Ղուկաս 14։1-35
14 Մի Շաբաթ օր Հիսուսը ճաշի գնաց փարիսեցիների առաջնորդներից մեկի տուն: Ներկաները ուշադիր հետևում էին նրան:
2 Այնտեղ մի մարդ կար, որը ջրգողությամբ էր տառապում:*
3 Հիսուսը Օրենքի գիտակներին և փարիսեցիներին հարցրեց. «Ճիշտ կլինի՞ Շաբաթ օրով բուժում անել, թե՞ ոչ»:+
4 Բայց նրանք լուռ մնացին: Հիսուսը դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ճանապարհ դրեց:
5 Ապա հարցրեց նրանց. «Եթե որևէ մեկիդ որդին կամ ցուլը Շաբաթ օրը ջրհորն ընկնի,+ մի՞թե անմիջապես դուրս չեք հանի նրան»:+
6 Եվ նրանք չկարողացան պատասխան տալ:
7 Դրանից հետո, նկատելով, որ հրավիրվածները ամենապատվավոր տեղերն են ընտրում,+ Հիսուսն ասաց նրանց.*
8 «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը:+ Գուցե քեզնից ավելի պատվարժան մեկն էլ հրավիրված լինի:
9 Այդ ժամանակ հրավիրողը կգա ու քեզ կասի. «Տեղդ այս մարդուն զիջիր»: Եվ դու ամոթով վեր կկենաս ու կգնաս ամենավերջին տեղը կնստես:
10 Այլ երբ քեզ հրավիրում են, գնա ու նստիր ամենացածր տեղը, այդ դեպքում հրավիրողը կգա ու քեզ կասի. «Բարեկա՛մս, եկ ավելի լավ տեղ նստիր»: Եվ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ:+
11 Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+
12 Հետո դիմելով իրեն հրավիրողին՝ Հիսուսն ասաց. «Երբ ճաշի կամ ընթրիքի սեղան ես գցում, մի՛ կանչիր ընկերներիդ, եղբայրներիդ, ազգականներիդ կամ հարուստ հարևաններիդ, որովհետև գուցե նրանք էլ քեզ հրավիրեն, և այդպիսով քո արածը կփոխհատուցվի:
13 Այլ երբ ճաշկերույթ ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, կաղերին, կույրերին և ուրիշ հաշմանդամների,+
14 և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք քեզ փոխհատուցելու ոչինչ չունեն: Աստված էլ կվարձատրի քեզ արդարների հարության ժամանակ»:+
15 Դա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երանի՜ նրան, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»:
16 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց+ ու շատերին հրավիրեց:
17 Երբ արդեն ընթրիքը սկսելու ժամն էր, նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, ամեն ինչ պատրաստ է»:
18 Սակայն բոլորն էլ սկսեցին պատրվակ բերել ու հրաժարվել:+ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ տեսնեմ: Կներես, չեմ կարող գալ»:
19 Մյուսն ասաց. «Ես հինգ զույգ լծկան անասուն եմ գնել, գնում եմ աշխատեցնեմ, որ տեսնեմ՝ ոնցն են: Կներես, չեմ կարող գալ»:+
20 Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել, դրա համար չեմ կարող գալ»:
21 Ծառան եկավ ու նրանց ասածները հաղորդեց տիրոջը: Տանտերը բարկացավ ու ծառային ասաց. «Հենց հիմա գնա քաղաքի գլխավոր փողոցներն ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, կույրերին, կաղերին և մյուս հաշմանդամներին»:
22 Որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, արեցի, բայց դեռ տեղ կա»:
23 Տերն էլ ասաց ծառային. «Քաղաքից դուրս արի և ճանապարհներին ում որ տեսնես, համոզիր ու բեր այստեղ: Թող գան, որ տունս լցվի:+
24 Ասում եմ ձեզ. այն առաջին հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»:+
25 Հետո երբ Հիսուսը ճանապարհ ընկավ, նրա հետ մարդկանց մեծաթիվ խմբեր էին գնում: Նա շրջվեց ու ասաց նրանց.
26 «Ինձ մոտ եկողներից նա, ով չի սիրում ինձ առավել, քան իր հորն ու մորը,* կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին և իր իսկ կյանքը,+ նա չի կարող իմ աշակերտը լինել:+
27 Ով չի ուզում տանել իր տանջանքի սյունը* և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել:+
28 Չէ՞ որ եթե ձեզանից որևէ մեկը ցանկանա աշտարակ կառուցել, նախ կնստի ու կհաշվի ծախսը, որ տեսնի՝ բավականաչափ միջոցներ ունի՞ ավարտին հասցնելու համար:
29 Այլապես հիմքը կգցի, բայց գուցե չկարողանա մինչև վերջ կառուցել, և բոլոր տեսնողները կսկսեն ծաղրել նրան
30 ու կասեն. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»:
31 Կամ ո՞ր մի թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմի գնալիս նախ չի նստի և իր խորհրդատուների հետ ծանրութեթև անի, թե իր 10 000-անոց զորքով կկարողանա՞ հակառակորդի 20 000-անոց զորքի դեմ դուրս գալ:
32 Եթե տեսնի, որ չի կարող, քանի դեռ հակառակորդը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղության բանակցություններ կսկսի:
33 Այսպիսով հաստատ իմացեք. ով պատրաստ չէ հրաժարվել իր ողջ ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել:+
34 Ինչ խոսք, աղը լավ բան է: Բայց եթե կորցնի իր համը, այլևս հնարավոր չի լինի վերականգնել այն:+
35 Այդպիսի աղը ոչ մի բանի պիտանի չէ, անգամ պիտանի չէ հողին կամ գոմաղբին խառնելու համար:* Ուստի մարդիկ այն դուրս կթափեն: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «այտուց ուներ»: Հեղուկի ավելցուկային կուտակում մարդու մարմնում:
^ Բռց.՝ «օրինակ բերեց նրանց համար»:
^ Բռց.՝ «ով չի ատում իր հորն ու մորը»:
^ Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
^ Այսինքն՝ որպես պարարտանյութ: