Ծննդոց 39։1-23

  • Հովսեփը՝ Պետափրեսի տանը (1-6)

  • Հովսեփը մերժում է Պետափրեսի կնոջ առաջարկները (7-20)

  • Հովսեփը՝ բանտում (21-23)

39  Իսմայելացիները+ Հովսեփին տարան Եգիպտոս,+ և Պետափրես անունով մի եգիպտացի,+ որը փարավոնի պալատականն էր ու թիկնապահների պետը, Հովսեփին գնեց նրանցից:  Բայց Եհովան Հովսեփի հետ էր.+ դրա շնորհիվ նա հաջողությամբ էր անում իր գործերը, և նրան իր եգիպտացի տիրոջ տանը որոշ պատասխանատվություններ վստահվեցին:  Հովսեփի տերը տեսնում էր, որ Եհովան նրա հետ է, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր:  Հովսեփը վայելում էր իր տիրոջ բարեհաճությունը, ուստի դարձավ նրա անձնական սպասավորը: Տերը նրա վերահսկողությանը հանձնեց իր տունն ու ողջ ունեցվածքը:  Այդ ժամանակից ի վեր Եհովան հանուն Հովսեփի օրհնում էր եգիպտացու տունը: Եհովայի օրհնությունը նրա ունեցած ամեն ինչի վրա էր՝ թե՛ տանը, թե՛ դաշտում:+  Ի վերջո Պետափրեսը իր ունեցած ամեն ինչ Հովսեփի ձեռքը հանձնեց և բացի իր ուտելիքից՝ ուրիշ ոչնչի մասին չէր մտածում ու հոգս չէր անում: Հովսեփը մեծացավ ու վայելչակազմ, գեղեցկատես տղամարդ դարձավ:  Այս ամենից հետո Հովսեփի տիրոջ կինը աչք դրեց նրա վրա: Նա ասում էր Հովսեփին. «Պառկի՛ր ինձ հետ»:  Բայց Հովսեփը մերժում էր կնոջը՝ ասելով. «Իմ տերը իր տանը ոչնչով չի մտահոգվում և ինձ է վստահել իր ողջ ունեցվածքը:  Այս տան մեջ ինձնից մեծը չկա, և իմ տերը ամեն ինչ իմ ձեռքն է հանձնել՝ բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»:+ 10  Կինը ամեն օր համոզում էր Հովսեփին, բայց նա երբեք չէր համաձայնվում անկողին մտնել նրա հետ, ոչ էլ առանձնանալ նրա հետ: 11  Մի օր, երբ նա տուն մտավ, որ իր գործերն անի, ծառաներից ոչ մեկը տանը չէր: 12  Այդ ժամանակ կինը բռնեց նրա հագուստից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Բայց նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ: 13  Երբ կինը տեսավ, որ Հովսեփը հագուստը թողեց ու դուրս փախավ, 14  բղավելով կանչեց իր ծառաներին ու ասաց. «Նայե՛ք, այդ եբրայեցին՝ այդ մարդը, որին ամուսինս բերել է այստեղ, ուզում էր մեզ ծաղրի առարկա դարձնել: Նա եկել էր, որ բռնաբարի ինձ, բայց ես ամբողջ ձայնով գոռացի: 15  Իմ գոռոցը լսելով՝ նա իր հագուստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»: 16  Կինը Հովսեփի հագուստն իր մոտ պահեց, մինչև որ Պետափրեսը՝ Հովսեփի տերը, տուն եկավ: 17  Այդ ժամանակ նույն բաները նրան ասաց. «Այն եբրայեցի ծառան, որին դու բերել ես այստեղ, եկել էր մոտս, որ ինձ ծաղրի առարկա դարձնի: 18  Բայց հենց որ բարձր գոռացի, նա իր հագուստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»: 19  Հովսեփի տերը, լսելով իր կնոջ խոսքերը, թե՝ «Քո ծառան այսպես ու այսպես արեց ինձ», խիստ բարկացավ: 20  Ուստի Հովսեփին գցեց այն բանտը, որտեղ պահվում էին թագավորի բանտարկյալները: Եվ Հովսեփը մնաց բանտում:+ 21  Բայց Եհովան Հովսեփի հետ էր և շարունակում էր հավատարիմ սեր ցույց տալ նրա հանդեպ: Նա այնպես արեց, որ Հովսեփն արժանանա բանտապետի բարեհաճությանը:+ 22  Ուստի բանտապետը Հովսեփի վերահսկողությանը հանձնեց բանտում գտնվող բոլոր բանտարկյալներին. ամեն ինչ, որ այնտեղ անում էին, նրա կարգադրությամբ էին անում:+ 23  Բանտապետը բոլորովին չէր մտահոգվում այն ամենով, ինչ վստահված էր Հովսեփին, քանի որ Եհովան Հովսեփի հետ էր, ու քանի որ նրա արած ամեն բան Եհովան հաջողեցնում էր:+

Ծանոթագրություններ