Ղևտական 23։1-44
23 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եհովայի սահմանած տոները,+ որ պետք է նշեք* տարվա տարբեր եղանակներին, սուրբ հավաքույթներ են: Պետք է նշեք իմ տոները:+
3 Վեց օր կարող եք աշխատել, բայց յոթերորդ օրը Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր,+ սուրբ հավաքույթի օր: Ոչ մի գործ չանեք: Այն պետք է լինի Եհովային նվիրված Շաբաթ, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:+
4 Սրանք են Եհովայի սահմանած տոները: Դրանք սուրբ հավաքույթներ են, որոնց մասին պետք է ազդարարեք, երբ գա դրանց նշանակված ժամանակը:
5 Առաջին ամսվա 14-րդ օրը+ Պասեք+ է Եհովայի պատվին, որը պետք է սկսեք նշել մթնշաղին:*
6 Այդ ամսվա 15-րդ օրը Անթթխմոր հացերի տոնն է Եհովայի պատվին:+ Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք:+
7 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի ձեզ համար:+ Այդ օրը չպետք է դրսի գործ անեք:*
8 Յոթ օր հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Յոթերորդ օրը սուրբ հավաքույթ կլինի. այդ օրը նույնպես չպետք է դրսի գործ անեք»»:
9 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
10 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Երբ գնաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և դրա բերքը հնձեք, ձեր առաջին բերքից+ մի խուրձ բերեք քահանայի մոտ:+
11 Նա Եհովայի առաջ կերերացնի խուրձը, որ դուք նրա հավանությանն արժանանաք: Քահանան դա պետք է անի Շաբաթին հաջորդող օրը:
12 Ձեր խուրձը երերացնելու օրը պետք է մինչև մեկ տարեկան անարատ արու գառ մատուցեք Եհովային որպես ողջակեզ:
13 Դրա հետ պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա՝ որպես հրկիզվող ընծա Եհովային, որի բուրմունքը հաճելի է* նրան: Իսկ որպես ըմպելիքի ընծա պետք է մատուցվի մեկ քառորդ հիմեն* գինի:
14 Մինչև ձեր Աստծուն ընծա չմատուցեք, չպետք է ուտեք նոր բերքի հացահատիկից, դրանից պատրաստված հաց կամ բոված հացահատիկ: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:
15 Շաբաթի հաջորդ օրվանից սկսած՝ այն օրվանից, երբ խուրձը բերեք որպես երերացնելու ընծա, պետք է հաշվեք յոթ շաբաթ:+ Դրանք պետք է ամբողջական շաբաթներ լինեն:
16 Յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը, այսինքն՝ 50-րդ օրը,+ նոր հացահատիկից ևս մեկ հացի ընծա մատուցեք Եհովային:+
17 Ձեր բնակատեղերից որպես երերացնելու ընծա պետք է երկու հաց բերեք: Դրանք պետք է պատրաստված լինեն երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուրից: Դրանք հարկավոր է թթխմորով թխել+ և մատուցել Եհովային որպես ընծա առաջին բերքից:+
18 Հացերի հետ պետք է մատուցեք յոթ անարատ արու գառ, յուրաքանչյուրը՝ մեկ տարեկան, նաև մեկ մատղաշ ցուլ ու երկու արու ոչխար:+ Հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ միասին դրանք պետք է մատուցվեն Եհովային որպես ողջակեզ՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:
19 Որպես մեղքի զոհ պետք է մատուցեք մեկ ուլ+ և որպես խաղաղության զոհ՝ երկու արու գառ, յուրաքանչյուրը՝ մեկ տարեկան:+
20 Քահանան պետք է Եհովայի առաջ երկու արու գառները հացահատիկի առաջին բերքից պատրաստված հացերի հետ միասին տարուբերի որպես երերացնելու ընծա: Դրանք Եհովային տրվող սուրբ ընծա են և պետք է քահանային պատկանեն:+
21 Այդ օրը հայտարարեք,+ որ սուրբ հավաքույթ է: Այդ օրը չպետք է դրսի գործ անեք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:
22 Երբ երկրի բերքը հնձելու լինեք, արտն ամբողջությամբ՝ մինչև եզրերը, չհնձեք և բերքի մնացորդները չհավաքեք:+ Դրանք աղքատի+ ու պանդուխտի+ համար թողեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:
23 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
24 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Յոթերորդ ամսվա առաջին օրը պետք է հանգստի հատուկ օր լինի ձեզ համար: Այդ օրը շեփոր կհնչեցվի+ որպես հիշեցում սուրբ հավաքույթի մասին:
25 Դուք չպետք է դրսի գործ անեք և պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային»»:
26 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
27 «Իսկ յոթերորդ ամսվա տասներորդ օրը Քավության օրն է:+ Սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար: Դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ*+ և հրկիզվող ընծա մատուցեք Եհովային:
28 Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է, երբ ձեր Աստված Եհովայի առաջ քավություն պետք է արվի ձեզ համար:+
29 Ցանկացած մարդ, ով այդ օրը չզրկի իրեն որոշ բաներից,* պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+
30 Եթե որևէ մեկը ինչ-որ գործ անի այդ օրը, ապա ես կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից:
31 Ոչ մի գործ չանեք: Սա ձեզ համար մնայուն կանոն է, որ սերնդեսերունդ պետք է պահեք, որտեղ էլ որ բնակվելիս լինեք:
32 Դա Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր ձեզ համար, և այդ ամսվա իններորդ օրը՝ երեկոյան, դուք պետք է որոշ բաներից զրկեք ձեզ:+ Այդ երեկոյից մինչև մյուս երեկո պահեք ձեր Շաբաթը»:
33 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
34 «Իսրայելացիներին ասա. «Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ յոթ օր Տաղավարների* տոնը պետք է նշեք Եհովայի պատվին:+
35 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի: Այդ օրը դուք չպետք է դրսի գործ անեք:
36 Յոթ օր պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային: Ութերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար,+ և դուք հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Դա հանդիսավոր հավաքույթի օր է. ոչ մի դրսի գործ չպետք է անեք:
37 Սրանք են Եհովայի սահմանած տոները,+ որ պետք է նշեք:* Դրանք սուրբ հավաքույթներ+ են, որոնց ժամանակ պետք է Եհովային հրկիզվող ընծա մատուցեք. ողջակեզ՝+ հացի ընծայի+ ու ըմպելիքի ընծայի+ հետ միասին՝ ըստ յուրաքանչյուր օրվա ընթացակարգի:
38 Սրանք պետք է մատուցեք ի հավելումն այն ամենի, ինչ բերում եք Եհովայի Շաբաթների+ ժամանակ, նաև ի հավելումն ձեր նվերների,+ երդման համաձայն մատուցվող ընծաների+ և Եհովային տրվող ձեր բոլոր կամավոր ընծաների:+
39 Յոթերորդ ամսվա 15-րդ օրը, երբ երկրի բերքը հավաքած լինեք, յոթ օր պետք է նշեք Եհովային նվիրված տոնը:+ Առաջին օրը հանգստի հատուկ օր պետք է լինի, ութերորդ օրը նույնպես պետք է հանգստի հատուկ օր լինի:+
40 Առաջին օրը պետք է վերցնեք ամենալավ ծառերի պտուղներից, նաև արմավենու,+ տերևախիտ ծառերի ու գետահովտում* աճող բարդիների ճյուղեր և յոթ օր+ պետք է ուրախանաք ձեր Աստված Եհովայի առաջ:+
41 Ամեն տարի յոթ օր պետք է նշեք այն որպես Եհովային նվիրված տոն:+ Այն տոնեք յոթերորդ ամսում: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար:
42 Յոթ օր տաղավարներում պետք է ապրեք:+ Բոլոր իսրայելացիները պետք է տաղավարներում ապրեն,
43 որպեսզի ձեր գալիք սերունդները իմանան,+ որ երբ իսրայելացիներին հանեցի Եգիպտոսից, նրանց տաղավարներում բնակեցրի:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:
44 Եվ Մովսեսը Եհովայի տոների մասին պատվերները հաղորդեց իսրայելացիներին:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «որոնց մասին պետք է հայտարարեք»:
^ Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
^ Սա վերաբերում էր աշխատատար գործերին, առևտրային կամ այլ գործարքներին, սակայն կերակուր եփելը, տոնին պատրաստվելը և այլ առօրյա անհրաժեշտ գործերն արգելված չէին:
^ Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Մոտ 4,4 լ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 4,4 լ:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների:
^ Կամ հնարավոր է՝ «ծոմ չպահի»:
^ Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
^ Կամ՝ «որոնց մասին պետք է հայտարարեք»:

