Ղևտական 7։1-38

  • Ցուցումներ զոհաբերությունների վերաբերյալ (1-21)

    • Հանցանքի զոհ (1-10)

    • Խաղաղության զոհ (11-21)

  • Ճարպ և արյուն ուտելու արգելքը (22-27)

  • Քահանաների բաժինը (28-36)

  • Ընծաների և զոհերի մասին օրենքի վերաբերյալ եզրափակիչ խոսքերը (37, 38)

7  «Հանցանքի զոհի մասին օրենքը սա է:+ Այդ զոհն անչափ սուրբ է: 2  Որպես հանցանքի զոհ բերված կենդանին պետք է մորթվի այնտեղ, որտեղ ողջակեզի համար բերված կենդանին են մորթում, և դրա արյունը+ պետք է շաղ տրվի զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 3  Հարկավոր է մատուցել դրա ամբողջ ճարպը՝+ ներառյալ դմակը, փորի ճարպը, 4  երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին պետք է առանձնացվի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 5  Քահանան դրանք պետք է այրի զոհասեղանի վրա որպես հրկիզվող ընծա Եհովայի համար:+ Դա հանցանքի զոհ է: 6  Դրանից կուտեն միայն այն տղամարդիկ, ովքեր ծառայում են որպես քահանա:+ Այն հարկավոր է ուտել սուրբ վայրի տարածքում: Այն անչափ սուրբ է:+ 7  Մեղքի զոհի օրենքն ու հանցանքի զոհի օրենքը նույնն են: Զոհաբերված կենդանու միսը պատկանում է այն քահանային, ով դրանով քավություն է անում:+ 8  Երբ քահանան որևէ մեկի համար ողջակեզ մատուցի, ողջակեզի համար բերված կենդանու կաշին+ պետք է քահանային պատկանի: 9  Ամեն հացի ընծա, որ թխվել է փռում, պատրաստվել է կաթսայի կամ թավայի մեջ,+ կպատկանի այն մատուցող քահանային: Դա նրանը կլինի:+ 10  Իսկ ցանկացած այլ հացի ընծա, որ թխված չէ, լինի յուղի հետ խառնած,+ թե առանց յուղի,+ պետք է հավասարապես բաժանվի Ահարոնի բոլոր որդիների միջև: 11  Եհովային մատուցվող խաղաղության զոհի+ մասին օրենքը սա է: 12  Եթե որևէ մեկը բերի այն՝ ի նշան երախտագիտության,+ ապա երախտագիտության զոհի հետ պետք է բերի յուղով պատրաստված օղակաձև անթթխմոր հացեր, վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ և օղակաձև հացեր՝ պատրաստված մանր աղացած և յուղով լավ ներծծված ալյուրից: 13  Որպես երախտագիտության նշան բերված խաղաղության զոհի հետ նա պետք է մատուցի նաև թթխմորով պատրաստված օղակաձև հացեր: 14  Այդ հացերի ամեն տեսակից նա մեկական պետք է ներկայացնի Եհովային որպես սուրբ բաժին. դրանք կպատկանեն այն քահանային, ով խաղաղության զոհերի արյունը շաղ կտա զոհասեղանի վրա:+ 15  Որպես երախտագիտության զոհ մատուցվող խաղաղության զոհի միսը հարկավոր է ուտել այն մատուցելու օրը: Դրանից ոչինչ չպետք է պահվի մինչև առավոտ:+ 16  Եթե մատուցվող խաղաղության զոհը բերվել է երդումը+ կատարելու համար կամ որպես կամավոր ընծա,+ այն հարկավոր է ուտել մատուցելու օրը: Դրանից ինչ որ մնա, կարելի է ուտել նաև հաջորդ օրը: 17  Բայց եթե զոհի մսից ինչ-որ բան մնա մինչև երրորդ օրը, այն պետք է կրակով այրվի:+ 18  Եթե երրորդ օրը որևէ մեկը ուտի այդ խաղաղության զոհի մսից, զոհը բերողը հավանության չի արժանանա: Այդ զոհն անընդունելի կհամարվի: Դա նողկալի բան է: Դրանից ուտող անձը պատասխան կտա իր հանցանքի համար:+ 19  Անմաքուր բանի դիպած միսը չպետք է ուտվի: Այն հարկավոր է կրակով այրել: Իսկ մաքուր միսը կարող է ուտել յուրաքանչյուր մաքուր մարդ: 20  Ցանկացած մարդ, ով, անմաքուր լինելով հանդերձ, ուտի Եհովային մատուցված խաղաղության զոհի մսից, պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 21  Եթե ինչ-որ մեկը դիպչի որևէ անմաքուր բանի՝ մարդուն առնչվող որևէ անմաքրության,+ անմաքուր կենդանու+ կամ անմաքուր նողկալի բանի,+ և ուտի Եհովային մատուցված խաղաղության զոհի մսից, այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից»»: 22  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 23  «Իսրայելացիներին ասա. «Դուք չպետք է ճարպ ուտեք՝+ ո՛չ ցլի, ո՛չ ոչխարի, ո՛չ էլ այծի: 24  Սատկած կամ հոշոտված կենդանու ճարպը կարող է գործածվել ցանկացած այլ նպատակով, բայց այն ոչ մի դեպքում չպետք է ուտեք:+ 25  Եթե որևէ մեկը Եհովային որպես հրկիզվող ընծա մատուցած կենդանու ճարպից ուտի, պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 26  Որտեղ էլ որ բնակվելու լինեք, արյուն չուտեք՝+ ո՛չ թռչնի, ո՛չ էլ կենդանու: 27  Ով որ արյուն ուտի, պետք է վերացվի+ իր ժողովրդի միջից»»: 28  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 29  «Իսրայելացիներին ասա. «Ով որ խաղաղության զոհ է բերում Եհովային, թող իր խաղաղության զոհից մի մաս ներկայացնի որպես զոհ Եհովային:+ 30  Թող նա իր ձեռքով կենդանու կրծքամասի հետ բերի դրա ճարպը,+ որ այն մատուցվի որպես հրկիզվող ընծա Եհովային, իսկ կրծքամասը նա պետք է տարուբերի և այդպիսով երերացնելու ընծա+ մատուցի Եհովային: 31  Ճարպը քահանան կայրի զոհասեղանի վրա,+ իսկ կրծքամասը կպատկանի Ահարոնին ու նրա որդիներին:+ 32  Ձեր խաղաղության զոհերից կենդանու աջ ոտքը պետք է քահանային տաք որպես սուրբ բաժին:+ 33  Աջ ոտքը կպատկանի Ահարոնի այն որդուն, ով կմատուցի խաղաղության զոհերի արյունն ու ճարպը:+ 34  Իսրայելացիների խաղաղության զոհերից կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը, որը սուրբ բաժին է, ես տալիս եմ Ահարոն քահանային ու նրա որդիներին: Սա մնայուն կանոն է իսրայելացիների համար:+ 35  Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից սա է այն բաժինը, որ պետք է առանձնացվի քահանաների՝ Ահարոնի ու նրա որդիների համար: Այն նրանց է պատկանում՝ սկսած այն օրվանից, երբ նրանք օծվեցին՝ ծառայելու որպես Եհովայի քահանաներ:+ 36  Քահանաների օծվելու+ օրը Եհովան պատվիրեց, որ իսրայելացիներն այդ բաժինը նրանց տան: Սա մնայուն կանոն է իսրայելացիների ու նրանց սերունդների համար»»: 37  Սա է ողջակեզի,+ հացի ընծայի,+ մեղքի զոհի,+ հանցանքի զոհի,+ քահանաների նշանակման զոհի+ և խաղաղության զոհի+ մասին օրենքը, 38  որ Եհովան տվեց Մովսեսին Սինա լեռան վրա+ այն օրը, երբ Մովսեսը Սինա անապատում իսրայելացիներին պատվիրեց իրենց ընծաները բերել Եհովային:+

Ծանոթագրություններ