Ծննդոց 32։1-32
32 Հակոբը ճանապարհ ընկավ, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան:
2 Նրանց տեսնելով՝ Հակոբն ասաց. «Սա Աստծու ճամբարն է»: Ուստի այդ վայրը Մանայիմ* կոչեց:
3 Հետո Հակոբը իրենից առաջ պատգամաբերներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիրի+ երկիր՝ Եդոմի+ տարածք:*
4 Նա այսպիսի պատվեր տվեց նրանց. «Իմ տիրոջը՝ Եսավին, հաղորդեք. «Քո ծառա Հակոբն ասում է. «Այսքան ժամանակ ես Լաբանի մոտ եմ ապրել+
5 և ձեռք եմ բերել ցլեր, էշեր, ոչխարներ, ինչպես նաև ծառաներ ու աղախիններ:+ Ու հիմա ես լուր եմ ուղարկում քեզ՝ իմ տիրոջը՝ հույս ունենալով քո բարեհաճությանն արժանանալ»»»:
6 Որոշ ժամանակ անց պատգամաբերները վերադարձան Հակոբի մոտ ու ասացին. «Մենք հանդիպեցինք քո եղբորը՝ Եսավին: Հիմա նա գալիս է քեզ դիմավորելու, և նրա հետ 400 տղամարդ կա»:+
7 Հակոբը շատ վախեցավ ու անհանգստացավ:+ Նա իր հետ եղած մարդկանց, ինչպես նաև հոտերը, խոշոր եղջերավոր անասունները և ուղտերը բաժանեց երկու ճամբարի՝
8 ասելով. «Եթե Եսավը հարձակվի մի ճամբարի վրա, մյուս ճամբարը կկարողանա փրկվել»:
9 Այնուհետև Հակոբը սկսեց աղոթել. «Ո՜վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՜վ Եհովա, որ ինձ ասում ես՝ «Վերադարձիր քո երկիր, քո ազգականների մոտ, և ես բարիք կանեմ քեզ»,+
10 ես արժանի չեմ քո սիրուն* ու հավատարմությանը, որ այսքան ժամանակ ցուցաբերել ես ծառայիդ հանդեպ:+ Հորդանանն անցնելիս միայն մի ցուպ ունեի, իսկ հիմա ունեցածս այնքան է շատացել, որ երկու ճամբար է դարձել:+
11 Այժմ աղաչո՜ւմ եմ քեզ,+ փրկիր ինձ իմ եղբոր՝ Եսավի ձեռքից. ես վախենում եմ, որ նա կգա ու կհարձակվի ինձ վրա,+ կանանց ու երեխաների վրա:
12 Մինչդեռ դու ինձ ասել ես. «Ես անպատճառ քեզ բարիք եմ անելու և քո սերունդը ծովի ավազահատիկների չափ եմ դարձնելու, որոնք այնքան շատ են, որ հնարավոր չէ հաշվել»»:+
13 Գիշերը Հակոբը այդտեղ մնաց: Իսկ հետո իր ունեցածից անասուններ առանձնացրեց, որ եղբորը՝ Եսավին, նվեր ուղարկի:+
14 Նա ընտրեց 200 էգ և 20 արու այծ, 200 էգ և 20 արու ոչխար,
15 30 ուղտ՝ իրենց կաթնակեր ձագերով, 40 կով, 10 ցուլ, 20 էգ և 10 արու էշ:+
16 Ապա հոտերը մեկը մյուսի հետևից տվեց իր ծառաներին և ասաց. «Ինձնից առաջ գնացեք ու անցեք գետը: Հոտերի միջև էլ տարածություն պահեք»:
17 Նա առաջինին պատվիրեց. «Եթե իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ ու հարցնի՝ «Ո՞վ է քո տերը, ո՞ւր ես գնում, և ո՞ւմ են պատկանում քո առջևից գնացող կենդանիները»,
18 ասա նրան. «Քո ծառա Հակոբինն են: Սա նվեր է, որը նա ուղարկել է քեզ՝ իմ տեր Եսավին,+ իսկ նա մեր հետևից է գալիս»»:
19 Հակոբը պատվեր տվեց նաև երկրորդին, երրորդին ու մյուս բոլորին, որ գնում էին հոտերի հետևից, և ասաց. «Իմ այս խոսքերը կհաղորդեք Եսավին, երբ հանդիպեք նրան:
20 Նաև կասեք. «Քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից»»: Հակոբը այսպիսի պատվերներ տվեց, քանի որ մտածում էր. «Եթե նախապես նվերներ ուղարկելով՝ խաղաղեցնեմ նրան+ ու նոր միայն երես առ երես հանդիպեմ, գուցե նա բարյացակամորեն ընդունի ինձ»:
21 Այսպես՝ ծառաները նվերներով հանդերձ նրանից առաջ գնացին ու անցան գետը, իսկ նա գիշերը ճամբարում մնաց:
22 Բայց այդ գիշեր՝ ավելի ուշ, նա վեր կացավ, վերցրեց իր երկու կանանց,+ երկու աղախիններին+ ու 11 որդիներին և անցավ Հաբոկի+ ծանծաղուտով:
23 Այդպես նրանց անցկացրեց գետի* մյուս կողմը, նաև անցկացրեց իր ողջ ունեցվածքը:
24 Երբ Հակոբը մենակ էր, մի մարդ* հայտնվեց ու սկսեց գոտեմարտել նրա հետ, այդպես՝ մինչև լուսաբաց:+
25 Տեսնելով, որ չի հաղթում Հակոբին՝ այդ մարդը դիպավ նրա ազդրի հոդին,* և այն տեղախախտվեց:+
26 Ապա նա ասաց. «Թող՝ գնամ. լույսն արդեն բացվում է»: Հակոբը պատասխանեց. «Չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»:+
27 Մարդը հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Նա էլ պատասխանեց. «Հակոբ»:
28 Մարդն ասաց. «Այսուհետ քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել,*+ քանի որ դու մարտնչեցիր Աստծու+ և մարդկանց հետ ու ի վերջո հաջողության հասար»:
29 Հակոբն էլ իր հերթին հարցրեց նրան. «Իսկ քո անո՞ւնն ինչ է. ասա ինձ, խնդրում եմ»: Բայց նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես ուզում իմանալ իմ անունը»:+ Եվ ապա օրհնեց նրան այնտեղ:
30 Հակոբն այդ վայրը Փանուել*+ կոչեց, քանի որ ասաց. «Երես առ երես տեսա Աստծուն, բայց ողջ մնացի»:+
31 Արևը նոր էր ծագել, երբ Հակոբը հեռացավ Փանուելից: Ազդրի վնասվածքի պատճառով նա կաղում էր:+
32 Իսրայելի որդիները մինչ օրս չեն ուտում ազդրի ջիլը,* որն ազդրի հոդին է կպած, քանի որ այն մարդը Հակոբի ազդրի հոդին դիպավ այդ ջլի հատվածում:
Ծանոթագրություններ
^ Նշանակում է «երկու ճամբար»:
^ Բռց.՝ «դաշտ»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Այստեղ խոսքը մարմնավորված հրեշտակի մասին է:
^ Բռց.՝ «ազդրային հոդափոսին»:
^ Նշանակում է «Աստծու հետ մարտնչող (Աստծուն ամուր կառչող)» կամ «Աստված մարտնչում է»:
^ Բռց.՝ «Փանիել»: Նշանակում է «Աստծու երես»:
^ Բռց.՝ «ազդրային նյարդի ջիլը»: