Ղևտական 4։1-35

  • Մեղքի զոհեր (1-35)

4  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2  «Իսրայելացիներին ասա. «Ահա թե ինչ է հարկավոր անել, եթե որևէ մեկը ոչ միտումնավոր մեղք գործի՝+ անելով մի բան, ինչը Եհովան պատվիրել է չանել: 3  Եթե օծված քահանան*+ մեղք գործի+ և ժողովրդին հանցավոր դարձնի, իր գործած մեղքի համար պետք է անարատ մատղաշ ցուլ մատուցի Եհովային որպես մեղքի զոհ:+ 4  Ցուլը պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ+ և ներկայացնի Եհովայի առաջ: Նա պետք է իր ձեռքը դնի ցլի գլխին ու Եհովայի առաջ մորթի այն:+ 5  Օծված քահանան+ պետք է վերցնի ցլի արյունից ու տանի հանդիպման վրան: 6  Հետո քահանան իր մատը պետք է թաթախի արյան մեջ+ ու Եհովայի առաջ ցողի սուրբ վայրի վարագույրի դիմաց* և այդպես՝ յոթ անգամ:+ 7  Քահանան ցլի արյան մի մասը պետք է քսի անուշաբույր խնկի սեղանի եղջյուրներին,+ որը Եհովայի առաջ է՝ հանդիպման վրանում, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ,+ որը հանդիպման վրանի մուտքի դիմաց է: 8  Հետո նա պետք է առանձնացնի որպես մեղքի զոհ մատուցվող ցլի ողջ ճարպը՝ ներառյալ փորի ճարպը, աղիքները պատող ճարպը, 9  երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 10  Այսինքն՝ պետք է առանձնացվեն այն նույն մասերը, որոնք որպես խաղաղության զոհ+ մատուցվող ցլից են առանձնացվում: Քահանան այդ ամենը պետք է այրի ողջակեզի զոհասեղանի վրա: 11  Իսկ ցլի կաշին և ամբողջ միսը, ինչպես նաև գլուխը, սրունքները, աղիքները և աղիքների պարունակությունը,+ 12  այսինքն՝ այն ամենը, ինչ կմնա ցլից, նա պետք է տանի ճամբարից դուրս՝ մի մաքուր տեղ, որտեղ մոխիրն* են թափում, և փայտերի վրա դնելով՝ այրի:+ Այդ ամենը պետք է այրվի այնտեղ, որտեղ մոխիրն են թափում: 13  Եթե Իսրայելի ողջ ժողովուրդը, ոչ միտումնավոր մեղք գործելով, հանցավոր դառնա,+ և ժողովը* տեղյակ չլինի, որ նրանք արել են մի բան, ինչը Եհովան պատվիրել է չանել,+ 14  իսկ հետո մեղքը բացահայտվի, ժողովը պետք է մատղաշ ցուլ մատուցի որպես մեղքի զոհ. այն պետք է բերի հանդիպման վրանի առաջ: 15  Ժողովրդի երեցները Եհովայի առաջ իրենց ձեռքերը պետք է դնեն ցլի գլխին, և ցուլը պետք է մորթվի Եհովայի առաջ: 16  Հետո օծված քահանան ցլի արյան մի մասը պետք է տանի հանդիպման վրան: 17  Քահանան իր մատը պետք է թաթախի արյան մեջ ու Եհովայի առաջ արյունը ցողի վարագույրի դիմաց+ և այդպես՝ յոթ անգամ: 18  Արյան մի մասը նա պետք է քսի խնկարկության սեղանի+ եղջյուրներին, որը Եհովայի առաջ է՝ հանդիպման վրանում, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ, որը հանդիպման վրանի մուտքի դիմաց է:+ 19  Նա պետք է առանձնացնի դրա ողջ ճարպը և այրի զոհասեղանի վրա:+ 20  Այս ցուլը քահանան պետք է մատուցի նույն ձևով, ինչպես այն ցուլը, որը նա մատուցում է որպես իր մեղքի զոհ. այդպես պետք է մատուցի այն: Նա ժողովրդի համար քավություն կանի,+ ու ժողովուրդը կներվի: 21  Այն, ինչ կմնա ցլից, նա պետք է տանի ճամբարից դուրս և այրի, ինչպես որ արել էր առաջին ցլի դեպքում:+ Դա մեղքի զոհ է ժողովրդի համար:+ 22  Եթե ժողովրդի գլխավորներից+ մեկը ոչ միտումնավոր մեղք գործի՝ անելով մի բան, ինչը նրա Աստված Եհովան պատվիրել է չանել, և այդպիսով հանցավոր դառնա, 23  կամ եթե նրան տեղեկացնեն մի մեղքի մասին, որ նա անգիտակցաբար է գործել՝ խախտելով պատվիրաններից մեկը, ապա նա պետք է անարատ արու ուլ բերի որպես զոհ: 24  Իր ձեռքը պետք է դնի ուլի գլխին և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի կենդանիներին են մորթում Եհովայի առաջ:+ Դա մեղքի զոհ է: 25  Քահանան պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյան մի մասը և մատը թաթախելով՝ քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին,+ իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ:+ 26  Քահանան դրա ողջ ճարպը պետք է այրի զոհասեղանի վրա, ինչպես խաղաղության զոհի ճարպը:+ Քահանան քավություն կանի նրա մեղքի համար, և նա կներվի: 27  Եթե ժողովրդի միջից որևէ մեկը ոչ միտումնավոր մեղք գործի և հանցավոր դառնա՝ անելով մի բան, ինչը Եհովան պատվիրել է չանել,+ 28  կամ եթե նրան տեղեկացնեն մի մեղքի մասին, որ նա անգիտակցաբար է գործել, պետք է իր գործած մեղքի դիմաց անարատ էգ ուլ բերի որպես զոհ: 29  Նա իր ձեռքը պետք է դնի որպես մեղքի զոհ բերված կենդանու գլխին և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի համար նախատեսված կենդանիներին են մորթում:+ 30  Քահանան պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյան մի մասը և մատը թաթախելով՝ քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ:+ 31  Քահանան պետք է առանձնացնի դրա ողջ ճարպը,+ ինչպես որ առանձնացվում է խաղաղության զոհի ճարպը,+ և պետք է այն այրի զոհասեղանի վրա, որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը: Քահանան քավություն կանի մեղք գործողի համար, և նա կներվի: 32  Եթե մեղք գործողը որպես մեղքի զոհ գառ բերելու լինի, թող անարատ էգ գառ բերի: 33  Նա իր ձեռքը պետք է դնի մեղքի զոհի համար բերված կենդանու գլխին և մորթի այնտեղ, որտեղ ողջակեզի համար նախատեսված կենդանիներին են մորթում:+ 34  Քահանան պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյան մի մասը և մատը թաթախելով՝ քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը պետք է լցնի ողջակեզի զոհասեղանի հիմքի մոտ:+ 35  Քահանան պետք է առանձնացնի դրա ողջ ճարպը, ինչպես որ առանձնացվում է որպես խաղաղության զոհ մատուցվող արու գառան ճարպը, և պետք է այն այրի զոհասեղանի վրա՝ դնելով Եհովային մատուցված հրկիզվող զոհերի վրա:+ Քահանան քավություն կանի նրա գործած մեղքի համար, և նա կներվի»:+

Ծանոթագրություններ

^ Խոսքը քահանայապետի մասին է:
^ Այսինքն՝ խորանի Սրբություն բաժանմունքում:
^ Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
^ Հնարավոր է՝ խոսքը ժողովը ներկայացնող երեցների մասին է:
^ Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»: