Ծննդոց 29։1-35
29 Դրանից հետո Հակոբը շարունակեց իր ճանապարհը ու գնաց դեպի արևելցիների երկիր:*
2 Հասնելով այնտեղ՝ նա դաշտում մի ջրհոր տեսավ, որի մոտ հանգիստ էին առնում ոչխարների երեք հոտեր. հոտերին այդ ջրհորից էին ջուր տալիս: Դրա բերանին մի մեծ քար կար:
3 Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները ջրհորի բերանից քարը մի կողմ էին գլորում ու ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դնում էին իր տեղը:
4 Հակոբը հարցրեց հովիվներին. «Եղբայրնե՛րս, որտեղի՞ց եք»: Նրանք պատասխանեցին. «Խառանից»:+
5 Նա ասաց. «Նաքորի+ թոռ Լաբանին+ ճանաչո՞ւմ եք»: Նրանք էլ պատասխանեցին. «Ճանաչում ենք»:
6 Հակոբը հարցրեց. «Ինչպե՞ս է, լա՞վ է»: Նրանք էլ պատասխանեցին. «Լավ է: Սա էլ նրա աղջիկ Ռաքելն+ է, որ գալիս է ոչխարների հետ»:
7 Հակոբն ասաց. «Դեռ կեսօր է: Հոտերը հավաքելու ժամանակը չէ: Լավ կլիներ՝ ջուր տայիք նրանց ու հետո տանեիք արածեցնեիք»:
8 Նրանք էլ ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը չհավաքվեն: Այդ ժամանակ ենք քարը ջրհորի բերանից մի կողմ գլորում և ջուր տալիս ոչխարներին»:
9 Հակոբը դեռ խոսում էր նրանց հետ, երբ Ռաքելը եկավ՝ բերելով իր հոր ոչխարները, որոնց հովվում էր:
10 Տեսնելով, որ իր քեռի Լաբանի աղջիկ Ռաքելը ոչխարների հետ եկավ՝ Հակոբն անմիջապես մոտեցավ ջրհորին, քարը մի կողմ գլորեց և ջուր տվեց ոչխարներին:
11 Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձր ձայնով լաց եղավ:
12 Հակոբը Ռաքելին ասաց, որ ինքը նրա հոր ազգականն* է՝ Ռեբեկայի որդին: Ռաքելն էլ վազելով գնաց ու պատմեց իր հորը:
13 Հենց որ Լաբանը+ լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին, վազեց նրան դիմավորելու: Նա գրկեց նրան, համբուրեց ու բերեց իր տուն: Հակոբն էլ Լաբանին պատմեց իր գլխով անցածը:
14 Լաբանն ասաց նրան. «Դու իրոք որ իմ միսն ու արյունն ես»:* Եվ այդպես Հակոբը մի ամբողջ ամիս մնաց նրա մոտ:
15 Հետո Լաբանն ասաց Հակոբին. «Եթե ազգականս* ես,+ ուրեմն ի՞նչ՝ առանց վճարի՞ պիտի ծառայես ինձ: Ասա ինձ, ի՞նչ վարձ տամ քեզ»:+
16 Լաբանը երկու աղջիկ ուներ: Մեծի անունը Լիա էր, փոքրինը՝ Ռաքել:+
17 Լիայի աչքերում փայլ չկար, մինչդեռ Ռաքելը շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ էր:
18 Հակոբը սիրում էր Ռաքելին, ուստի ասաց. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր աղջկա՝ Ռաքելի համար»:+
19 Լաբանն էլ պատասխանեց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան մեկ ուրիշին: Շարունակիր ապրել ինձ մոտ»:
20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար,+ բայց իր աչքին այդ տարիներն ասես մի քանի օր լինեին, որովհետև սիրում էր նրան:
21 Հետո Հակոբն ասաց Լաբանին. «Մեր որոշած ժամկետը լրացել է. Ռաքելին* տուր ինձ, որ ամուսնանամ* նրա հետ»:
22 Այդ ժամանակ Լաբանը հավաքեց այդտեղ ապրող բոլոր մարդկանց և խնջույք արեց:
23 Բայց երեկոյան նա իր աղջիկ Լիայի՛ն բերեց Հակոբի մոտ որպես նրան կին:*
24 (Լաբանը Զելփային՝ իր աղախնին, տվեց Լիային):+
25 Առավոտյան Հակոբը տեսավ, որ դա Լիան է: Նա ասաց Լաբանին. «Այս ի՜նչ արեցիր: Չէ՞ որ Ռաքելի համար եմ ծառայել քեզ: Ինչո՞ւ խաբեցիր ինձ»:+
26 Լաբանն էլ պատասխանեց. «Մեր կողմերում ընդունված չէ կրտսերին առաջնեկից շուտ կնության տալ:
27 Մի շաբաթ տոնիր այս կնոջ հետ ամուսնությունդ, հետո մյուսին էլ կտամ քեզ, բայց դրա դիմաց պետք է յոթ տարի էլ ծառայես ինձ»:+
28 Հակոբը այդպես էլ արեց՝ մի շաբաթ տոնեց այդ կնոջ հետ ամուսնությունը, իսկ հետո Լաբանն իր դուստր Ռաքելին էլ կնության տվեց նրան:
29 (Լաբանը իր աղախին Բալլային+ տվեց Ռաքելին):+
30 Հակոբը հարաբերություն ունեցավ Ռաքելի հետ: Նա Ռաքելին ավելի շատ էր սիրում, քան Լիային, և նրա համար Լաբանին ծառայեց ևս յոթ տարի:+
31 Տեսնելով, որ Լիան սիրված չէ՝* Եհովան երեխա ունենալու հնարավորություն տվեց նրան,*+ մինչդեռ Ռաքելն ամուլ էր:+
32 Լիան հղիացավ և մի որդի ունեցավ: Նրա անունը Ռուբեն*+ դրեց՝ ասելով. «Եհովան տեսավ իմ թշվառությունը,+ և հիմա ամուսինս կսիրի ինձ»:
33 Հետո նա կրկին հղիացավ ու որդի ծնեց: Նա ասաց. «Եհովան լսեց, որ հառաչում եմ սիրված չլինելու պատճառով, և այս մեկին էլ պարգևեց ինձ»: Դրա համար Լիան նրա անունը Շմավոն*+ դրեց:
34 Լիան դարձյալ հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Հիմա ամուսինս ավելի կապված կլինի ինձ հետ, քանի որ ես երեք որդի եմ ծնել նրա համար»: Ուստի որդու անունը Ղևի*+ դրեց:
35 Նա նորից հղիացավ և որդի ունեցավ, ապա ասաց. «Այժմ ես կգովաբանեմ Եհովային»: Ուստի երեխայի անունը Հուդա*+ դրեց: Դրանից հետո Լիան որոշ ժամանակ երեխա չունեցավ:
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Քանանից արևելք ընկած տարածք:
^ Բռց.՝ «եղբայրը»:
^ Բռց.՝ «իմ ոսկորն ու իմ մարմինն ես»:
^ Բռց.՝ «եղբայրս»:
^ Բռց.՝ «իմ կնոջը»:
^ Կամ՝ «հարաբերություն ունենամ»:
^ Կամ՝ «որ նա հարաբերություն ունենա նրա հետ»:
^ Բռց.՝ «ատված է»:
^ Բռց.՝ «բացեց նրա արգանդը»:
^ Նշանակում է «ահա որդի»:
^ Նշանակում է «լսել»:
^ Նշանակում է «կապվածություն», «միացած»:
^ Նշանակում է «գովաբանված», «գովաբանության առարկա»: