Ծննդոց 7։1-24

  • Մտնում են տապան (1-10)

  • Համաշխարհային ջրհեղեղը (11-24)

7  Դրանից հետո Եհովան ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ ընտանիքը տապան մտեք, որովհետև տեսնում եմ, որ դու իմ առաջ արդար ես այս սերնդի մեջ:+ 2  Մաքուր կենդանիների+ ամեն տեսակից քեզ հետ վերցրու յոթ* կենդանի՝ արու և էգ,* իսկ ամեն անմաքուր կենդանուց՝ ընդամենը երկուսը՝ արու և էգ: 3  Վերցրու նաև երկնքի թևավոր արարածներից յոթական՝* արու և էգ: Այդպես արա, որ նրանց սերունդը պահպանվի ողջ երկրի վրա:+ 4  Ընդամենը յոթ օր հետո երկրի վրա 40 օր ու 40 գիշեր+ անձրև+ կբերեմ և երկրի երեսից բնաջինջ կանեմ իմ ստեղծած ամեն կենդանի էակի»:+ 5  Նոյը արեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր իրեն: 6  Նոյը 600 տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա:+ 7  Նախքան ջրհեղեղի սկսվելը Նոյը իր որդիների, իր կնոջ և որդիների կանանց հետ տապան մտավ:+ 8  Ամեն մաքուր կենդանուց և ամեն անմաքուր կենդանուց, թևավոր արարածներից և ցամաքային բոլոր կենդանիներից+ 9  զույգերով՝ արու և էգ, Նոյի մոտ՝ տապան մտան, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին: 10  Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը թափվեցին երկրի վրա: 11  Նոյի կյանքի 600-րդ տարվա երկրորդ ամսում՝ 17-րդ օրը՝ հենց նույն օրը, երկնքի ահռելի ջրերի աղբյուրները* ժայթքեցին, ու երկնքի ջրարգելակները+ բացվեցին: 12  Երկրի վրա 40 օր ու 40 գիշեր հորդառատ անձրև տեղաց: 13  Հենց այդ օրը Նոյն ու իր որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը,+ իր կինն ու որդիների երեք կանայք իր հետ տապան մտան:+ 14  Նրանց հետ մտան բոլոր վայրի կենդանիները ըստ իրենց տեսակների, բոլոր ընտանի կենդանիները՝ ըստ իրենց տեսակների, բոլոր զեռունները՝* ըստ իրենց տեսակների, բոլոր թռչող արարածները՝ ըստ իրենց տեսակների, այսինքն՝ բոլոր թռչուններն ու մյուս բոլոր թևավոր արարածները: 15  Ամեն տեսակ կենդանի արարածներ, որոնց մեջ կյանքի շունչ* կար, զույգերով Նոյի մոտ՝ տապան էին մտնում: 16  Այսպիսով՝ ամեն տեսակ կենդանի արարածներից* արու և էգ տապան մտան, ճիշտ ինչպես Աստված պատվիրել էր Նոյին: Այնուհետև Եհովան դուռը փակեց նրա հետևից: 17  Ջրհեղեղը տևեց* 40 օր: Ջրերը շատացան ու բարձրացրին տապանը, և այն սկսեց լողալ երկիրը ողողած խոր ջրերի վրա: 18  Ջրերն ահռելի բարձրության հասան և շարունակեցին շատանալ երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրի երեսին: 19  Ջրերն այնքան բարձրացան, որ ծածկեցին երկնքի տակ եղող բոլոր բարձրաբերձ լեռները:+ 20  Ջրերը լեռներից 15 կանգուն* վեր բարձրացան: 21  Այսպես կործանվեցին երկրի բոլոր կենդանի արարածները՝*+ թևավոր արարածները, ընտանի կենդանիները, վայրի կենդանիները, երկրի վրա վխտացող փոքր արարածները* և ամբողջ մարդկությունը:+ 22  Ցամաքում ապրող բոլոր արարածները, որոնց քթանցքերի մեջ կյանքի* շունչ կար, մեռան:+ 23  Այսպիսով՝ Աստված վերացրեց երկրի վրա գոյություն ունեցող ամեն արարածի՝ լինի մարդ թե կենդանի, զեռուն թե երկնքի թևավոր արարած. բոլորն էլ վերացան երկրի երեսից:+ Վերապրեցին միայն Նոյը և տապանում իր հետ եղողները:+ 24  Երկիրը ողողած ջրերը 150 օր+ բարձրացած մնացին:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «յոթ զույգ»:
Այսինքն՝ երեք զույգ և մեկ առանձին կենդանի:
Կամ հնարավոր է՝ «յոթ զույգ»:
Բռց.՝ «ջրերի հսկայական անդունդի աղբյուրները»: Ըստ երևույթին, սրանք այն ջրերն էին, որոնք երկնային տարածության վերևում էին:
Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:
Կամ՝ «կյանքի ոգի»:
Բռց.՝ «ամեն տեսակ մարմնից»:
Կամ՝ «Հեղեղը շարունակեց գալ»:
Մոտ 6,5 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «ամեն մարմին»:
Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով:
Բռց.՝ «կյանքի ոգու»: