Ղուկաս 20։1-47

  • Հիսուսի իշխանությունը կասկածի են ենթարկում (1-8)

  • Չար մշակների մասին առակը (9-19)

  • Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն (20-26)

  • Հարց հարության մասին (27-40)

  • Քրիստոսը Դավթի որդի՞ն է (41-44)

  • Զգուշացում, որ չնմանվեն Օրենքի ուսուցիչներին (45-47)

20  Մի օր, երբ Հիսուսը տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* երեցների հետ մոտեցան նրան 2  ու ասացին. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը: Ո՞վ է տվել քեզ այդ իրավասությունը»:+ 3  Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, պատասխանեք: 4  Հովհաննեսը մկրտելու իրավասությունը երկնքի՞ց էր ստացել, թե՞ մարդկանցից»: 5  Նրանք էլ սկսեցին դատողություններ անել՝ իրար մեջ խոսելով. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան», 6  իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը մարգարե էր»:+ 7  Ուստի պատասխանեցին, թե չգիտեն՝ որտեղից էր: 8  Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը»: 9  Ապա նա ժողովրդին մի առակ պատմեց. «Մի մարդ խաղողի այգի տնկեց,+ վարձով տվեց մշակներին ու երկար ժամանակով գնաց օտար երկիր:+ 10  Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց՝ խաղողի այգու բերքից որոշակի բաժին ստանալու: Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին:+ 11  Տերը մեկ ուրիշ ծառայի ուղարկեց: Նրանք այս մեկին էլ ծեծեցին և նվաստացնելով դատարկաձեռն հետ ուղարկեցին: 12  Ապա տերը երրորդին ուղարկեց. նրան էլ ծեծեցին ու դուրս շպրտեցին: 13  Այդ ժամանակ խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ: Սիրելի որդուս ուղարկեմ,+ պետք է որ հարգեն նրան»: 14  Բայց երբ մշակները տեսան նրան, սկսեցին խորհրդակցել. «Սա է ժառանգը: Եկեք սպանենք նրան, որ ժառանգությունը մերը լինի»: 15  Եվ բռնեցին նրան, քարշ տվեցին այգուց դուրս ու սպանեցին:+ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց: 16  Նա կգա ու կսպանի այդ մշակներին, այգին էլ ուրիշներին կտա»: Առակը լսելով՝ ժողովուրդն ասաց. «Դա ուղղակի չլսված բան է»: 17  Իսկ Հիսուսը սևեռուն նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը»: *+ 18  Ամեն ոք, ում ոտքը դիպչի այդ քարին, կընկնի ու ջարդուփշուր կլինի:+ Եվ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»: 19  Օրենքի ուսուցիչներն ու ավագ քահանաները հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Ուստի ցանկանում էին հենց այդ պահին բռնել նրան, բայց վախեցան ժողովրդից:+ 20  Այդուհանդերձ, ուշադիր հետևում էին Հիսուսին: Իսկ հետո գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ վերջիններս, անկեղծ ձևանալով, նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+ ու հանձնեն իշխանությունների և կուսակալի ձեռքը: 21  Այդ մարդիկ ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտն ես խոսում և ուսուցանում, դու կողմնակալություն չես անում և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: 22  Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 23  Բայց Հիսուսը, հասկանալով, որ նրանք խորամանկություն են անում, ասաց. 24  «Ինձ մի դինար* ցույց տվեք: Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 25  Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 26  Այդպիսով՝ նրանց չհաջողվեց հանրորեն ծուղակը գցել Հիսուսին, ու նրա պատասխանից ապշած՝ նրանք պապանձվեցին: 27  Հիսուսին մոտեցան մի քանի սադուկեցիներ (սադուկեցիները ասում էին, թե հարություն չկա)+ և հարցրին.+ 28  «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»:+ 29  Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց անզավակ մահացավ: 30  Հետո երկրորդն ամուսնացավ այդ կնոջ հետ, բայց նա էլ մահացավ: 31  Նույնը պատահեց երրորդին: Այդպես՝ յոթն էլ անզավակ մահացան: 32  Վերջում կինն էլ մահացավ: 33  Հիմա հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ յոթն էլ ամուսնացել էին նրա հետ»: 34  Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* մարդիկ կին են առնում և մարդու են գնում, 35  բայց ովքեր արժանի համարվեն հարություն առնելու և ապրելու ապագայում,* ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան:+ 36  Դեռ ավելին՝ նրանք այլևս չեն կարող մահանալ: Նրանք հրեշտակների նման կլինեն և հարություն առնելով՝* Աստծու զավակները կլինեն: 37  Իսկ որ մահացածները հարություն են առնելու, դա Մովսեսն էլ է ցույց տվել՝ այրվող փշաթփի պատմության մեջ Եհովային* կոչելով «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ 38  Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի. նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»:+ 39  Օրենքի ուսուցիչներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»: 40  Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ հարց տալ նրան: 41  Իր հերթին Հիսուսը հարց ուղղեց իրեն լսողներին. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է:+ 42  Չէ՞ որ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, 43  մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»»:+ 44  Փաստորեն, Դավիթը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա Դավթի որդին»: 45  Մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր Հիսուսին, նա իր աշակերտներին ասաց. 46  «Զգույշ եղեք, որ չնմանվեք Օրենքի ուսուցիչներին, ովքեր սիրում են երկար զգեստներով շրջել, հանրային վայրերում* ողջույններ ստանալ, ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը,+ 47  և ովքեր ուտում են այրիների ունեցվածքն* ու ցուցադրաբար երկար աղոթքներ անում: Նրանք ավելի խիստ դատաստանի կարժանանան»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դպիրները»:
Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:
Կամ՝ «Ճի՞շտ է»:
Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «այդ համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «հարության զավակներ լինելով»:
Կամ՝ «շուկաներում»:
Կամ՝ «լավագույն»:
Բռց.՝ «տները»: