Ղևտական 1։1-17
-
Ողջակեզներ (1-17)
1 Եվ Եհովան հանդիպման վրանից* կանչեց Մովսեսին ու խոսեց նրա հետ՝+ ասելով.
2 «Խոսիր իսրայելացիների* հետ և ասա նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը ընտանի կենդանիներից Եհովային ընծա բերելու լինի, թող խոշոր և մանր եղջերավոր անասուններից բերի:+
3 Եթե նրա ընծան խոշոր եղջերավոր անասուններից մատուցվող ողջակեզ է, ապա թող անարատ արու բերի:+ Նա պետք է այն հոժար սրտով+ բերի Եհովայի առաջ հանդիպման վրանի* մուտքի մոտ:
4 Թող նա իր ձեռքը դնի ողջակեզի համար բերված այդ մատղաշ ցլի գլխին, և այն կընդունվի, ու նրա մեղքերը կքավվեն:
5 Հետո մատղաշ ցուլը պետք է մորթվի Եհովայի առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները,+ պետք է մատուցեն արյունը և այն շաղ տան հանդիպման վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի բոլոր կողապատերին:+
6 Ողջակեզի համար նախատեսված կենդանին հարկավոր է մաշկազերծել և կտոր-կտոր անել:+
7 Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է կրակ դնեն* զոհասեղանի վրա+ և վրան փայտեր շարեն:
8 Նրանք կենդանու կտրատված մասերը+ գլխի ու ճարպի* հետ միասին թող շարեն զոհասեղանին՝ այրվող փայտերի վրա:
9 Դրա փորոտիքն ու սրունքները հարկավոր է ջրով լվանալ, և քահանան այդ բոլորը պետք է այրի* զոհասեղանի վրա որպես ողջակեզ՝ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+
10 Եթե ողջակեզի համար նրա ընծան մանր եղջերավոր անասուններից է՝+ այծերից կամ մատղաշ ոչխարներից, թող կրկին անարատ արու բերի:+
11 Այն պետք է Եհովայի առաջ մորթվի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, դրա արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին:+
12 Կենդանուն հարկավոր է կտոր-կտոր անել, և քահանան կտրատված մասերը գլխի ու ճարպի* հետ միասին պետք է շարի զոհասեղանին՝ այրվող փայտերի վրա:
13 Դրա փորոտիքն ու սրունքները հարկավոր է ջրով լվանալ, և քահանան պետք է այդ ամենը մատուցի ու այրի զոհասեղանի վրա: Դա ողջակեզ է՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:
14 Սակայն եթե նա որպես ողջակեզ թռչուն է մատուցում Եհովային, ապա իր ընծան պետք է տատրակներից կամ մատղաշ աղավնիներից լինի:+
15 Քահանան թռչունը պետք է բերի զոհասեղանի մոտ, կտրվածք անի վզի վրա,* ապա այրի զոհասեղանի վրա: Բայց մինչ այդ դրա արյունը պետք է քամվի զոհասեղանի կողապատի վրա:
16 Նա պետք է հեռացնի քարաճիկն ու փետուրները և գցի զոհասեղանի կողքը՝ արևելյան կողմում՝ այնտեղ, որտեղ մոխիրն* են լցնում:+
17 Նա պետք է մեջտեղից՝ երկու թևերի արանքից, պատռի թռչնին՝ առանց երկու կես անելու: Հետո քահանան այն պետք է այրի զոհասեղանի վրա՝ դնելով այրվող փայտերի վրա: Դա ողջակեզ է՝ հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «խորանից»:
^ Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
^ Կամ՝ «խորանի»:
^ Հավանաբար, խոսքը այրվող ածուխների մասին է:
^ Կամ՝ «երիկամների վրայի ճարպի»:
^ Բռց.՝ «ծխեցնի»:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Կամ՝ «երիկամների վրայի ճարպի»:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Այսինքն՝ եղունգներով կսմթելով կտրվածք էր արվում, բայց պարտադիր չէր գլուխն ամբողջությամբ պոկել:
^ Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

