Ղևտական 10։1-20
10 Հետո Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուն,+ յուրաքանչյուրն իր կրակամանը վերցրեց, դրանց մեջ կրակ դրեց և վրան խունկ+ լցրեց: Նրանք սկսեցին Եհովայի առաջ անընդունելի կերպով խունկ ծխեցնել,+ ինչը նա չէր պատվիրել:
2 Այդ պահին Եհովայից կրակ եկավ ու սպանեց նրանց,+ և այդպես նրանք մահացան Եհովայի առաջ:+
3 Մովսեսն ասաց Ահարոնին. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինձ մոտ եկողները պետք է հիշեն, որ ես սուրբ եմ,+ և ամբողջ ժողովուրդը պետք է փառավորի ինձ»»: Ահարոնը լուռ մնաց:
4 Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Օզիելի+ որդիներին՝ Միսայելին ու Ելիսաֆանին, և ասաց. «Եկեք և ձեր եղբայրներին սուրբ վայրի առաջից տարեք ճամբարից դուրս»:
5 Նրանք եկան ու ճամբարից դուրս տարան մահացածներին՝ նրանց հագի քահանայական զգեստներով հանդերձ, ինչպես որ Մովսեսն ասել էր:
6 Ապա Մովսեսն ասաց Ահարոնին և նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր մազերն անխնամ չթողնեք և ձեր հագուստները չպատռեք,+ որ չմեռնեք, և որ Աստված չբարկանա ողջ ժողովրդի վրա: Թող ձեր եղբայրները՝ բոլոր իսրայելացիները, լացեն նրանց վրա, ում Եհովան սպանեց կրակով:
7 Հանդիպման վրանի մուտքի մոտակայքից չհեռանաք, որ չմեռնեք, քանի որ դուք օծված եք Եհովայի օծման յուղով»:+ Նրանք արեցին Մովսեսի ասածի համաձայն:
8 Հետո Եհովան ասաց Ահարոնին.
9 «Երբ մտնելու լինեք հանդիպման վրան, գինի կամ ուրիշ ոգելից խմիչք չխմեք, ո՛չ դու, ո՛չ էլ որդիներդ,+ որպեսզի չմեռնեք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար,
10 որ կարողանաք սուրբ բանը տարբերել պիղծ բանից, մաքուրը՝ անմաքուրից+
11 և իսրայելացիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որ Եհովան տվել է նրանց Մովսեսի միջոցով»:+
12 Հետո Մովսեսը խոսեց Ահարոնի ու նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ ու ասաց. «Հացի ընծայից Եհովայի համար հրկիզվող ընծա մատուցելուց հետո ինչ որ մնացել է, վերցրեք ու դրանով անթթխմոր հացեր թխեք: Այդ հացերը կերեք զոհասեղանի մոտ,+ քանի որ այն, ինչ մնացել է, անչափ սուրբ է:+
13 Այն պետք է սուրբ վայրի տարածքում ուտեք.+ Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից դա քո և քո որդիների բաժինն է: Աստված ինձ այդպես է պատվիրել:
14 Նաև կարող եք ուտել կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և աջ ոտքը, որը սուրբ բաժին է:+ Ծիսականորեն մաքուր վայրում կուտեք դրանք, ինչպես դու, այնպես էլ քո որդիներն ու աղջիկները,+ որովհետև իսրայելացիների խաղաղության զոհերից դրանք քեզ ու քո որդիներին են տրվել որպես ձեր բաժին:
15 Որպես հրկիզվող ընծա մատուցվող ճարպի հետ մեկտեղ նրանք պետք է բերեն ոտքը, որը սուրբ բաժին է, և կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա: Այդպես պետք է երերացնելու ընծա մատուցեն Եհովայի առաջ: Այդ մասերը՝ կրծքամասն ու ոտքը, քեզ ու քո որդիներին հատկացվող մշտական բաժին կլինեն,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել է»:
16 Մովսեսը հարցուփորձ արեց որպես մեղքի զոհ+ մատուցված արու այծի մսի վերաբերյալ, և պարզվեց, որ այն այրել էին: Ուստի նա բարկացավ Ահարոնի ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա ու ասաց.
17 «Ինչո՞ւ չեք կերել մեղքի զոհի համար բերված կենդանու միսը:+ Այն պետք է ուտեիք սուրբ վայրի տարածքում, քանի որ այն անչափ սուրբ է, և այն ձեզ է տրվել, որ դրանից ուտելով՝ պատասխան տաք ժողովրդի հանցանքի համար և նրանց համար քավություն անեք Եհովայի առաջ:
18 Չէ՞ որ զոհաբերված կենդանու արյունը չի տարվել սուրբ վրան:*+ Ուստի պետք է ուտեիք դրա միսը սուրբ վայրի տարածքում, ճիշտ ինչպես Աստված պատվիրել է ինձ»:
19 Այդ ժամանակ Ահարոնն ասաց Մովսեսին. «Այսօր նրանք Եհովայի առաջ մատուցեցին մեղքի զոհն ու ողջակեզը,+ իսկ հետո այդ ամենը եկավ իմ գլխին: Եվ եթե ես այսօր ուտեի մեղքի զոհից, մի՞թե դա հաճելի կլիներ Եհովային»:
20 Այդ պատասխանը գոհացրեց Մովսեսին:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «սուրբ վայր»: