Ծննդոց 27։1-46

  • Հակոբը ստանում է Իսահակի օրհնությունը (1-29)

  • Եսավը ցանկանում է օրհնվել, բայց չի զղջում իր արածի համար (30-40)

  • Եսավի թշնամանքը Հակոբի հանդեպ (41-46)

27  Երբ Իսահակն արդեն ծեր էր, և նրա աչքերն այնքան էին տկարացել, որ չէր կարողանում տեսնել, իր մոտ կանչեց Եսավին՝+ իր ավագ որդուն, ու ասաց. «Տղա՛ս»: Նա էլ պատասխանեց. «Այո՛, հա՛յր իմ»:  Իսահակը շարունակեց. «Ես ծերացել եմ ու չգիտեմ՝ ինձ ինչքան է մնացել ապրելու:  Ուստի հիմա, խնդրում եմ, վերցրու քո որսորդական իրերը՝ քո կապարճն ու աղեղը, գնա դաշտ և ինձ համար որս արա:+  Հետո պատրաստիր այն համեղ կերակուրից, որ սիրում եմ, և բեր, որ ուտեմ ու նախքան մեռնելս օրհնեմ քեզ»:  Երբ Իսահակը խոսում էր իր որդի Եսավի հետ, Ռեբեկան լսում էր: Եվ այսպես՝ Եսավը դաշտ գնաց, որ որս անի ու բերի իր հորը:+  Իսկ Ռեբեկան ասաց իր որդի Հակոբին.+ «Հենց նոր լսեցի, որ հայրդ քո եղբորը՝ Եսավին, ասաց.  «Ինձ համար որսի միս բեր և համեղ կերակուր պատրաստիր, որ ուտեմ ու նախքան մեռնելս Եհովայի առաջ օրհնեմ քեզ»:+  Հիմա, որդի՛ս, ուշադիր լսիր ինձ ու արա, ինչ որ կասեմ քեզ:+  Խնդրում եմ, գնա ու հոտից երկու ընտիր ուլ բեր, որ ես հորդ սիրած համեղ կերակուրից պատրաստեմ նրա համար: 10  Հետո կտանես, որ նա ուտի և նախքան մեռնելը օրհնի քեզ»: 11  Հակոբն էլ ասաց Ռեբեկային՝ իր մորը. «Բայց իմ եղբայր Եսավը մազոտ է,+ իսկ ես՝ ոչ: 12  Բա որ հայրս շոշափի՞ ինձ:+ Նա հաստատ կմտածի, թե ծաղրում եմ իրեն, և ես ինձ վրա անեծք կբերեմ, ոչ թե օրհնություն»: 13  Հակոբի մայրը պատասխանեց. «Քեզ ուղղված անեծքը թող ինձ վրա լինի, որդի՛ս: Դու պարզապես արա իմ ասածը և բեր ուլերը»:+ 14  Հակոբը գնաց բերեց ուլերը, և իր մայրը իր հոր սիրած համեղ կերակուրից պատրաստեց: 15  Ապա Ռեբեկան վերցրեց իր ավագ որդի Եսավի ամենալավ հագուստները, որ տանն էին՝ իր մոտ, ու հագցրեց իր կրտսեր որդի Հակոբին:+ 16  Նա Հակոբի ձեռքերն ու նրա պարանոցի անմազ հատվածը ծածկեց ուլերի մորթիով:+ 17  Ապա իր պատրաստած համեղ կերակուրն ու հացը տվեց Հակոբին, որ տանի:+ 18  Հակոբը գնաց հոր մոտ ու ասաց. «Հա՛յր իմ»: Նա էլ պատասխանեց. «Լսում եմ, որդի՛ս: Ո՞վ ես՝ Հակո՞բը, թե՞ Եսավը»: 19  Հակոբն ասաց. «Եսավն եմ՝ քո առաջնեկը:+ Ես արեցի քո ասածը: Խնդրում եմ, վեր կաց, նստիր ու կեր իմ բերած որսի մսից, ապա օրհնիր ինձ»:+ 20  Իսահակն ասաց. «Ինչպե՞ս կարողացար այդքան արագ գտնել, որդի՛ս»: Նա էլ պատասխանեց. «Քո Աստված Եհովան բերեց իմ առաջ»: 21  Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցիր, խնդրեմ, որ շոշափեմ քեզ, որդի՛ս, որ իմանամ՝ իրո՞ք իմ որդի Եսավն ես, թե՞ ոչ»:+ 22  Հակոբը մոտեցավ Իսահակին, նա էլ շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբինն է, բայց ձեռքերը Եսավինն են»:+ 23  Իսահակը գլխի չընկավ, որ Հակոբն է, քանի որ նրա ձեռքերը իր եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին: Եվ այդպես օրհնեց նրան:+ 24  Հետո կրկին հարցրեց. «Դու իրո՞ք իմ որդի Եսավն ես»: Նա պատասխանեց. «Այո՛»: 25  Իսահակն էլ ասաց. «Ուրեմն, որդի՛ս, տուր ինձ այդ որսի մսից, որ ուտեմ և ապա օրհնեմ քեզ»: Հակոբն էլ տվեց, ու նա կերավ: Հետո նրա համար գինի բերեց, ու նա խմեց: 26  Ապա Իսահակն ասաց. «Որդի՛ս, խնդրում եմ, մոտեցիր ու համբուրիր ինձ»:+ 27  Հակոբը մոտեցավ ու համբուրեց նրան, և Իսահակը զգաց նրա հագուստի հոտը:+ Ապա օրհնեց նրան՝ ասելով. «Որդուցս Եհովայի օրհնած դաշտերի հոտն է գալիս: 28  Թող ճշմարիտ Աստված քեզ ցող տա երկնքից,+ բերրի հողեր՝ երկրի վրա,+ առատ հացահատիկ ու գինի:+ 29  Թող ժողովուրդները ծառայեն քեզ, և ազգերը խոնարհվեն քո առաջ: Տիրիր քո եղբայրների վրա, և թող եղբայրներդ խոնարհվեն քո առաջ:+ Թող անիծյալ լինի ամեն քեզ անիծողը, և թող օրհնյալ լինի ամեն քեզ օրհնողը»:+ 30  Երբ Իսահակն արդեն օրհնել էր Հակոբին, և Հակոբը նոր էր դուրս եկել նրա մոտից, Եսավը որսից վերադարձավ:+ 31  Նա նույնպես համեղ կերակուր պատրաստեց, բերեց իր հորը և ասաց. «Հա՛յր իմ, վեր կաց ու կեր որդուդ բերած որսի մսից, ապա օրհնիր ինձ»: 32  Այդ ժամանակ Իսահակն ասաց. «Ո՞վ ես դու»: Նա պատասխանեց. «Եսավն եմ՝ քո առաջնեկը»:+ 33  Իսահակը, սաստիկ դողալով, ասաց. «Ուրեմն ո՞վ էր այն որս անողն ու ինձ միս բերողը: Մինչև քո գալը կերա որսի միսը և օրհնեցի բերողին: Նրան տված օրհնությունս անփոփոխ կմնա»: 34  Լսելով իր հոր խոսքերը՝ Եսավը սկսեց բարձր ձայնով ու աղաղակով դառնագին լաց լինել՝ ասելով իր հորը. «Հա՛յր իմ, ի՜նձ էլ օրհնիր, ի՜նձ էլ»:+ 35  Բայց նա ասաց. «Եղբայրդ եկավ ու խաբեությամբ վերցրեց քեզ համար պահված օրհնությունը»: 36  Եսավն էլ ասաց. «Իզուր չէ, որ նրա անունը Հակոբ* է. արդեն երկու անգամ է՝ նա իմ տեղն է զբաղեցնում:+ Առաջնեկության իրավունքս վերցրել էր,+ հիմա էլ օրհնությունս վերցրեց»:+ Ապա Եսավը հարցրեց. «Մի՞թե ինձ համար օրհնություն չես պահել»: 37  Իսահակը պատասխանեց Եսավին. «Ես նրան տեր եմ նշանակել քեզ վրա+ ու նրա բոլոր եղբայրներին իր ծառան եմ դարձրել: Նրան առատորեն հացահատիկ ու գինի եմ տվել:+ Էլ ի՞նչ մնաց, որ քեզ տամ, որդի՛ս»: 38  Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, մի՞թե ընդամենը մի օրհնություն ունես: Ի՜նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՜նձ էլ»: Եվ բարձր ձայնով աղիողորմ լաց եղավ:+ 39  Իսահակն ասաց նրան. «Երկրի բերրի հողերից հեռու ես բնակվելու՝ երկնքի ցողից զրկված:+ 40  Ողջ կյանքում սրիդ հաշվին ես ապրելու+ և քո եղբորն ես ծառայելու:+ Բայց երբ համբերության բաժակդ լցվի, դու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»:+ 41  Դրանից հետո Եսավը ոխ էր պահում Հակոբի դեմ այն բանի համար, որ հոր օրհնությունը նա էր ստացել,+ և ինքն իրեն անընդհատ ասում էր. «Հորս համար սգալու օրերը մոտենում են.+ դրանից հետո ես կսպանեմ իմ եղբայր Հակոբին»: 42  Երբ Ռեբեկային հայտնեցին իր ավագ որդի Եսավի խոսքերը, նա անմիջապես մարդ ուղարկեց և իր մոտ կանչեց կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Եղբայրդ՝ Եսավը, մտադրվել է վրեժ լուծել քեզանից ու սպանել քեզ:* 43  Ուստի, որդի՛ս, արա, ինչ կասեմ քեզ. փախիր Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ:+ 44  Որոշ ժամանակ նրա մոտ ապրիր, մինչև եղբորդ ցասումն անցնի, 45  մինչև քո դեմ բորբոքված նրա բարկությունը մեղմանա, և նա մոռանա, թե ինչ ես արել իրեն: Այդ ժամանակ ես մարդ կուղարկեմ, որ այնտեղից հետ կանչեմ քեզ: Ինչո՞ւ մի օրում երկուսիդ էլ կորցնեմ»: 46  Դրանից հետո Ռեբեկան անընդհատ ասում էր Իսահակին. «Կյանքիցս զզվել եմ Քետի աղջիկների պատճառով:+ Եթե Հակոբն էլ Քետի աղջիկներից կին առնի՝ այս երկրի աղջիկների պես մեկին, էլ ինչո՞ւ եմ ապրում»:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «կրունկից բռնող», «ուրիշի տեղը զբաղեցնող»:
Կամ՝ «մխիթարում է իրեն այն մտքով, որ սպանելու է քեզ»: