Ծննդոց 28։1-22

  • Իսահակը Հակոբին ուղարկում է Փադան-Արամ (1-9)

  • Բեթելում Հակոբի տեսած երազը (10-22)

    • Աստված նույն խոստումը տալիս է Հակոբին (13-15)

28  Ուստի Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց. «Քանանի աղջիկներից կին չառնես:+  Վեր կաց գնա Փադան-Արամ՝ քո մորական պապի՝ Բաթուելի տուն, և այնտեղից քո քեռու՝ Լաբանի աղջիկներից+ կին առ:  Ամենակարող Աստված կօրհնի քեզ, զավակներ կպարգևի ու կշատացնի քո սերունդը, և դու, անկասկած, մեծաթիվ ժողովրդի հայր կդառնաս:*+  Նա քեզ ու քո սերնդին կտա այն նույն օրհնությունները, որ խոստացել է Աբրահամին,+ որպեսզի տիրանաս այն երկրին, որտեղ այսքան ժամանակ ապրում ես որպես պանդուխտ, այն երկրին, որն Աստված խոստացել է տալ Աբրահամին»:+  Իսահակը ճանապարհեց Հակոբին, և նա գնաց Փադան-Արամ՝ արամեացի Բաթուելի որդի Լաբանի մոտ,+ որը Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբայրն էր:+  Եսավը տեսավ, որ Իսահակը օրհնեց Հակոբին ու նրան Փադան-Արամ ուղարկեց՝ այնտեղից կին առնելու, և որ նրան օրհնելիս պատվիրեց ու ասաց. «Քանանի աղջիկներից կին չառնես»:+  Նաև տեսավ, որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու մորը և գնաց Փադան-Արամ:+  Այդ ժամանակ Եսավը հասկացավ, որ Քանանի աղջիկները տհաճ են իր հոր՝ Իսահակի համար:+  Ուստի գնաց իսմայելացիների* մոտ և իր ունեցած կանանցից բացի՝ կնության առավ նաև Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը:+ 10  Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից և ճանապարհ ընկավ դեպի Խառան:+ 11  Որոշ ժամանակ անց, հասնելով մի վայր, կանգ առավ ու որոշեց այդտեղ գիշերել, քանի որ արևն արդեն մայր էր մտել: Նա մի քար վերցրեց, դրեց գլխի տակ ու պառկեց:+ 12  Հակոբը երազ տեսավ. երկրի վրա մի սանդուղք կար, որի ծայրը երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով:+ 13  Սանդուղքի վերևում Եհովան էր: Նա ասաց. «Ես Եհովան եմ՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը:+ Այն երկիրը, որտեղ դու պառկած ես, քեզ ու քո սերնդին կտամ:+ 14  Քո սերունդը երկրի փոշեհատիկների չափ կշատացնեմ:+ Դու կտարածվես դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ: Եվ քո ու քո սերնդի միջոցով երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն:*+ 15  Ես քեզ հետ եմ, ես կպահպանեմ քեզ, ուր էլ որ գնաս, ու քեզ կվերադարձնեմ այս երկիր:+ Ես քեզ չեմ թողնի, մինչև որ անեմ այն, ինչ խոստացել եմ քեզ»:+ 16  Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իսկապես որ, Եհովան այս վայրում է, իսկ ես չգիտեի»: 17  Ապա, վախով համակված, բացականչեց. «Ի՜նչ մեծ ահ է ներշնչում այս վայրը: Սա, անկասկած, Աստծու+ տունն է, երկնքի դարպասը»:+ 18  Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց իր գլխի տակ դրած քարը, այն կանգնեցրեց որպես հուշասյուն ու վրան յուղ լցրեց:+ 19  Նա այդ վայրը Բեթել* կոչեց. մինչ այդ քաղաքի անունը Լուզ էր:*+ 20  Ապա Հակոբը երդվեց՝ ասելով. «Ո՛վ իմ Աստված, եթե այսուհետ էլ ինձ հետ լինես, պաշտպանես ինձ իմ ճանապարհին, կերակուր* ու հագուստ տաս, 21  և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տուն, այդ ժամանակ ակնհայտ կլինի, որ դու, Եհո՛վա, իմ Աստվածն ես: 22  Իսկ այս քարը, որ կանգնեցրել եմ որպես հուշասյուն, քո տան խորհրդանիշը կդառնա,+ և ես քո տված ամեն ինչի տասներորդ մասը անպայման քեզ կտամ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ազգերի ժողով կդառնաս»:
Բռց.՝ «Իսմայելի»:
Կամ՝ «ընտանիքները»:
Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:
Նշանակում է «Աստծու տուն»:
«Բեթել» անունը ստացած վայրին մոտ գտնվող քաղաքը սկզբում կոչվում էր Լուզ, բայց հետագայում, ըստ ամենայնի, այն նույնպես հայտնի դարձավ որպես Բեթել:
Բռց.՝ «հաց»: