Մարկոս 14։1-72
-
Քահանաները ծրագրում են սպանել Հիսուսին (1, 2)
-
Մի կին անուշահոտ յուղ է լցնում Հիսուսի գլխին (3-9)
-
Հուդան մատնում է Հիսուսին (10, 11)
-
Վերջին Պասեքը (12-21)
-
Տիրոջ ընթրիքը (22-26)
-
Հիսուսն ասում է, որ Պետրոսն ուրանալու է իրեն (27-31)
-
Հիսուսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում (32-42)
-
Հիսուսին ձերբակալում են (43-52)
-
Հիսուսը կանգնում է Սինեդրիոնի առաջ՝ դատվելու (53-65)
-
Պետրոսը ուրանում է Հիսուսին (66-72)
14 Երկու օր հետո+ Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը:+ Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* հնար էին փնտրում, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն,+
2 սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որովհետև միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»:
3 Երբ Հիսուսը Բեթանիայում էր և ընթրում էր Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից, մի կին եկավ՝ ձեռքին ալաբաստրե* սրվակ, որը լի էր նարդոսի շատ թանկարժեք, մաքուր, անուշահոտ յուղով: Սրվակի գլխիկը կոտրելով՝ նա յուղը լցրեց Հիսուսի գլխին:+
4 Սակայն ոմանք վրդովված իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար այդպես վատնվեց այդ անուշահոտ յուղը:
5 Այն կարելի էր վաճառել ավելի քան 300 դինարով* և փողը աղքատներին տալ»: Ու նրանք շատ զայրացան կնոջ վրա:*
6 Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք այս կնոջը: Ինչո՞ւ եք նրան վատ դրության մեջ դնում: Նա լավ բան արեց իմ հանդեպ:+
7 Աղքատները միշտ ձեզ հետ են,+ և երբ էլ ուզեք, կարող եք բարիք անել նրանց, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+
8 Նա իր ձեռքից եկածն արեց. անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ մարմինս նախօրոք պատրաստեց թաղման:+
9 Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի,+ այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+
10 Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց ավագ քահանաների մոտ, որ Հիսուսին մատնի:+
11 Հուդայի առաջարկը լսելով՝ նրանք շատ ուրախացան ու խոստացան փող* տալ նրան:+ Եվ նա սկսեց հարմար առիթ փնտրել, որ մատնի Հիսուսին:
12 Անթթխմոր հացերի տոնի+ առաջին օրը, երբ սովորաբար Պասեքի զոհն+ էր մատուցվում, Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Որտե՞ղ ես ուզում՝ գնանք ու քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+
13 Նա էլ իր աշակերտներից երկուսին ուղարկեց և ասաց. «Գնացեք քաղաք, այնտեղ ձեզ կդիմավորի ջրի սափոր տանող մի մարդ: Նրա հետ գնացեք+
14 և, որ տուն որ նա մտնի, այդ տան տիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Ցույց տուր այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ կարող եմ ուտել Պասեքի ընթրիքը»»:
15 Նա կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ, որտեղ կա անհրաժեշտ ամեն բան. այնտեղ ընթրիքի պատրաստություն տեսեք մեզ համար»:
16 Աշակերտները գնացին քաղաք, և ամեն ինչ Հիսուսի ասածով եղավ: Այդպիսով՝ նրանք պատրաստություն տեսան Պասեքի համար:
17 Երեկոյան Հիսուսը 12 առաքյալների հետ եկավ:+
18 Ու երբ նրանք սեղանի շուրջ թիկնած ուտում էին, Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ՝ այստեղ ինձ հետ հաց ուտողներից մեկը»:+
19 Վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին. «Մի՞թե ես եմ»:
20 Նա էլ ասաց. «Տասներկուսիցդ մեկն է՝ իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախողը:+
21 Մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+
22 Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնեց և մասերի բաժանելով՝ տվեց նրանց ու ասաց. «Վերցրեք, սա խորհրդանշում է իմ մարմինը»:+
23 Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց, ու բոլորը խմեցին դրանից:+
24 Նա ասաց. «Սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար:+
25 Հաստատ ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ Աստծու թագավորության մեջ»:
26 Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+
27 Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին,+ և ոչխարները կցրվեն»:+
28 Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+
29 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ լքեն քեզ, ես չեմ լքի»:+
30 Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+
31 Բայց Պետրոսն իր ասածն էր պնդում. «Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»: Մյուսներն էլ էին նույնը ասում:+
32 Նրանք գնացին Գեթսեմանի կոչվող վայրը: Հիսուսն աշակերտներին ասաց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+
33 Նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին:+ Նրան սկսել էին համակել մտատանջություններն ու տագնապի ուժգին զգացումը:
34 Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ,+ մահու չափ: Մնացեք այստեղ և արթուն եղեք»:+
35 Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել, որ եթե հնարավոր է, այդ ծանր պահը վրա չհասնի:
36 Նա ասում էր. «Աբբա՛,* Հա՛յր,+ քեզ համար ամեն ինչ հնարավոր է. հեռացրու այս բաժակն ինձանից: Այդուհանդերձ, թող ոչ թե իմ ուզածը լինի, այլ քո ուզածը»:+
37 Վերադառնալով՝ տեսավ, որ աշակերտները քնած են, և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես: Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու:+
38 Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+
39 Եվ նորից գնաց ու աղոթեց՝ նույն բանը խնդրելով:+
40 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: Աշակերտները չգիտեին՝ ինչ պատասխան տան նրան:
41 Երրորդ անգամ էլ հետ եկավ ու ասաց նրանց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Բավակա՛ն է: Եկել է ժամը.+ ահա մարդու Որդին մատնվում է մեղսագործների ձեռքը:
42 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»:+
43 Հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների, Օրենքի ուսուցիչների և երեցների կողմից ուղարկված մի ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+
44 Մատնիչը պայմանավորվել էր նշան տալ նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է: Նրան կձերբակալեք ու հսկողության տակ կտանեք»:
45 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան մոտեցավ և ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան:
46 Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին:
47 Սակայն նրա կողքին կանգնածներից մեկը դուրս քաշեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+
48 Հիսուսն ասաց իր հետևից եկածներին. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու:+
49 Ամեն օր ձեզ մոտ էի՝ տաճարում ուսուցանում էի,+ և դուք չձերբակալեցիք ինձ: Բայց այս ամենը եղավ, որ սուրբ գրքերում գրվածները կատարվեն»:+
50 Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+
51 Սակայն մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա ընդամենը մի նրբահյուս կտավե հագուստ էր հագել, սկսեց մոտիկից հետևել Հիսուսին: Նրան էլ փորձեցին բռնել,
52 բայց նա թողեց իր կտավե հագուստը և մերկ* փախավ:
53 Հիսուսին տարան քահանայապետի մոտ,+ և բոլոր ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները հավաքվեցին:+
54 Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, Հիսուսի հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Այնտեղ նա նստեց սպասավորների կողքին՝ կրակի մոտ, որ տաքանա:+
55 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն, բայց ոչ մի հարմար բան չէին գտնում:+
56 Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ,+ սակայն նրանց վկայությունները չէին համընկնում:
57 Ոմանք էլ սուտ վկայություն տալով՝ ասում էին.
58 «Լսել ենք, թե ինչպես էր նա ասում. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»:+
59 Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում:
60 Հետո քահանայապետը վեր կացավ, կանգնեց նրանց առաջ ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+
61 Բայց նա լուռ մնաց ու ոչ մի պատասխան չտվեց:+ Քահանայապետը հարցրեց նրան. «Դու Քրիստո՞սն ես՝ փառաբանված Աստծու Որդին»:
62 Հիսուսը պատասխանեց. «Այո՛, և դուք կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերով»:+
63 Դա լսելով՝ քահանայապետը պատռեց իր հագուստը և ասաց. «Էլ ի՞նչ վկաներ են պետք:+
64 Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: Դե՞, ո՞րն է ձեր վճիռը»:* Բոլորն ասացին, որ նա մահվան է արժանի:+
65 Ոմանք սկսեցին թքել նրա վրա:+ Նաև երեսը ծածկելով՝ բռունցքներով հարվածում էին և ասում. «Եթե մարգարե ես, կռահիր՝ ո՞վ խփեց քեզ»: Ապա դատարանի ծառայողները ապտակներ հասցրին նրա երեսին, իսկ հետո տարան նրան:+
66 Մինչ Պետրոսը ներքևում էր՝ բակում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ+
67 և տեսնելով նրան տաքանալիս՝ սևեռուն նայեց ու ասաց. «Դու էլ էիր այդ Հիսուսի՝ այդ նազարեթցու հետ»:
68 Բայց նա հերքեց և ասաց. «Ես նրան չեմ ճանաչում: Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ գնաց դեպի մուտքը:
69 Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրա աշակերտներից»:
70 Բայց Պետրոսը դարձյալ հերքեց: Քիչ անց այնտեղ կանգնածներն էլ ասացին նրան. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»:
71 Բայց նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին խոսում եք»:
72 Եվ հենց այդ պահին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց:+ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և չկարողանալով զսպել իրեն՝ սկսեց լաց լինել:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դպիրները»:
^ Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:
^ Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «զայրացած խոսեցին կնոջ հետ», «կշտամբեցին կնոջը»:
^ Բռց.՝ «արծաթ»:
^ Կամ՝ «օրհներգեր», «սաղմոսներ»:
^ Բռց.՝ «կսայթաքեք»:
^ Եբր. կամ արամ. բառ, որով երեխաները ջերմ, բայց և հարգալից ձևով դիմում են իրենց հորը: Համարժեք է «հայրիկ» բառին:
^ Կամ՝ «կիսահագնված», «միայն վարտիքով»:
^ Հրեական բարձրագույն դատարանը:
^ Բռց.՝ «զորության», «իշխանության»:
^ Կամ՝ «Ի՞նչ կարծիքի եք»: