Ղուկաս 16։1-31
16 Հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ մի տնտես ուներ, որին մեղադրեցին այն բանում, որ խնայողաբար չի տնօրինում տիրոջ ունեցվածքը:
2 Ուստի այդ հարուստ մարդը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին: Քո բոլոր գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրու. դու այլևս չես վարելու իմ տնտեսությունը»:
3 Տնտեսն էլ մտածեց. «Ի՞նչ եմ անելու, երբ տերս ինձ գործից հեռացնի: Դաշտում աշխատելու ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ:
4 Հա՜, իմացա՝ ինչ անեմ, որ երբ տնտեսի գործից զրկվեմ, մարդիկ ինձ ընդունեն իրենց տուն»:
5 Նա տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ կանչեց իր մոտ: Առաջին եկածին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը»:
6 Նա պատասխանեց. «Հարյուր մար* ձիթապտղի յուղ»: Նրան ասաց. «Վերցրու քո պարտաթուղթը, նստիր և հենց հիմա գրիր՝ 50»:
7 Հաջորդ եկածին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք»: Նա էլ ասաց. «Հարյուր քոռ* ցորեն»: Տնտեսն ասաց. «Վերցրու քո պարտաթուղթը և գրիր՝ 80»:
8 Ու թեև տնտեսը անարդար էր, տերը նրան գովեց հնարամտության համար: Այս աշխարհի* մարդիկ իրենց սերնդակիցների հետ գործ ունենալիս ավելի հնարամիտ են, քան Աստծու ծառաները:*+
9 Ասում եմ ձեզ. անարդար աշխարհի հարստության* միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք,+ որպեսզի երբ այն կորցնեք, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերն ընդունեն:+
10 Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար:
11 Հետևաբար, եթե դուք ճիշտ չօգտագործեք այս անարդար աշխարհի հարստությունը, ո՞վ ձեզ կվստահի իսկական հարստությունը:
12 Եվ եթե դուք ճիշտ չօգտագործեք ուրիշինը, ո՞վ կտա ձեզ այն, ինչը նախատեսված է ձեզ համար:+
13 Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կատի, իսկ մյուսին կսիրի, կամ էլ մեկին նվիրված կլինի, իսկ մյուսին կարհամարհի: Չեք կարող լինել և՛ Աստծու ծառան, և՛ հարստության»:+
14 Փարիսեցիները, որ փողասեր էին, լսելով այդ ամենը, քմծիծաղ տվեցին:+
15 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Դուք մարդկանց առաջ ցույց եք տալիս, իբր ճիշտ եք վարվում,+ բայց Աստված գիտի ձեր սրտերը:+ Ինչը որ մարդկանց աչքին արժեքավոր է, Աստված գարշելի է համարում:+
16 Այն, ինչ ասվում էր Օրենքում և մարգարեների գրվածքներում, հռչակվում էր մինչև Հովհաննեսի գալը: Իսկ դրանից հետո բարի լուրն է հռչակվում Աստծու թագավորության մասին, և ամեն տեսակ մարդիկ շատ ջանք են թափում, որ մտնեն այնտեղ:+
17 Իսկապես որ, ավելի շուտ երկինքն ու երկիրը կվերանան, քան Օրենքի տառի մի մասնիկը կմնա առանց կատարվելու:+
18 Ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն* է գործում, և ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում:+
19 Մի հարուստ մարդ կար, որը թանկարժեք հագուստ* էր կրում, իր կյանքի օրերն անցկացնում էր ճոխության մեջ և վայելում էր իր հարստությունը:
20 Նրա դարպասների մոտ էին բերում Ղազարոս անունով մի մուրացկանի, որի ամբողջ մարմինը պատված էր խոցերով:
21 Ղազարոսը նստում էր այդտեղ՝ հուսալով իր քաղցը հագեցնել հարուստ մարդու սեղանից ընկնող փշրանքներով: Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը:
22 Որոշ ժամանակ անց մուրացկանը մահացավ, և հրեշտակները նրան տարան Աբրահամի մոտ:*
Հարուստը նույնպես մահացավ և թաղվեց:
23 Գերեզմանում* նա տանջանքների մեջ բարձրացրեց աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին ու նրա կողքը՝* Ղազարոսին:
24 Նա կանչեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, գթա ինձ և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թաթախի ջրի մեջ ու կաթեցնի լեզվիս, որովհետև տանջվում եմ այս բոցավառ կրակի մեջ»:
25 Աբրահամն ասաց. «Որդի՛ս, հիշիր, որ դու կյանքիդ ընթացքում լիուլի բարիքներ ես վայելել, իսկ Ղազարոսը շատ է տառապել: Հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես:
26 Եվ այս ամենից բացի՝ մի անանցանելի անդունդ է հաստատվել մեր ու ձեր միջև, այնպես որ ով էլ ուզի այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են անցնել մեզ մոտ»:
27 Նա ասաց. «Այդ դեպքում, խնդրում եմ քեզ, հա՛յր Աբրահամ, նրան ուղարկիր իմ հոր տուն,
28 որ ամեն բան բացատրելով՝ զգուշացնի իմ հինգ եղբայրներին, որպեսզի նրանք էլ չգան տանջանքի այս վայրը»:
29 Սակայն Աբրահամը պատասխանեց. «Նրանք Մովսեսի ու մարգարեների գրածներն ունեն, թող դրանց հնազանդվեն»:+
30 Իսկ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, չեն հնազանդվի, բայց եթե մահացածներից մեկը գնա նրանց մոտ, կզղջան»:
31 Աբրահամն ասաց. «Եթե նրանք չեն հնազանդվում Մովսեսի ու մարգարեների գրածներին,+ չեն էլ համոզվի, նույնիսկ եթե մեկը հարություն առնի»»:
Ծանոթագրություններ
^ Մոտ 2 200 լ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 22 000 լ: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «լույսի որդիները»:
^ Բռց.՝ «անարդարության հարստության»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Կամ՝ «մանուշակագույն թանկարժեք հագուստ ու բեհեզ»: Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
^ Բռց.՝ «Աբրահամի գիրկը»:
^ Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «նրա գրկում»: