Ծննդոց 44։1-34
44 Որոշ ժամանակ անց Հովսեփն իր տան կառավարչին հրամայեց. «Այդ մարդկանց պարկերն այնքան ուտելիք լցրու, որքան կկարողանան տանել, և յուրաքանչյուրի փողն իր պարկի բերանին դիր:+
2 Սակայն կրտսերի պարկի բերանին հացահատիկի փողի հետ միասին դիր նաև իմ բաժակը՝ արծաթյա բաժակը»: Նա արեց Հովսեփի ասածը:
3 Առավոտյան, երբ լույսն արդեն բացվել էր, Հովսեփի եղբայրներին ճանապարհ դրեցին, և նրանք իրենց էշերով հանդերձ գնացին:
4 Քաղաքից դեռ շատ չէին հեռացել, երբ Հովսեփն իր տան կառավարչին ասաց. «Վե՛ր կաց, այդ մարդկանց հետևի՛ց ընկիր ու, երբ հասնես նրանց, ասա՛. «Ինչո՞ւ բարության դիմաց չարով հատուցեցիք:
5 Ինչո՞ւ վերցրիք այն բաժակը, որով իմ տերը խմում է և որի միջոցով նախանշաններ է մեկնում: Դուք չարիք գործեցիք»»:
6 Կառավարիչը հասավ նրանց և ասաց այս խոսքերը:
7 Բայց նրանք ասացին. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպիսի բաներ ասում: Մենք՝ ծառաներդ, երբեք նման բան չէինք անի:
8 Նույնիսկ այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, Քանանի երկրից հետ բերեցինք, որ տանք քեզ:+ Ուրեմն ինչպե՞ս կարող էինք քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի գողանալ:
9 Եթե այն գտնես ծառաներիցդ որևէ մեկի մոտ, թող նա մեռնի, մյուսներս էլ կդառնանք իմ տիրոջ ստրուկները»:
10 Նա էլ ասաց. «Լա՛վ, թող ձեր ասածով լինի: Միայն թե իմ ստրուկը կդառնա նա, ում մոտ որ գտնեմ բաժակը, իսկ մյուսներդ անմեղ կլինեք»:
11 Ուստի ամեն մեկը իսկույն ցած իջեցրեց իր պարկը և բացեց:
12 Նա մանրակրկիտ խուզարկեց նրանց՝ ավագից մինչև կրտսեր: Եվ ի վերջո բաժակը Բենիամինի պարկում հայտնաբերվեց:+
13 Այդ ժամանակ նրանք դառնացած պատռեցին իրենց հագուստը, յուրաքանչյուրն իր բեռը նորից դրեց էշի վրա, և վերադարձան քաղաք:
14 Երբ Հուդան+ և իր եղբայրները մտան Հովսեփի տուն, նա դեռ այնտեղ էր: Նրանք, ծնկի գալով, խոնարհվեցին նրա առաջ:+
15 Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք: Չգիտեի՞ք, որ ինձ պես մարդը կարող է անսխալորեն նախանշաններ մեկնել»:+
16 Հուդան պատասխանեց. «Ի՞նչ կարող ենք ասել քեզ, տե՛ր: Ինչպե՞ս կարող ենք ապացուցել, որ արդար ենք: Ճշմարիտ Աստված բացահայտեց քո ծառաների հանցանքը:+ Եվ հիմա մենք մեր տիրոջ ստրուկներն ենք՝ թե՛ մենք, թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»:
17 Սակայն Հովսեփն ասաց. «Ո՛չ, բացառվում է, որ նման բան անեմ: Իմ ստրուկը կլինի նա, ում մոտ գտնվել է բաժակը:+ Իսկ մյուսներդ խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ»:
18 Այդ ժամանակ Հուդան մոտ եկավ ու ասաց նրան. «Տե՛ր իմ, աղաչում եմ, դու, որ փարավոնի պես մեծ իշխանություն ունես,+ ծառայիդ թույլ տուր՝ մի խոսք ասեմ տիրոջս, և մի՛ բարկացիր ծառայիդ վրա:
19 Անցած անգամ իմ տերը իր ծառաներին հարցրեց. «Հայր կամ եղբայր ունե՞ք»:
20 Մենք մեր տիրոջը պատասխանեցինք. «Մենք տարեց հայր ունենք և մի կրտսեր եղբայր, որին նա ծեր տարիքում է ունեցել:+ Իսկ տղայի եղբայրը, որը նույն մորից է ծնվել, մահացել է:+ Միայն տղան է մնացել իր մոր զավակներից,+ ու հայրը շատ է սիրում նրան»:
21 Դու էլ ասացիր քո ծառաներին. «Ինձ մոտ բերեք նրան, որ տեսնեմ»:+
22 Իսկ մենք ասացինք մեր տիրոջը. «Տղան չի կարող թողնել իր հորը: Եթե թողնի ու գա, հայրը հաստատ կմեռնի»:+
23 Բայց դու ասացիր քո ծառաներին. «Եթե ձեր կրտսեր եղբայրը չգա ձեզ հետ, այլևս չներկայանաք իմ առաջ»:*+
24 Ուստի մենք գնացինք քո ծառայի՝ մեր հոր մոտ ու նրան հայտնեցինք մեր տիրոջ խոսքերը:
25 Որոշ ժամանակ անց մեր հայրն ասաց. «Նորից գնացեք և ուտելիք գնեք մեզ համար»:+
26 Բայց մենք ասացինք. «Չենք կարող գնալ: Կգնանք այն դեպքում, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ գա, քանի որ առանց մեր կրտսեր եղբոր՝ չենք կարող այն մարդու առաջ ներկայանալ»:*+
27 Այդ ժամանակ քո ծառան՝ մեր հայրը, ասաց մեզ. «Դուք լավ գիտեք, որ կինս ընդամենը երկու որդի է ծնել ինձ համար:+
28 Մեկը հեռացել է ինձանից, ու մինչ օրս նրան չեմ տեսել: Եվ մտածում եմ, որ նրան հաստատ գազան է հոշոտել:+
29 Եթե այս մեկին էլ իմ մոտից տանեք, և նա փորձանքի մեջ ընկնի ու մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը ցավով+ գերեզման*+ կիջնի»:
30 Եվ հիմա եթե ես վերադառնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ, և տղան մեզ հետ չլինի, իսկ հայրս շատ է կապված տղայի հետ,
31 ապա հենց տեսնի, որ տղան մեզ հետ չէ, հաստատ վշտից կմեռնի, ու մեր պատճառով մեր ալևոր հայրը գերեզման* կիջնի:
32 Ես հորս առաջ տղայի համար երաշխավոր եղա՝ ասելով. «Եթե հետ չբերեմ նրան, ապա հավիտյան քո առաջ մեղավոր կլինեմ»:+
33 Ուստի հիմա, խնդրում եմ, թող տղայի փոխարեն ե՛ս մնամ որպես իմ տիրոջ ստրուկ, իսկ տղան թող գնա իր եղբայրների հետ:
34 Ինչպե՞ս կարող եմ առանց տղայի գնալ հորս մոտ: Ես չեմ կարող տեսնել այն դժբախտությունը, որ կգա իմ հոր վրա»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «այլևս չտեսնեք իմ երեսը»:
^ Բռց.՝ «երեսը տեսնել»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: