Հոբ 5։1-27
5 «Օգնության կանչիր, խնդրեմ: Կա՞ մեկը, որ պատասխանի քեզ:
Սուրբ հրեշտակներից* ո՞ր մեկին օգնության կկանչես:
2 Վրդովմունքը հիմարին կկործանի,Նախանձը անմիտ մարդուն մահվան կտանի:
3 Ես տեսել եմ, որ հիմարը արմատներ է գցում,Բայց մեկ էլ հանկարծակի նրա տան վրա անեծք է թափվում:
4 Նրա որդիները ամենևին էլ ապահով չեն,Ոտնահարվում են քաղաքի դարպասի մոտ+ ու փրկող չունեն:
5 Քաղցածն է ուտում նրա հավաքած բերքը,Անգամ փշերի մեջ աճածը:
Ուրիշների բաժին է դառնում նրա ընտանիքի ունեցվածքը:
6 Ախր չարիքը հողից չի ծլում,Դժբախտությունը գետնից չի բուսնում:
7 Ինչպես անհնար է, որ դեպի վեր չթռչեն կրակի կայծերը,Այնպես էլ անհնար է, որ ծնված օրից դժբախտություն չտեսնի մարդ արարածը:
8 Բայց եթե քո տեղը լինեի, ես Աստծուն կդիմեիԵվ իմ գործը Աստծուն կներկայացնեի՝
9 Նրան, ով մեծ ու անըմբռնելի բաներ է անում,Հիասքանչ բաներ՝ անթիվ-անհաշվելի:
10 Նա անձրև է տալիս երկրին,Ջուր է հասցնում դաշտերին:
11 Նա վեր է բարձրացնում խեղճերին,Բարձրացնում ու փրկում է ընկճվածներին:
12 Նա խափանում է խորամանկների ծրագրերը,Չի թողնում, որ հաջողվի նրանց ձեռնարկածը:
13 Այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը,+Որ խափանվեն ճարտարամիտների ծրագրերը:
14 Խավարն է նրանց պատում օրը ցերեկով,Կեսօրին խարխափում են, ասես գիշերով:
15 Նրանց բերանի սրից Աստված մարդկանց փրկում է,Զորավորների ձեռքից աղքատին ազատում է,
16 Որ խեղճերը հույսով լցվեն,Իսկ անարդարների բերանները փակվեն:
17 Երջանիկ է այն մարդը, որին Աստված խրատում է:
Այնպես որ մի՛ մերժիր Ամենակարողի խրատը:
18 Թեև նա ցավ է պատճառում, բայց և կապում է վերքը,Կոտրում է, բայց իր իսկ ձեռքով բուժում է:
19 Թե քեզ մեկը մյուսի հետևից փորձանք պատահի, նա քեզ կփրկի,Վեցը լինեն, թե յոթը՝ քեզ վնաս չեն պատճառի:
20 Սովի ժամանակ քեզ մահից կփրկի,*Պատերազմի ժամանակ սրի բերանից կազատի:
21 Քեզ կպաշտպանի մտրակող լեզվի հարվածներից,+Եվ երբ կործանում գա, չես վախենա դրանից:
22 Դու կծիծաղես՝ նայելով կործանման ու սովի աչքերին,Չես վախենա վայրի գազաններից:
23 Դաշտերի քարերը քեզ համար խոչընդոտ չեն լինի,Վայրի գազանները քեզ վրա չեն հարձակվի:
24 Դու կիմանաս, որ ապահով է քո վրանը,Երբ զննես քո հոտը, կտեսնես, որ պակաս չէ անասուններիցդ ոչ մեկը:
25 Շատ զավակներ կունենաս,Սերունդներդ երկրի բուսականության պես կշատանան:
26 Ուժդ դեռ տեղը կլինի, երբ իջնես գերեզման,Ինչպես հասկերը՝ հնձի ժամանակ:
27 Այդ ամենը մենք քննել ենք,Եվ ամեն բան հենց այդպես է:
Ուստի լսիր և ընդունիր»: