Ղևտական 15։1-33

  • Անմաքուր արտահոսումներ սեռական օրգաններից (1-33)

15  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.  «Խոսեք ժողովրդի հետ ու ասեք. «Եթե որևէ տղամարդու սեռական օրգանից արտահոսում լինի, ապա այդ արտահոսումը նրան անմաքուր կդարձնի:+  Նա անմաքուր կլինի այդ արտահոսման պատճառով՝ անկախ նրանից՝ արտադրությունը շարունակում է դուրս գալ սեռական օրգանից, թե սեռական օրգանի խցանում է առաջացնում:  Ցանկացած անկողին, որի վրա արտահոսում ունեցողը պառկի, անմաքուր կլինի, և ցանկացած առարկա, որի վրա նա նստի, անմաքուր կլինի:  Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստը ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի:+  Ով որ նստի այն առարկայի վրա, որի վրա նստել է արտահոսում ունեցողը, պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի:  Ով որ դիպչի արտահոսում ունեցողի մարմնին, պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի:  Եթե արտահոսում ունեցողի թուքն ընկնի* որևէ մաքուր մարդու վրա, ապա վերջինս պետք է լվանա իր հագուստը ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի:  Ցանկացած թամբ, որի վրա նստի արտահոսում ունեցողը, անմաքուր կլինի: 10  Ով որ դիպչի նրա տակ եղած որևէ իրի, մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ տեղափոխի այդ իրը, պետք է լվանա իր հագուստն ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի: 11  Եթե արտահոսում+ ունեցողը առանց ձեռքերը ջրով լվանալու դիպչի որևէ մեկի, այդ մարդը պետք է լվանա իր հագուստն ու լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 12  Եթե արտահոսում ունեցողը դիպչի կավե անոթի, այն պետք է կոտրվի, իսկ եթե դիպչի փայտե անոթի, այն պետք է ջրով լվացվի:+ 13  Երբ արտահոսումը դադարի, և մարդը բուժվի, այդ ժամանակվանից պետք է հաշվի յոթ օր իր մաքրման համար: Այնուհետև պետք է լվանա իր հագուստը, աղբյուրի ջրով լողանա և մաքուր կլինի:+ 14  Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի,+ գա Եհովայի առաջ ու հանդիպման վրանի մուտքի մոտ դրանք տա քահանային: 15  Քահանան կմատուցի դրանք. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ: Քահանան Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից: 16  Եթե որևէ տղամարդ սերմնահոսություն ունենա, պետք է լողանա. նա մինչև երեկո անմաքուր կլինի:+ 17  Ցանկացած հագուստ և ցանկացած կաշի, որի վրա սերմնահեղուկը թափվի, պետք է ջրով լվացվի. այն մինչև երեկո անմաքուր կհամարվի: 18  Երբ տղամարդը սերմնաժայթքում ունենա կնոջ հետ կենակցելիս, նրանք պետք է լողանան և մինչև երեկո անմաքուր կհամարվեն:+ 19  Երբ որևէ կին արյան արտահոսում ունենա, քանի որ իր դաշտանի ժամանակն է,+ ապա նա յոթ օր անմաքուր կլինի: Նրան դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 20  Ինչի վրա որ նա պառկի իր դաշտանի անմաքրության ընթացքում, անմաքուր կլինի, և ինչի վրա որ նա նստի, անմաքուր կլինի:+ 21  Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 22  Ով որ դիպչի որևէ իրի, ինչի վրա կինը նստել է, պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի: 23  Եթե կինը նստել է անկողնու կամ մեկ այլ բանի վրա, դրան դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի:+ 24  Եթե տղամարդը կենակցի կնոջ հետ, և այդ ժամանակ կնոջ դաշտանը սկսվի,+ ապա տղամարդը յոթ օր անմաքուր կլինի, և ցանկացած անկողին, որի վրա նա պառկի, անմաքուր կլինի: 25  Եթե կինը օրեր շարունակ արյան արտահոսում ունենա,+ բայց իր դաշտանի ժամանակը չէ,+ կամ եթե արյան արտահոսումն ավելի երկար տևի, քան սովորաբար լինում է դաշտանի ժամանակ, ապա արտահոսման բոլոր օրերին նա անմաքուր կլինի, ինչպես որ դաշտանի օրերին: 26  Ցանկացած անկողին, որի վրա նա պառկի իր արտահոսման օրերին, անմաքուր կլինի, ինչպես որ դաշտանի ժամանակ,+ և ցանկացած իր, որի վրա նա նստի, անմաքուր կդառնա, ինչպես որ դաշտանի օրերին: 27  Այդ իրերին դիպչողը անմաքուր կլինի. նա պետք է լվանա իր հագուստը, լողանա և մինչև երեկո անմաքուր կլինի:+ 28  Երբ կնոջ արյունահոսությունը դադարի, նա պետք է հաշվի յոթ օր ու դրանից հետո մաքուր կլինի:+ 29  Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի+ և դրանք բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու տա քահանային:+ 30  Քահանան մեկը կմատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, և Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից:+ 31  Այսպես դուք պետք է իսրայելացիներին հեռու պահեք անմաքրությունից, որ չպղծեն իրենց մեջ գտնվող իմ խորանը+ ու չմեռնեն: 32  Սա է օրենքը, որը վերաբերում է արտահոսում ունեցող տղամարդուն, սերմնահոսության պատճառով անմաքուր դարձած տղամարդուն,+ 33  դաշտանի օրերին անմաքուր համարվող կնոջը,+ արտահոսում ունեցող ցանկացած տղամարդու և կնոջ,+ ինչպես նաև անմաքուր կնոջ հետ կենակցող տղամարդուն»»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Եթե արտահոսում ունեցողը թքի»: