Ծննդոց 40։1-23
40 Այդ դեպքերից հետո Եգիպտոսի թագավորի գլխավոր գինեմատույցն*+ ու գլխավոր հացագործը մեղք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ:
2 Ուստի փարավոնը բարկացավ իր երկու պալատականների՝ գլխավոր գինեմատույցի ու գլխավոր հացագործի+ վրա
3 և նրանց գցեց թիկնապահների պետի+ տան բանտը, որտեղ Հովսեփն էր բանտարկված:+
4 Թիկնապահների պետը Հովսեփին նշանակեց, որ նրանց հետ լինի ու սպասավորություն անի նրանց:+ Այդպես նրանք որոշ ժամանակ մնացին բանտում:
5 Եգիպտոսի թագավորի գինեմատույցն ու հացագործը, որոնք բանտում էին, երազ տեսան, երկուսն էլ՝ նույն գիշերը. յուրաքանչյուրի երազը իր նշանակությունն ուներ:
6 Առավոտյան, երբ Հովսեփը նրանց մոտ մտավ, տեսավ, որ սրտնեղած են:
7 Նա հարցրեց. «Այսօր ինչո՞ւ է ձեր դեմքը այդպես մռայլ»:
8 Նրանք պատասխանեցին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»: Հովսեփն ասաց նրանց. «Չէ՞ որ մեկնություն տվողն Աստված է:+ Խնդրում եմ, պատմեք ինձ ձեր տեսածը»:
9 Ուստի գլխավոր գինեմատույցը Հովսեփին պատմեց իր երազը. «Երազումս խաղողի վազ տեսա:
10 Վազի վրա երեք շիվեր կային: Բողբոջելուն պես դրանք անմիջապես ծաղիկներ տվեցին, և առաջացած ողկույզները հասունացան:
11 Փարավոնի գավաթը իմ ձեռքում էր: Ես վերցրի խաղողը և քամեցի փարավոնի գավաթի մեջ: Հետո գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»:
12 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք շիվերը երեք օրեր են:
13 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* ու կվերադարձնի քո պաշտոնին,+ և դու փարավոնի գավաթը նրա ձեռքը կտաս, ինչպես նախկինում էիր անում, երբ նրա գինեմատույցն+ էիր:
14 Բայց, խնդրում եմ, երբ քեզ համար ամեն ինչ լավ լինի, հիշիր ինձ, բարություն* դրսևորիր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին, որ օգնես ինձ դուրս գալ այստեղից:
15 Ինձ բռնի ուժով են բերել եբրայեցիների երկրից,+ և այստեղ էլ ես ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է բանտ* գցվեի»:+
16 Երբ գլխավոր հացագործը տեսավ, որ Հովսեփի մեկնածը լավ բան է, ասաց. «Ես նույնպես երազ տեսա. գլխիս վրա երեք զամբյուղ կար, մեջը՝ սպիտակ հացեր:
17 Ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար թխված տարբեր բաներ կային, և թռչուններն ուտում էին այդ զամբյուղից»:
18 Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղները երեք օրեր են:
19 Երեք օր հետո փարավոնը կգլխատի* քեզ ու սյունից կկախի, և թռչունները կուտեն քո մարմինը»:+
20 Երրորդ օրը փարավոնի ծննդյան տարեդարձն էր:+ Նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց և նրանց ներկայությամբ բերել տվեց գլխավոր գինեմատույցին ու գլխավոր հացագործին:*
21 Գլխավոր գինեմատույցին փարավոնը վերադարձրեց իր պաշտոնին, և նա սկսեց առաջվա պես ըմպելիք* մատուցել փարավոնին:
22 Իսկ գլխավոր հացագործին փարավոնը կախել տվեց:* Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ Հովսեփը մեկնել էր նրանց:+
23 Սակայն գլխավոր գինեմատույցը մոռացավ Հովսեփի մասին:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցողը:
^ Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Բռց.՝ «հորը», «փոսը»:
^ Բռց.՝ «գլուխդ կբարձրացնի քեզնից»:
^ Բռց.՝ «բարձրացրեց գլխավոր գինեմատույցի ու գլխավոր հացագործի գլուխները»:
^ Բռց.՝ «գավաթը»:
^ Այսինքն՝ գլխատելուց հետո: