Փիլիպպեցիներ 2։1-30

  • Քրիստոնեավայել խոնարհություն (1-4)

  • Քրիստոսը խոնարհեցրեց իրեն և բարձր դիրքի արժանացավ (5-11)

  • Ամեն ջանք գործադրեք, որ փրկության հասնեք (12-18)

    • Լուսատուների պես շողում եք այս աշխարհում (15)

  • Պողոսը ուղարկում է Տիմոթեոսին ու Եպաֆրոդիտոսին (19-30)

2  Եթե Քրիստոսի հետ միավորված լինելով՝ կարող եք քաջալերել միմյանց, սիրուց մղված՝ մխիթարել, միմյանց հետ հոգևոր ընկերակցություն վայելել, իրար հանդեպ ջերմ սեր ու կարեկցանք դրսևորել, 2  ուրեմն այդպես էլ արեք, որպեսզի իմ ուրախությունը լիարժեք լինի. միևնույն մտքի եղեք, փոխադարձ սեր ունեցեք, եղեք լիովին միաբան ու համերաշխ:+ 3  Մի՛ եղեք կռվասեր*+ ու ինքնահավան,+ այլ խոնարհամիտ եղեք և ուրիշներին ձեզանից բարձր համարեք:+ 4  Մի՛ մտածեք միայն ձեր մասին,*+ մտածեք նաև ուրիշների մասին:+ 5  Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին Քրիստոս Հիսուսն ուներ.+ 6  թեև նա նման էր Աստծուն,*+ բայց երբևիցե նրա մտքով անգամ չանցավ փորձել հավասար լինել նրան:+ 7  Ընդհակառակը, նա զրկեց իրեն ամեն ինչից, դարձավ ծառայի նման մեկը,+ դարձավ մարդ:*+ 8  Դեռ ավելին՝ մարդ դառնալուց հետո էլ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ ընդհուպ մինչև մահ,+ այն էլ մահ՝ տանջանքի սյան* վրա:+ 9  Եվ հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան+ և սիրով տվեց այնպիսի հեղինակություն,* որը վեր է մյուս բոլորի հեղինակությունից:+ 10  Աստված արեց դա, որպեսզի Հիսուսի հեղինակության առաջ ծնկի գան բոլորը՝ երկնքում լինողները, երկրի վրա լինողները և գետնի տակ լինողները,+ 11  և որպեսզի ամեն ոք* հանրորեն ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է,+ և այդպիսով Աստված՝ Հայրը, փառավորվի: 12  Ուստի, սիրելինե՛րս, ինչպես որ միշտ եք հնազանդվել՝ թե՛ իմ ներկայության ժամանակ, թե՛ առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, շարունակեք այդպես անել և ահուդողով ամեն ջանք գործադրեք, որ փրկության հասնեք: 13  Չէ՞ որ Աստված է ձեզ եռանդով լցնում՝ տալով գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ, քանի որ դա հաճելի է նրան: 14  Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտնջալու+ և վիճելու,+ 15  որ լինեք Աստծու անմեղադրելի ու աննենգ զավակները+ և անարատ մնաք՝ ապրելով այս խոտորված ու ապականված սերնդի մեջ:+ Նրանց մեջ դուք ասես լուսատուներ լինեք, որ շողում եք այս աշխարհում:+ 16  Պինդ բռնեք Աստծու կենսատու խոսքերը,+ և այդ դեպքում, երբ գա Քրիստոսի օրը, ես ուրախանալու պատճառ կունենամ՝ իմանալով, որ իզուր չեմ վազել կամ եռանդագին ջանք թափել: 17  Ես երջանիկ եմ և ուրախանում եմ բոլորիդ հետ, նույնիսկ եթե ինքս ինձ որպես ըմպելիքի ընծա+ ամբողջությամբ տալիս եմ՝ թիկունք կանգնելով այն զոհաբերությանն+ ու սուրբ ծառայությանը,* որ դուք անում եք հավատից մղված: 18  Ուրեմն դուք էլ երջանիկ եղեք և ինձ հետ ուրախացեք: 19  Հուսով եմ, որ Տեր Հիսուսի կամքով շուտով կկարողանամ ձեզ մոտ ուղարկել Տիմոթեոսին,+ որ նրանից ձեր մասին տեղեկություն ստանալով՝ քաջալերվեմ: 20  Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով: Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս: 21  Մնացած բոլորը իրենց անձնական շահն են հետապնդում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը: 22  Մինչդեռ նա, ինչպես գիտեք, փաստել է, որ այդպիսին չէ. ինչպես երեխան+ հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ տքնաջան ծառայել է բարի լուրի տարածման գործում: 23  Դրա համար էլ նրան եմ ուզում ուղարկել ձեզ մոտ, հենց որ ինձ հետ կապված ինչ-որ բան պարզվի: 24  Թեև վստահ եմ, որ Տիրոջ կամքով ես ինքս շուտով կկարողանամ գալ ձեզ մոտ:+ 25  Իսկ հիմա հարկ եմ համարում հետ ուղարկել ձեզ մոտ Եպաֆրոդիտոսին՝ իմ եղբորը, համագործակցին, որն ինձ պես Քրիստոսի զինվոր է, և որին դուք ուղարկել էիք հոգ տանելու ինձ:*+ 26  Նա շատ է ուզում տեսնել բոլորիդ և խիստ ընկճված է, որովհետև իր հիվանդության մասին լուրը հասել էր ձեզ: 27  Եվ իսկապես, նա ծանր հիվանդացել էր ու քիչ էր մնում՝ մահանար, բայց Աստված գթասիրտ գտնվեց նրա հանդեպ և ոչ միայն նրա, այլև իմ հանդեպ, որպեսզի իմ ցավերին ևս մեկը չավելանա: 28  Ուստի նրան հնարավորինս շուտ ձեզ մոտ եմ ուղարկում, որ կրկին տեսնեք նրան և ուրախանաք, ու որ ես էլ այդքան չանհանգստանամ: 29  Մեծ ուրախությամբ ընդունեք նրան, ինչպես որ միշտ եք ընդունում Տիրոջը ծառայողներին, և այդպիսի մարդկանց թանկ համարեք:+ 30  Չէ՞ որ Քրիստոսի* գործն անելու համար նա հասավ մահվան դուռը և իր կյանքը* վտանգի ենթարկեց, որ ձեր այստեղ չլինելու բացը լրացնի ու ձեր փոխարեն օգնի ինձ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ոչինչ մի՛ արեք մրցակցությունից կամ փառասիրությունից դրդված»:
Կամ՝ «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք»:
Այսինքն՝ ոգեղեն էակ էր, ինչպես որ Աստված:
Բռց.՝ «դարձավ մարդկանց նման»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Բռց.՝ «անուն»:
Բռց.՝ «ամեն լեզու»:
Կամ՝ «մարդկանց օգուտ բերող ծառայությանը»:
Կամ՝ «ծառայելու իմ կարիքներին»:
Կամ հնարավոր է՝ «Տիրոջ»:
Կամ՝ «հոգին»: