1 Թագավորներ 12։1-33

  • Ռոբովամի խիստ պատասխանը (1-15)

  • Տասը ցեղերը ապստամբում են (16-19)

  • Հերոբովամը Իսրայելի թագավորն է դառնում (20)

  • Ռոբովամը չպետք է պատերազմի Իսրայելի դեմ (21-24)

  • Հերոբովամը ոսկե երկու հորթ է պատրաստում պաշտամունքի համար (25-33)

12  Ռոբովամը գնաց Սյուքեմ,+ որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որ նրան թագավոր դարձներ:+  Նաբատի որդի Հերոբովամը լսեց այդ մասին (նա դեռ Եգիպտոսում էր, քանի որ Սողոմոն թագավորի պատճառով փախել ու ապրում էր այնտեղ):+  Նրա հետևից մարդ ուղարկեցին: Հերոբովամն ու Իսրայելի ողջ ժողովը եկան Ռոբովամի մոտ և ասացին.  «Հայրդ մեր լուծը ծանրացրել է,+ բայց եթե դու հեշտացնես քո հոր սահմանած դժվարին ծառայությունը ու թեթևացնես մեզ վրա դրված ծանր* լուծը, մենք կծառայենք քեզ»:  Նա էլ ասաց նրանց. «Գնացեք ու երեք օր հետո վերադարձեք ինձ մոտ»: Եվ ժողովուրդը գնաց:+  Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք: Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանեմ ժողովրդին»:  Նրանք էլ ասացին. «Եթե այսօր դու ժողովրդի ծառան դառնաս, դրական պատասխան տաս ու կատարես նրա խնդրանքը, նա ընդմիշտ քո ծառան կլինի»:  Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+  Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10  Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11  Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»: 12  Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց՝ ասելով, որ երրորդ օրը վերադառնան իր մոտ:+ 13  Բայց թագավորը, մերժելով երեցների խորհուրդը, խստությամբ պատասխանեց ժողովրդին: 14  Նա հետևեց երիտասարդների խորհրդին և ասաց. «Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»: 15  Եվ այսպես՝ թագավորը չլսեց ժողովրդին, քանի որ Եհովան էր դեպքերին այդպիսի ընթացք տվել,+ որպեսզի կատարվի այն խոսքը, որ Եհովան սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին:+ 16  Տեսնելով, որ թագավորը չուզեց իրենց լսել՝ իսրայելացիներն ի պատասխան ասացին. «Մենք ի՞նչ առնչություն ունենք Դավթի հետ: Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք: Վերադարձիր քո աստվածների մոտ, ո՛վ Իսրայել: Հիմա դու քո տան* մասին հոգա, ո՛վ Դավիթ»: Եվ իսրայելացիները գնացին իրենց տները:*+ 17  Բայց Ռոբովամը շարունակեց թագավորել Հուդայի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա:+ 18  Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատանք կատարողների վերակացու Ադորամին+ հանձնարարությամբ ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց նրանք քարկոծելով սպանեցին նրան: Սակայն Ռոբովամ թագավորը հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ:+ 19  Այսպիսով՝ իսրայելացիները ապստամբեցին+ Դավթի տան դեմ և մինչ օրս չեն ենթարկվում նրան: 20  Հենց որ իսրայելացիները լսեցին, որ Հերոբովամը վերադարձել է, ժողով գումարեցին, կանչեցին նրան և ողջ Իսրայելի թագավորը դարձրին:+ Հուդայի ցեղից բացի՝ ուրիշ ոչ մեկը հավատարիմ չմնաց Դավթի տանը:+ 21  Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ, անմիջապես հավաքեց Հուդայի ողջ ցեղը և Բենիամինի ցեղը՝ 180 000 լավ պատրաստված* ռազմիկների, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորական իշխանությունը իրեն՝ Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնեն:+ 22  Այդ ժամանակ ճշմարիտ Աստված ասաց Սեմայիային՝+ ճշմարիտ Աստծու մարդուն. 23  «Հուդայի թագավոր Ռոբովամին՝ Սողոմոնի որդուն, Հուդայի ամբողջ ցեղին, Բենիամինի ցեղին և մնացած ժողովրդին ասա. 24  «Եհովան ասում է. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր իսրայելացի եղբայրների դեմ: Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև դա իմ կամքով է եղել»»»:+ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին և վերադարձան տուն, ինչպես որ Եհովան պատվիրեց նրանց: 25  Հերոբովամը Եփրեմի լեռնային շրջանում ամրացրեց* Սյուքեմն+ ու բնակվեց այնտեղ: Հետո այնտեղից գնաց և ամրացրեց* Փանուելը:+ 26  Հերոբովամն իր մտքում ասաց. «Հիմա թագավորությունը հետ կդառնա Դավթի տանը:+ 27  Եթե մարդիկ շարունակեն գնալ Երուսաղեմ ու Եհովայի տանը զոհեր մատուցել,+ նրանց սիրտը դեպի իրենց տերը կդառնա՝ Հուդայի թագավոր Ռոբովամը: Նրանք հաստատ կսպանեն ինձ ու կվերադառնան Հուդայի թագավոր Ռոբովամի մոտ»: 28  Խորհրդատուների հետ խորհրդակցելուց հետո թագավորը ոսկե երկու հորթ պատրաստեց+ և ասաց ժողովրդին. «Ձեզ համար դժվար է Երուսաղեմ բարձրանալը: Ո՛վ Իսրայել, ահա՛ քո Աստվածը, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսից»:+ 29  Եվ մեկը դրեց Բեթելում,+ իսկ մյուսը՝ Դանում:+ 30  Այս բանը մարդկանց մեղքի դրդեց.+ նրանք գնում էին Դան՝ հորթին երկրպագելու: 31  Հերոբովամը բարձունքների վրա պաշտամունքի տներ կառուցեց և ժողովրդից քահանաներ նշանակեց, որոնք ղևտացիներ չէին:+ 32  Նա նաև ութերորդ ամսի 15-րդ օրը տոն հաստատեց՝ այն տոնի նման, որը Հուդայում էին նշում:+ Բեթելում իր կառուցած զոհասեղանի վրա+ Հերոբովամը զոհեր մատուցեց իր պատրաստած հորթերին: Այնտեղ նա քահանաներ նշանակեց, որ ծառայեն իր կառուցած սրբավայրերում: 33  Իր ընտրած ամսի՝ ութերորդ ամսի 15-րդ օրը Բեթելում կառուցած զոհասեղանի վրա նա սկսեց զոհեր մատուցել: Հերոբովամը տոն հաստատեց իսրայելացիների համար. նա մոտեցավ զոհասեղանին, որ զոհեր մատուցի՝ այրելով դրանք:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ճնշող»:
Խոսքը կոնքազդրային հատվածի մասին է:
Այսինքն՝ թագավորական դինաստիայի կամ թագավորության:
Բռց.՝ «վրանները»:
Բռց.՝ «ընտրյալ»:
Կամ՝ «վերակառուցեց»:
Կամ՝ «վերակառուցեց»: