Ղուկաս 24։1-53
24 Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, կանայք եկան գերեզման և բերեցին իրենց նախապատրաստած հոտավետ բուսանյութերը:+
2 Բայց տեսան, որ քարը գերեզմանի մուտքից մի կողմ է գլորված,+
3 ու երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան:+
4 Մինչ նրանք տարակուսանքի մեջ էին, լուսափայլ հագուստներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին:
5 Կանայք վախեցան ու չէին համարձակվում նայել նրանց: Իսկ այդ մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մահացածների մեջ փնտրում:+
6 Նա այստեղ չէ. հարություն է առել: Չե՞ք հիշում՝ ինչ ասաց ձեզ, երբ դեռ Գալիլեայում էր:
7 Չէր ասո՞ւմ, որ մարդու Որդին պետք է մեղսագործների ձեռքը մատնվի, սյան վրա մահապատժի ենթարկվի և երրորդ օրը հարություն առնի»:+
8 Այդ ժամանակ կանայք հիշեցին Հիսուսի ասածները:+
9 Գերեզմանից վերադառնալով՝ նրանք այդ ամենի մասին պատմեցին 11 առաքյալներին և մյուս բոլորին:+
10 Եղելությունը առաքյալներին հայտնողներն էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը և նրանց հետ եղող մյուս կանայք:
11 Սակայն առաքյալներն ու մյուսները չէին հավատում կանանց, քանի որ նրանց ասածները անհեթեթություն էին թվում:
12 Պետրոսն էլ վեր կացավ ու վազեց դեպի գերեզման: Տեղ հասնելով՝ կռացավ ու ներս նայեց, բայց միայն կտավե կտորները տեսավ: Եվ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել՝ մտամոլոր հեռացավ:
13 Հենց այդ օրը աշակերտներից երկուսը Երուսաղեմից մոտ 11 կիլոմետր* հեռու գտնվող Էմմաուս գյուղ գնալու ճանապարհին
14 իրար հետ զրուցում էին տեղի ունեցած դեպքերի մասին:
15 Մինչ նրանք զրուցում էին ու քննարկում այդ ամենը, Հիսուսը մոտեցավ և սկսեց քայլել նրանց հետ,
16 բայց նրանք չճանաչեցին Հիսուսին:+
17 Նա ասաց. «Այդ ի՞նչ եք այդպես բուռն քննարկում»: Աշակերտները կանգ առան: Նրանց դեմքը տխուր էր:
18 Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց. «Ի՞նչ է, դու տեղացի չե՞ս, Երուսաղեմում մեկուսացա՞ծ ես ապրում, որ չգիտես,* թե ինչ է կատարվել այնտեղ այս օրերին»:
19 Նա էլ հարցրեց. «Ի՞նչ»: Նրանք ասացին. «Նազարեթցի Հիսուսի+ հետ պատահածը: Նա զորավոր մարգարե էր, ինչը ակնհայտ էր Աստծու և մարդկանց առաջ նրա արած գործերից ու ասած խոսքերից:+
20 Մինչդեռ մեր ավագ քահանաների և մյուս ազդեցիկ մարդկանց սադրանքով նրան մահվան դատապարտեցին+ ու սյանը գամեցին:
21 Իսկ մենք հույս ունեինք, թե հենց նա էր այն մարդը, ով պետք է ազատեր Իսրայելին:+ Եվ այդ դեպքերից հետո սա արդեն երրորդ օրն է:
22 Ու դեռ մի բան էլ մեր միջից մի քանի կանայք իրենց հայտնած տեղեկություններով զարմացրին մեզ: Նրանք վաղ առավոտյան գերեզման էին գնացել,+
23 բայց նրա մարմինը չէին գտել: Եվ եկել մեզ պատմում էին, թե այնտեղ արտասովոր բան էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասել էին, թե նա ողջ է:
24 Ուստի մեզնից ոմանք գնացին գերեզման+ ու տեսան, որ այն դատարկ է, ինչպես որ պատմել էին կանայք, բայց Հիսուսին էլ չտեսան»:
25 Նա ասաց նրանց. «Ո՜վ անմիտներ, որ դժվարանում եք* հավատալ մարգարեների բոլոր ասածներին:
26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այդ չարչարանքները+ և հետո փառավորվեր»:+
27 Եվ սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից՝+ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ իր մասին գրված էր բոլոր Գրքերում:
28 Վերջապես նրանք մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, և Հիսուսը ձևացրեց, թե շարունակում է իր ճանապարհը:
29 Բայց աշակերտները սկսեցին համոզել, որ չգնա՝ ասելով. «Մնա մեզ հետ. արդեն ուշ է, և շուտով կմթնի»: Նա էլ գնաց նրանց հետ:
30 Երբ սեղան էին նստել, Հիսուսը վերցրեց հացը, աղոթեց,* մասերի բաժանեց այն ու տվեց նրանց:+
31 Հենց այդ պահին նրանք ամեն ինչ հասկացան և ճանաչեցին նրան, բայց նա անհետացավ:+
32 Աշակերտներն իրար ասում էին. «Իզուր չէր, որ մեր սրտերը վառվում էին ոգևորությունից, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ ու հստակ բացատրում* սուրբ գրքերը»:
33 Եվ նրանք անմիջապես վեր կացան, հետ գնացին Երուսաղեմ և այնտեղ տեսան 11 առաքյալներին ու մյուս աշակերտներին՝ միասին հավաքված:
34 Վերջիններս ասացին. «Տերն իրոք հարություն է առել, նա երևացել է Սիմոնին»:+
35 Երկու աշակերտներն էլ պատմեցին ճանապարհին պատահածը և թե ինչպես էին ճանաչել նրան, երբ նա հացը մասերի էր բաժանել:+
36 Մինչ խոսում էին այդ ամենի մասին, հենց ինքը՝ Հիսուսը, հայտնվեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+
37 Նրանք կարծեցին, թե տեսիլք* են տեսնում, և վախի ու սարսափի մեջ ընկան:
38 Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես տագնապած, և ինչո՞ւ է ձեր սիրտը կասկած ընկել:
39 Նայեք իմ ձեռքերին ու ոտքերին, այդ ես եմ: Շոշափեք և տեսեք. եթե տեսիլք* լինեի, միս ու ոսկոր չէի ունենա, իսկ ես, ինչպես տեսնում եք, ունեմ»:
40 Սա ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը:
41 Բայց նրանք, ուրախությունից ու զարմանքից շփոթված, դեռ չէին կարողանում հավատալ, ուստի Հիսուսն ասաց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»:
42 Նրան մի կտոր խորոված ձուկ տվեցին,
43 նա էլ վերցրեց ու նրանց աչքի առաջ կերավ:
44 Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի, ասում էի,+ որ Մովսեսի օրենքում, մարգարեների գրվածքներում ու Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»:+
45 Եվ օգնեց նրանց լիովին հասկանալ Գրքերում գրվածների իմաստը:+
46 Նա ասաց. «Սուրբ գրվածքներում ասվում էր, որ Քրիստոսը պետք է չարչարվի ու երրորդ օրը հարություն առնի,+
47 և որ Երուսաղեմից սկսած՝ բոլոր ազգերին+ պետք է նրա անունով քարոզվի,+ որ մեղքերի ներում ստանալու համար անհրաժեշտ է զղջալ:+
48 Դուք այս բաների մասին պատմող վկաներ կլինեք:+
49 Ես ձեզ կուղարկեմ իմ Հոր կողմից խոստացվածը, ուստի մնացեք քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք»:*+
50 Այնուհետև Հիսուսի առաջնորդությամբ աշակերտները դուրս եկան քաղաքից ու հասան մինչև Բեթանիա: Այնտեղ Հիսուսը, բարձրացնելով ձեռքերը, օրհնեց նրանց:
51 Օրհնելիս սկսեց հեռանալ նրանցից և բարձրանալ* երկինք:+
52 Իսկ աշակերտները խոնարհվեցին նրա առաջ և ուրախությամբ լի սրտով վերադարձան Երուսաղեմ:+
53 Նրանք ամեն օր տաճարում էին լինում ու գովաբանում էին Աստծուն:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «60 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Մեկ ստադիոնը մոտ 185 մ է: Տես հավելված Բ14:
^ Կամ հնարավոր է՝ «Երևի դու Երուսաղեմ եկած միակ մարդն ես, որ չգիտես»:
^ Կամ՝ «սրտով դանդաղում եք»:
^ Բռց.՝ «օրհնեց»:
^ Բռց.՝ «լիովին բացում»:
^ Կամ՝ «ոգի»:
^ Կամ՝ «ոգի»:
^ Կամ՝ «մինչև որ զգեստավորվեք վերևից եկող զորությամբ»:
^ Կամ՝ «բարձրացվել»: