Հեսու 1։1-18

  • Եհովան քաջալերում է Հեսուին (1-9)

    • Կարդա Օրենքի գիրքը և խորհիր դրա շուրջ (8)

  • Իսրայելացիները պատրաստվում են անցնել Հորդանան գետը (10-18)

1  Եհովայի ծառա Մովսեսի մահից հետո Եհովան Նավեի որդի Հեսուին՝*+ Մովսեսի սպասավորին,+ ասաց. 2  «Իմ ծառա Մովսեսը մահացավ:+ Հիմա վեր կաց, այս ամբողջ ժողովրդի հետ անցիր Հորդանանի մյուս կողմը և գնա այն երկիրը, որ տալու եմ նրանց՝ իսրայելացիներին:+ 3  Այն բոլոր տեղերը, որտեղ ոտք դնեք, ձեզ կտամ, ինչպես որ խոստացել եմ Մովսեսին:+ 4  Ձեր տարածքը կձգվի անապատից մինչև Լիբանան և մեծ գետը՝ Եփրատը, այսինքն՝ կընդգրկի քետացիների+ ամբողջ երկիրը, իսկ արևմտյան կողմում կհասնի մինչև Մեծ ծովը:*+ 5  Քո ողջ կյանքի ընթացքում ոչ ոք չի կարողանա ընդդիմանալ քեզ:+ Ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ:+ Քեզ մենակ չեմ թողնի ու չեմ լքի:+ 6  Քաջ և ամուր եղիր,+ որովհետև քո առաջնորդությամբ է այս ժողովուրդը ժառանգելու այն երկիրը, որը նրա նախահայրերին երդվել եմ իրենց տալ:+ 7  Միայն թե քաջ և շատ ամուր եղիր, որ ամենայն ուշադրությամբ պահես ողջ Օրենքը, որն իմ ծառա Մովսեսը պատվիրեց քեզ պահել: Դրանից չշեղվես աջ կամ ձախ,+ որպեսզի ուր էլ գնաս, իմաստությամբ վարվես:+ 8  Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո շուրթերից:+ Օր ու գիշեր կարդա այն ու խորհիր դրա շուրջ,* որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ գրված է այնտեղ.+ այդ ժամանակ քո բոլոր գործերում դու հաջողակ կլինես և իմաստությամբ կվարվես:+ 9  Դարձյալ պատվիրում եմ քեզ. քաջ և ամուր եղիր: Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է, ուր էլ որ գնաս»:+ 10  Հեսուն ժողովրդի գլխավորներին պատվիրեց. 11  «Անցե՛ք ճամբարի միջով և ժողովրդին այս հրահանգը տվեք. «Պաշա՛ր հավաքեք, քանի որ երեք օր հետո անցնելու ենք Հորդանանի մյուս կողմը, որպեսզի մտնենք ու տիրանանք այն երկրին, որը մեր Աստված Եհովան մեզ է տալիս»»:+ 12  Իսկ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի ցեղի կեսին Հեսուն ասաց. 13  «Հիշե՛ք, թե Եհովայի ծառա Մովսեսը ձեզ ինչ պատվիրեց.+ «Ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեզ է տվել, որ այստեղ հանգստություն գտնեք: 14  Ձեր կանայք, երեխաներն ու անասունները կբնակվեն այս տարածքում, որը Մովսեսը Հորդանանի այս կողմում* տվել է ձեզ:+ Բայց դուք՝ բոլոր զորավոր ռազմիկներդ,+ ձեր եղբայրների առջևից գնալով, պետք է մարտական կարգով անցնեք Հորդանանը:+ Դուք պետք է օգնեք ձեր եղբայրներին, 15  մինչև որ Եհովան նրանց էլ հանգրվան տա, ինչպես որ ձեզ, և նրանք էլ տիրանան այն տարածքին, որը ձեր Աստված Եհովան նրանց է տալու: Դրանից հետո կարող եք վերադառնալ ձեր հողերը, որոնք Եհովայի ծառա Մովսեսը ձեզ տվեց Հորդանանի արևելյան կողմում, և բնակվել այստեղ»»:+ 16  Նրանք պատասխանեցին Հեսուին. «Ինչ որ պատվիրեցիր մեզ, կանենք, և ուր էլ որ մեզ ուղարկես, կգնանք:+ 17  Ինչպես Մովսեսին էինք լսում ամեն ինչում, այնպես էլ քեզ կլսենք: Միայն քո Աստված Եհովան թող քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր:+ 18  Ամեն ոք, ով հակառակվի քո հրամանին և չկատարի քո տված յուրաքանչյուր պատվերը, կսպանվի:+ Միայն թե քաջ և ամուր եղիր»:+

Ծանոթագրություններ

^ Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովը:
^ Կամ՝ «Օր ու գիշեր կիսաձայն կարդա այն»:
^ Այսինքն՝ արևելյան կողմում: