Ծննդոց 38։1-30
-
Հուդան և Թամարը (1-30)
38 Մոտավորապես այդ նույն ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և վրան կանգնեցրեց այն վայրում, որտեղ ապրում էր Իրաս անունով ոդողոմացի մի մարդ:
2 Այնտեղ Հուդան տեսավ մի աղջկա. նրա հայրը քանանացի էր,+ անունը՝ Շավա: Հուդան կնության առավ այդ աղջկան:
3 Նա հղիացավ ու մի որդի ծնեց: Հուդան նրա անունը Էր+ դրեց:
4 Կինը նորից հղիացավ ու որդի ծնեց, որի անունը Օնան դրեց:
5 Հետո ևս մի որդի ծնեց ու նրա անունը Սելոմ դրեց: Նրանք* Աքզիբում+ էին, երբ կինը ծննդաբերեց:
6 Հետագայում Հուդան իր առաջնեկի՝ Էրի համար կին բերեց: Նրա անունը Թամար+ էր:
7 Էրը Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Եհովան նրան մահվան մատնեց:
8 Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Ամուսնացիր եղբորդ կնոջ հետ՝ կատարելով տեգրի պարտավորությունդ. հարաբերություն ունեցիր նրա հետ, որ եղբորդ համար սերունդ առաջ բերես»:+
9 Բայց Օնանը, իմանալով, որ այդ սերունդը իրենը չի համարվելու,+ իր եղբոր կնոջ հետ հարաբերություն ունենալիս սերմը գետնին էր թափում, որ իր եղբոր համար սերունդ առաջ չբերի:+
10 Նրա արածը չարիք էր Եհովայի աչքին, ուստի նրան էլ մահվան մատնեց:+
11 Հուդան իր հարս Թամարին ասաց. «Քո հոր տանը բնակվիր որպես այրի, մինչև որդիս՝ Սելոմը, մեծանա»: Նա այդպես ասաց, քանի որ վախենում էր, որ Սելոմն էլ իր եղբայրների պես կմահանա:+ Այդպիսով՝ Թամարը գնաց ու բնակվեց իր հոր տանը:
12 Որոշ ժամանակ անց Հուդայի կինը՝ Շավայի+ աղջիկը, մահացավ: Հուդան նրա համար սուգ պահեց և, երբ սգի օրերը վերջացան, իր ընկերոջ՝ ոդողոմացի Իրասի+ հետ գնաց Թամնա՝+ իր ոչխարները խուզողների մոտ:
13 Թամարին ասացին. «Քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»:
14 Դա լսելով՝ նա փոխեց իր այրիության շորերը, շալը գցեց վրան, քողով ծածկեց երեսը և նստեց Ենայիմի մուտքի մոտ՝ այն բնակավայրի, որը գտնվում է Թամնայի ճանապարհին: Նա այդպես արեց, որովհետև տեսնում էր, որ Սելոմն արդեն մեծացել է, բայց իրեն կնության չեն տալիս նրան:+
15 Տեսնելով Թամարին՝ Հուդան կարծեց, թե մարմնավաճառ է, քանի որ ծածկել էր իր երեսը:
16 Ուստի թեքվեց ճանապարհից ու մոտենալով նրան՝ ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր՝ հարաբերություն ունենամ քեզ հետ»: Հուդան չգիտեր, որ դա իր հարսն է:+ Թամարը հարցրեց. «Իսկ դրա դիմաց ի՞նչ կտաս»:
17 Նա էլ պատասխանեց. «Իմ հոտից մի ուլ կուղարկեմ քեզ»: Բայց Թամարն ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»:
18 Հուդան հարցրեց. «Ի՞նչ գրավ տամ»: Նա էլ պատասխանեց. «Կնքամատանիդ,+ դրա թելը և ձեռքիդ գավազանը»: Հուդան տվեց դրանք ու հարաբերություն ունեցավ նրա հետ: Այդպիսով Թամարը հղիացավ նրանից:
19 Հետո նա վեր կացավ գնաց, իր վրայից հանեց շալը և կրկին հագավ այրիության շորերը:
20 Հուդան իր ոդողոմացի+ ընկերոջ միջոցով ուղարկեց ուլը, որ գրավը հետ վերցնի այդ կնոջ ձեռքից, բայց ընկերը չգտավ նրան:
21 Նա այդտեղի մարդկանց հարցրեց. «Որտե՞ղ է այն տաճարային մարմնավաճառը,* որ Ենայիմում էր՝ ճանապարհի մոտ»: Բայց նրանք պատասխանեցին. «Այս վայրում երբեք տաճարային մարմնավաճառ չի եղել»:
22 Ուստի նա վերադարձավ Հուդայի մոտ և ասաց. «Ես չգտա նրան: Ավելին՝ այդտեղի մարդիկ ասացին, որ այդ վայրում երբեք տաճարային մարմնավաճառ չի եղել»:
23 Հուդան էլ ասաց. «Թող դրանք իրեն պահի, որ խայտառակ չլինենք: Ամեն դեպքում ես ուղարկեցի ուլը, բայց դու նրան չգտար»:
24 Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարս Թամարը մարմնավաճառությամբ է զբաղվել և հիմա հղի է»: Այդ ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք, սպանե՛ք նրան և ապա այրե՛ք»:+
25 Երբ Թամարին արդեն դուրս էին տանում, նա լուր ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես հղի եմ այն մարդուց, որին պատկանում են այս իրերը: Տես, խնդրեմ, թե ում են պատկանում այս կնքամատանին, թելը և գավազանը»:+
26 Հուդան, ուշադիր նայելով, ճանաչեց դրանք ու ասաց. «Նա ինձնից արդար է, քանի որ ես իմ որդուն՝ Սելոմին, չտվեցի նրան»:+ Դրանից հետո նա այլևս երբեք հարաբերություն չունեցավ Թամարի հետ:
27 Երբ Թամարի ծննդաբերելու ժամանակը եկավ, պարզվեց, որ նրա արգանդում երկվորյակներ են:
28 Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը դուրս հանեց ձեռքը, և մանկաբարձուհին անմիջապես նրա ձեռքին ալ կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»:
29 Բայց նա հետ քաշեց իր ձեռքը, և հենց այդ պահին նրա եղբայրը դուրս եկավ: Մանկաբարձուհին բացականչեց. «Այս ի՜նչ պատռվածք արեցիր ու դուրս եկար»: Ուստի նրա անունը Փարես*+ դրեցին:
30 Դրանից հետո դուրս եկավ նրա եղբայրը, որի ձեռքին ալ կարմիր թել էր կապված: Նրա անունը Զարա+ դրեցին:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Նա»: Այսինքն՝ Հուդան:
^ Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
^ Նշանակում է «պատռվածք»: Հավանաբար վերաբերում է «շեքի պատռվածքին»: