են նաև քո կանանցից ու որդիներից լավագույնները»»:  Իսրայելի թագավորն էլ պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, ինչպես և ասացիր, ես քոնն եմ, և ինչ որ ունեմ, քեզ է պատկանում»:+  Պատգամաբերները նորից եկան ու ասացին. «Ահա թե ինչ է ասում Բենադադը. «Ես մարդ էի ուղարկել, որ ասեն քեզ. «Քո արծաթն ու ոսկին, քո կանանց ու որդիներին ինձ ես տալու»:  Իսկ վաղը՝ մոտավորապես այս ժամին, իմ ծառաներին քեզ մոտ կուղարկեմ, որ մանրամասն խուզարկեն քո և քո ծառաների տները: Նրանք կվերցնեն ու կտանեն այն ամենը, ինչ թանկ է քեզ համար»»:  Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր երեցներին ու ասաց. «Տեսեք, որ այդ մարդը ուզում է չարիք բերել, քանի որ նա արդեն ինձնից պահանջել էր իմ կանանց, որդիներին, իմ արծաթն ու ոսկին, և ես նրան չէի մերժել»:  Այդ ժամանակ բոլոր երեցներն ու ողջ ժողովուրդը ասացին. «Մի՛ հնազանդվիր նրան ու մի՛ համաձայնվիր»:  Ուստի Իսրայելի թագավորը Բենադադի պատգամաբերներին ասաց. «Իմ տեր թագավորին հայտնեք. «Այն, ինչ առաջին անգամ պահանջեցիր ծառայիցդ, կանեմ, բայց սա չեմ կարող անել»»: Պատգամաբերներն էլ գնացին ու պատասխանը տարան թագավորին: 10  Բենադադը նորից մարդիկ ուղարկեց նրա մոտ, որ ասեն. «Թող աստվածները խստորեն պատժեն ինձ, եթե Սամարիան չկործանեմ: Իմ հետևից եկող զորքն այնքան մեծ է, որ Սամարիայից մնացած փոշին չի բավականացնի զինվորներիցս յուրաքանչյուրի բուռը լցնելու համար»: 11  Իսրայելի թագավորը պատասխանեց. «Ասեք նրան. «Թող սուրը մեջքին կապողը սուրը մեջքից հանողի պես չպարծենա»»:+ 12  Երբ Բենադադը լսեց այս խոսքերը, նա և թագավորները խմում էին վրաններում: Բենադադն անմիջապես հրամայեց իր ծառաներին. «Պատրաստվեք հարձակմա՛ն»: Եվ նրանք պատրաստվեցին քաղաքի դեմ հարձակվելու: 13  Բայց Իսրայելի Աքաաբ+ թագավորին մի մարգարե մոտեցավ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Տեսնո՞ւմ ես մարդկանց այս մեծ բազմությունը: Այսօր նրանց քո ձեռքն եմ տալու, և դու կիմանաս, որ ես Եհովան եմ»»:+ 14  Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»: Նա պատասխանեց. «Եհովան ասում է. «Գավառների իշխանների ծառաների միջոցով»»: Աքաաբը հարցրեց. «Ո՞վ է սկսելու պատերազմը»: Մարգարեն էլ պատասխանեց. «Դու»: 15  Աքաաբը հաշվեց գավառների իշխանների ծառաներին. նրանք 232 հոգի էին: Հետո հաշվեց իսրայելացի բոլոր տղամարդկանց՝ 7 000 հոգի: 16  Նրանք քաղաքից դուրս եկան կեսօրին, երբ Բենադադը և իրեն աջակցող 32 թագավորները վրաններում խմում-հարբում էին: 17  Առաջինը դուրս եկան գավառների իշխանների ծառաները: Ուստի Բենադադը անմիջապես մարդիկ ուղարկեց, որ իմանան, թե ինչ է տեղի ունենում: Նրանք տեղեկացրին նրան. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»: 18  Նա ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, նրանց կենդանի բռնեք, և եթե անգամ պատերազմելու համար են դուրս եկել, միևնույն է, կենդանի բռնեք»: 19  Բայց երբ գավառների իշխանների ծառաները և նրանց հետևից ողջ զորքը քաղաքից դուրս եկան, 20  սկսեցին սպանել իրենց հակառակորդներին: Ասորիները փախուստի դիմեցին:+ Իսրայելացիները հետապնդեցին նրանց, բայց Ասորիքի Բենադադ թագավորը, ձի հեծած, մի քանի ձիավորների հետ փախավ: 21  Իսրայելի թագավորը դուրս եկավ, տապալեց ձիերին, ջախջախեց կառքերը և մեծ հաղթանակ տարավ ասորիների հանդեպ:* 22  Դրանից հետո մարգարեն+ մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Գնա և ամրացրու պաշտպանությունդ: Մտածիր, թե ինչ ես անելու,+ որովհետև եկող տարվա սկզբին* Ասորիքի թագավորը նորից հարձակվելու է քեզ վրա»:+ 23  Ասորիքի թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց Աստվածը լեռների Աստված է, այդ պատճառով նրանք հաղթեցին մեզ: Բայց եթե նրանց դեմ կռվի դուրս գանք հարթավայրում, մենք կհաղթենք նրանց: 24  Այս բանն արա. կառավարիչներին նշանակիր, որ թագավորների+ փոխարեն իրենք առաջնորդեն զորքերին: 25  Քո կորցրած զորքի չափով զորք հավաքիր, ձիերի չափով՝ ձիեր և կառքերի չափով՝ կառքեր: Մենք նրանց դեմ կպատերազմենք հարթավայրում ու հաստատ կհաղթենք»: Թագավորը լսեց նրանց խորհուրդը և այդպես էլ արեց: 26  Տարվա սկզբին* Բենադադը հավաքեց ասորիներին ու գնաց Աֆեկ,+ որպեսզի պատերազմի Իսրայելի դեմ: 27  Իսրայելացիներն էլ հավաքվեցին և ստանալով իրենց անհրաժեշտ բաները՝ գնացին ասորիներին ընդառաջ: Իսրայելացիները նրանց դիմաց բանակ դրեցին. նրանք ասես այծերի երկու փոքր հոտ լինեին, մինչդեռ ասորիները զբաղեցրել էին ողջ տարածքը:+ 28  Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ ասորիներն ասացին՝ «Եհովան լեռների Աստված է և ոչ թե հարթավայրերի Աստված», մարդկանց այս մեծ բազմությանը քո ձեռքը կմատնեմ,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»:+ 29  Նրանք յոթ օր իրար դիմաց բանակ դրած մնացին, և յոթերորդ օրը պատերազմը սկսվեց: Իսրայելացիները մեկ օրում 100 000 ասորական հետևակ կոտորեցին: 30  Իսկ ողջ մնացածները՝ 27 000 հոգի, փախան Աֆեկ,+ բայց քաղաքի պարիսպը փուլ եկավ նրանց վրա: Բենադադն էլ փախավ մտավ քաղաք և թաքնվեց մի տան խորքի սենյակում: 31  Նրա ծառաներն ասացին նրան. «Մենք լսել ենք, որ Իսրայելի թագավորները գթասիրտ թագավորներ են:* Խնդրում ենք, թույլ տուր՝ մեր գոտկատեղին քուրձ կապենք ու մեր գլխին՝ պարաններ, և գնանք Իսրայելի թագավորի մոտ: Գուցե նա խնայի քո կյանքը»:*+ 32  Նրանք իրենց գոտկատեղին քուրձ կապեցին ու գլխին՝ պարաններ, գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. «Խնդրում եմ, խնայիր իմ կյանքը»»: Աքաաբն էլ ասաց. «Նա դեռ ո՞ղջ է: Նա իմ եղբայրն է»: 33  Ծառաները դա լավ նշան համարեցին: Նրանք իսկույն հասկացան, որ նա անկեղծ է, ուստի ասացին. «Բենադադը քո եղբայրն է»: Աքաաբն էլ ասաց. «Գնացեք բերե՛ք նրան»: Երբ Բենադադը եկավ նրա մոտ, նա նրան իր կառք բարձրացրեց: 34  Բենադադն ասաց նրան. «Ես կվերադարձնեմ այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել էր քո հորից: Դու կարող ես շուկաներ հիմնել* Դամասկոսում, ինչպես որ իմ հայրն արեց Սամարիայում»: Աքաաբն էլ ասաց. «Եթե այս պայմաններով համաձայնագիր կնքենք, կթողնեմ, որ գնաս»: Եվ նա համաձայնագիր կնքեց նրա հետ ու թողեց, որ գնա: 35  Եհովայի հրահանգով մարգարեների որդիներից*+ մեկն իր ընկերոջը ասաց. «Խփիր ինձ, խնդրում եմ»: Բայց նա չուզեց խփել: 36  Նա էլ ասաց. «Քանի որ չլսեցիր Եհովային, երբ իմ մոտից գնաս, քեզ մի առյուծ կսպանի»: Եվ երբ նա գնաց նրա մոտից, մի առյուծ հարձակվեց նրա վրա ու սպանեց նրան: 37  Նա մի ուրիշ մարդու գտավ ու ասաց. «Խփիր ինձ, խնդրում եմ»: Այդ մարդն էլ խփեց նրան ու վիրավորեց: 38  Հետո մարգարեն գնաց ու կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին և, որպեսզի իրեն չճանաչեն, աչքերը վիրակապով կապեց: 39  Երբ թագավորն անցնում էր, նա բարձր ձայնով ասաց նրան. «Երբ քո ծառան թեժ կռվի մեջ էր, մի զինվոր ինձ մոտ բերեց մեկին ու ասաց. «Հսկի՛ր այս մարդուն: Եթե նա կորչի, նրա կյանքի դիմաց քո կյանքով կհատուցես+ կամ էլ մի տաղանդ* արծաթ կվճարես»: 40  Եվ մինչ քո ծառան զբաղված էր տարբեր գործերով, այդ մարդը փախավ»: Իսրայելի թագավորն ասաց. «Դու ինքդ կայացրիր քո դատավճիռը»: 41  Նա իսկույն հանեց աչքերի վիրակապը, և թագավորը հասկացավ, որ նա մարգարեներից մեկն է:+ 42  Մարգարեն ասաց նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ դու ձեռքիցդ բաց թողեցիր այն մարդուն, որին ես կործանման էի դատապարտել,+ նրա փոխարեն դու կմեռնես,+ և նրա ժողովրդի փոխարեն քո ժողովուրդը կմեռնի»»:+ 43  Եվ Իսրայելի թագավորը տրտմած ու մռայլված գնաց իր տուն՝ Սամարիա:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «և մեծ կոտորածով ջարդեց ասորիներին»:
Այսինքն՝ հաջորդ գարնանը:
Այսինքն՝ գարնանը:
Կամ՝ «թագավորներ են, որոնք հավատարիմ սեր են դրսևորում»:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «փողոցներ ընտրել»:
«Մարգարեների որդիներ» արտահայտությունը թերևս վերաբերում է մի խումբ մարգարեների, որոնք միասին հատուկ կրթություն էին ստանում կամ ծառայում էին:
Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14: