Մարկոս 5։1-43
5 Նրանք հասան ծովի մյուս կողմը՝ գերասացիների շրջանը:+
2 Հենց որ Հիսուսը նավակից ափ իջավ, գերեզմանոցից նրան ընդառաջ եկավ մի մարդ, որը չար* ոգու ազդեցության տակ էր:
3 Նա գերեզմանոցում էր ապրում, և դեռ ոչ ոք չէր կարողացել նրան ամուր կապած պահել, նույնիսկ շղթաներով:
4 Շատ անգամ էին ոտնակապերով ու շղթաներով կապել նրան, բայց շղթաները կտրել էր ու ոտնակապերը կոտրել: Ոչ ոքի ուժը չէր պատում, որ սանձի նրան:
5 Գիշեր ու ցերեկ նա գերեզմաններում ու սարերում անդադար աղաղակում էր և ինքն իրեն քարերով ճղոտում:
6 Հեռվից տեսնելով Հիսուսին՝ նա վազեց, ծնկի եկավ նրա առաջ+
7 և բարձր բղավեց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի: Աստծու առաջ երդվիր, որ ինձ չես պատժի»:*+
8 Նա այդպես բղավեց, քանի որ Հիսուսն ասում էր. «Դո՛ւրս արի այդ մարդու միջից, չա՛ր ոգի»:+
9 Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»: Նա պատասխանեց. «Անունս Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»:
10 Եվ շատ աղերսեց Հիսուսին, որ իրենց այդ տեղանքից դուրս չուղարկի:+
11 Լեռնալանջին խոզերի+ մի մեծ երամակ էր արածում:+
12 Չար ոգիները աղերսեցին նրան. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, թույլ տուր՝ դրանց մեջ մտնենք»:
13 Եվ նա թույլ տվեց նրանց: Չար* ոգիները դուրս եկան ու խոզերի մեջ մտան: Ամբողջ երամակը՝ մոտ 2 000 խոզ, գահավեժ ժայռից ցած նետվեց ու խեղդվեց ծովում:
14 Իսկ խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու դրա շրջակայքում: Ուստի մարդիկ եկան, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունեցել:+
15 Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ նախկինում լեգեոն ունեցող այդ դիվահար մարդը այժմ հագնված նստած է, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին:
16 Ականատեսները նրանց պատմեցին դիվահար մարդու և խոզերի հետ կապված ողջ եղելությունը:
17 Նրանք էլ աղաչեցին Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից:+
18 Երբ Հիսուսը նավակ մտավ, այն մարդը, որ առաջ դիվահար էր, սկսեց աղաչել, որ թույլ տա իր հետ գնալ:+
19 Բայց նա թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա տուն՝ ազգականներիդ մոտ, և նրանց պատմիր քեզ համար Եհովայի* արածների ու քո հանդեպ նրա ցուցաբերած գթասրտության մասին»:
20 Նա էլ գնաց ու Դեկապոլիսում* սկսեց պատմել այն ամենը, ինչ Հիսուսն արել էր իր համար, և բոլորը զարմանում էին:
21 Հիսուսը նավակով հետ գնաց մյուս ափը: Երբ նա դեռ ծովի ափին էր, մի մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ:+
22 Այդտեղ եկավ ժողովարանի պետերից մեկը, որի անունը Հայրոս էր: Հիսուսին տեսնելով՝ նրա ոտքերն ընկավ+
23 և սկսեց աղերսել. «Աղջիկս մահամերձ է: Խնդրում եմ, արի ու ձեռքերդ նրա վրա դիր,+ որ ապաքինվի ու ապրի»:
24 Եվ Հիսուսը գնաց նրա հետ: Մարդկանց մի մեծ բազմություն գնում էր նրա հետևից և ամեն կողմից սեղմում նրան:
25 Մի կին կար, որը 12 տարի արյունահոսությամբ+ էր տառապում:+
26 Նա զանազան բուժումներ էր ստացել տարբեր բժիշկներից և այդ պատճառով շատ էր տանջվել, ծախսել էր իր բոլոր միջոցները, բայց նրա վիճակը չէր բարելավվել, հակառակը՝ ավելի էր վատացել:
27 Այդ կինը լսել էր Հիսուսի մասին, ուստի եկավ, ամբոխի մեջ հետևից մոտեցավ նրան ու դիպավ նրա վերնահագուստին:+
28 Նա ասում էր. «Թեկուզ նրա վերնահագուստին էլ դիպչեմ, կլավանամ»:+
29 Եվ հենց այդ պահին արյունահոսությունը դադարեց, ու նա զգաց, որ բուժվեց իր հիվանդությունից:
30 Հիսուսն անմիջապես զգաց, որ իրենից ուժ դուրս եկավ,+ և հետ շրջվելով՝ հարցրեց. «Ո՞վ դիպավ իմ վերնահագուստին»:+
31 Նրա աշակերտներն ասացին. «Տեսնում ես՝ ամբոխը ամեն կողմից սեղմում է քեզ: Էլ ինչո՞ւ ես հարցնում. «Ո՞վ դիպավ ինձ»»:
32 Սակայն նա շուրջն էր նայում, որ տեսնի՝ ով էր դիպչողը:
33 Կինը, ով զգացել էր, որ բուժվել է, վախից դողալով՝ մոտեցավ Հիսուսին և ծնկի գալով նրա առաջ՝ պատմեց ողջ ճշմարտությունը:
34 Նա էլ ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ: Գնա խաղաղությամբ,+ և թող այդ ծանր հիվանդությունն այլևս չտանջի քեզ»:+
35 Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովարանի պետի մոտ մարդիկ եկան նրա տնից ու ասացին. «Աղջիկդ մահացել է: Էլ կարիք չկա նեղություն տալ Ուսուցչին»:+
36 Լսելով, թե նրանք ինչ ասացին՝ Հիսուսը ժողովարանի պետին ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»:+
37 Եվ իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին՝ գնաց: Ուրիշ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ:+
38 Երբ հասան ժողովարանի պետի տուն, այնտեղ իրարանցում էր. մարդիկ լացուկոծ էին անում ու բարձր ձայնով ողբում:+
39 Հիսուսը ներս մտավ ու ասաց. «Այս ի՞նչ իրարանցում է: Ինչո՞ւ եք լացում: Երեխան չի մահացել, նա քնած է»:+
40 Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: Բայց բոլորին դուրս հանելուց հետո նա իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը և հետը եկած աշակերտներին ու մտավ այնտեղ, որտեղ պառկած էր երեխան:
41 Բռնելով նրա ձեռքը՝ Հիսուսն ասաց՝ «Տալիթա՛, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կս, ասում եմ քեզ՝ վե՛ր կաց»:+
42 Հենց այդ պահին աղջիկը (նա 12 տարեկան էր) վեր կացավ ու սկսեց քայլել: Նրա ծնողները ուրախությունից գլուխները կորցրել էին:
43 Հիսուսը նրանց խստիվ* պատվիրեց ոչ ոքի չպատմել այդ մասին+ և ասաց, որ աղջկան ուտելու բան տան:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «անմաքուր»:
^ Բռց.՝ «տանջի»:
^ Բռց.՝ «Անմաքուր»:
^ Տես հավելված Ա5:
^ Սա տասը քաղաքներից բաղկացած շրջան էր:
^ Կամ՝ «մի քանի անգամ»: