Ծննդոց 33։1-20

  • Հակոբը հանդիպում է Եսավին (1-16)

  • Հակոբը գնում է Սյուքեմ (17-20)

33  Եվ ահա Հակոբը տեսավ, որ Եսավը գալիս է 400 տղամարդկանց հետ:+ Ուստի նա երեխաներին հանձնեց իրենց մայրերին՝ Լիային, Ռաքելին և երկու աղախիններին:+  Նա այնպես տեղաբաշխեց նրանց, որ առջևից գնան աղախիններն իրենց երեխաների հետ,+ ապա՝ Լիան իր երեխաների հետ,+ հետո՝ Ռաքելն+ ու Հովսեփը:  Իսկ ինքն անցավ նրանցից առաջ և, մինչ մոտենում էր իր եղբորը, յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց:  Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց ու համբուրեց, և նրանք լաց եղան:  Հետո Եսավը, տեսնելով կանանց ու երեխաներին, հարցրեց. «Այս ովքե՞ր են քեզ հետ»: Հակոբը պատասխանեց. «Այն երեխաներն են, որոնց Աստված շնորհել է քո ծառային»:+  Այդ ժամանակ աղախիններն ու իրենց երեխաները առաջ եկան և խոնարհվեցին:  Հետո առաջ եկան և խոնարհվեցին Լիան ու նրա երեխաները, ապա՝ Հովսեփն ու Ռաքելը:+  Եսավը հարցրեց. «Ինչո՞ւ էիր ուղարկել այն մարդկանց ու այն բոլոր հոտերը, որոնց ես հանդիպեցի»:+ Հակոբն էլ պատասխանեց. «Որ իմ տիրոջ բարեհաճությանն արժանանամ»:+  Եսավն ասաց. «Ես շատ ունեցվածք ունեմ, եղբա՛յրս:+ Թող քոնը քեզ մնա»: 10  Սակայն Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրում եմ, եթե քո բարեհաճությանն եմ արժանացել, ընդունիր այս նվերն իմ ձեռքից, որովհետև ես բերել եմ դա, որ կարողանամ տեսնել քո երեսը: Եվ երբ տեսա քո երեսը, ասես Աստծու երեսը տեսնեի, քանի որ ուրախությամբ ընդունեցիր ինձ:+ 11  Խնդրում եմ, ընդունիր իմ նվերը.*+ չէ՞ որ Աստված բարեհաճ է եղել իմ հանդեպ, ու ես ունեմ ամեն անհրաժեշտ բան»:+ Եվ այնքան համոզեց Եսավին, որ նա ընդունեց այն: 12  Հետո Եսավն ասաց. «Եկ ճանապարհ ընկնենք ու գնանք, և ես քո առջևից կգնամ»: 13  Բայց Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ ինձ հետ փոքր երեխաներ+ կան, ինչպես նաև ձագերին կերակրող ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ: Եթե անասուններին ամբողջ օրը շատ արագ քշեն, ողջ հոտը կսատկի: 14  Խնդրում եմ, թող իմ տերը իր ծառայից առաջ ընկնի, իսկ ես անասունների ու երեխաների քայլքին համընթաց, առանց շտապելու կշարունակեմ իմ ճանապարհը, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»:+ 15  Եսավն ասաց. «Այդ դեպքում, խնդրում եմ, թող իմ մարդկանցից մի քանիսը քեզ հետ մնան»: Հակոբն էլ պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա: Այն, որ իմ տիրոջ բարեհաճությանն եմ արժանացել, արդեն իսկ բավական է ինձ համար»: 16  Ուստի այդ օրը Եսավը ճանապարհ ընկավ դեպի Սեիր: 17  Հակոբը գնաց Սոկքոթ+ և իր համար տուն կառուցեց այնտեղ, ինչպես նաև ծածկ ունեցող փարախներ՝ իր հոտերի համար: Ահա թե ինչու նա այդ վայրը Սոկքոթ* կոչեց: 18  Հակոբը, որ իր ճամփորդությունը սկսել էր Փադան-Արամից,+ ապահով հասավ Սյուքեմ+ քաղաք՝ Քանանի+ երկիր: Նա իր վրանը կանգնեցրեց քաղաքի մոտ: 19  Հակոբը Եմորի որդիներից, որոնցից մեկը Սյուքեմն էր, 100 մետաղադրամով գնեց այն հողակտորը,+ որտեղ կանգնեցրել էր իր վրանը: 20  Այնտեղ նա մի զոհասեղան կառուցեց և այն կոչեց «Աստված՝ Իսրայելի Աստվածը»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «օրհնությունը»:
Նշանակում է «տաղավարներ», «ծածկ ունեցող փարախներ»: