Ծննդոց 26։1-35
26 Այդ երկրում սով եղավ, ինչպես Աբրահամի օրերում:+ Ուստի Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների թագավոր Աբիմելեքի մոտ:
2 Այնտեղ Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Մի՛ իջիր Եգիպտոս: Բնակվիր այս երկրի այն տեղանքում, որտեղ քեզ ցույց կտամ:
3 Բնակվիր այս երկրում որպես օտարական,+ և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ: Այս բոլոր տարածքները քեզ ու քո սերնդին կտամ+ և կկատարեմ իմ երդումը, որ տվել եմ քո հայր Աբրահամին՝+
4 ասելով նրան. «Երկնքի աստղերի չափ կշատացնեմ քո սերունդը+ և այս բոլոր տարածքները քո սերնդին կտամ:+ Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն»:*+
5 Այս ամենը կանեմ, քանի որ Աբրահամը լսում էր իմ ձայնին և միշտ պահում էր իմ պատվիրանները, հրամանները, կանոններն ու օրենքները»:+
6 Այսպիսով՝ Իսահակը շարունակեց ապրել Գերարում:+
7 Երբ այնտեղի մարդիկ Իսահակին հարցնում էին իր կնոջ մասին, նա ասում էր՝ իմ քույրն է:+ Նա վախենում էր ասել՝ իմ կինն է, քանի որ մտածում էր՝ այնտեղի մարդիկ կսպանեն իրեն, որ տիրանան Ռեբեկային, որովհետև գեղեցիկ կին էր:+
8 Անցավ որոշ ժամանակ, և մի օր, երբ փղշտացիների թագավոր Աբիմելեքը պատուհանից դուրս էր նայում, տեսավ, որ Իսահակը փաղաքշում է* Ռեբեկային:+
9 Աբիմելեքն անմիջապես կանչեց Իսահակին ու ասաց. «Փաստորեն, նա քո կի՛նն է: Ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է»: Իսահակը պատասխանեց. «Այդպես ասացի, քանի որ վախենում էի, թե ինձ կսպանեն, որ տիրանան նրան»:+
10 Աբիմելեքն էլ ասաց. «Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին:+ Ժողովրդի միջից ինչ-որ մեկը կարող էր կենակցել կնոջդ հետ, ու մենք մեղքի մեջ կընկնեինք քո պատճառով»:+
11 Հետո Աբիմելեքը զգուշացրեց ողջ ժողովրդին. «Ով որ դիպչի այս մարդուն ու նրա կնոջը, անշուշտ կմեռնի»:
12 Իսահակը սերմ ցանեց այդ երկրում և հենց այդ տարի իր ցանածից հարյուրապատիկ ավել բերք ստացավ, քանի որ Եհովան օրհնում էր նրան:+
13 Իսահակը հարստացավ: Նրա ունեցվածքը ավելի ու ավելի էր շատանում, այնպես որ նա շատ հարուստ մարդ դարձավ:
14 Նա ոչխարների հոտերի, նախիրների, ինչպես նաև շատ ծառաների տեր դարձավ,+ և փղշտացիները սկսեցին նախանձել նրան:
15 Ուստի նրանք հողով ծածկեցին այն բոլոր ջրհորները, որ Իսահակի հոր՝ Աբրահամի ծառաները փորել էին նրա կենդանության օրոք:+
16 Ի վերջո Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի հզոր ես դարձել»:
17 Իսահակը հեռացավ այնտեղից, ճամբար դրեց Գերարի+ գետահովտում* և սկսեց այնտեղ ապրել:
18 Իսահակը կրկին փորեց այն ջրհորները, որոնք փորվել էին իր հայր Աբրահամի օրերում, բայց որոնք փղշտացիները նրա մահից հետո ծածկել էին:+ Իսահակը դրանք կոչեց նույն անուններով, որոնցով իր հայրն էր կոչել:+
19 Այդ գետահովտում ջրհորներ փորելիս Իսահակի ծառաները գտան մի ջրհոր, որում հոսող ջուր կար:
20 Գերարի հովիվները սկսեցին վիճել Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Ջուրը մերն է»: Եվ քանի որ նրանք վիճեցին իր հետ, նա այդ ջրհորը Էսեք* կոչեց:
21 Իսահակի ծառաները մեկ ուրիշ ջրհոր փորեցին, և դրա շուրջ էլ վեճ բռնվեց: Ուստի նա այն Սիթնա* կոչեց:
22 Հետո հեռացավ այդտեղից ու մեկ ուրիշ ջրհոր փորեց: Այս մեկի համար այլևս չվիճեցին: Ուստի այն Ռոհոբոթ* կոչեց՝ ասելով. «Այժմ Եհովան մեզ լայնարձակ տեղ է տվել ու զավակներ է պարգևել+ այս երկրում»:
23 Այնտեղից Իսահակը գնաց Բերսաբեե:+
24 Այդ գիշեր Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես քո հայր Աբրահամի Աստվածն եմ:+ Մի՛ վախեցիր,+ որովհետև ես քեզ հետ եմ. ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը՝ հանուն իմ ծառա Աբրահամի»:+
25 Ուստի Իսահակը զոհասեղան շինեց այնտեղ ու կանչեց Եհովայի անունը:*+ Այդ վայրում նա վրան կանգնեցրեց,+ ու նրա ծառաները սկսեցին ջրհոր փորել:
26 Հետո Աբիմելեքը իր անձնական խորհրդական Ոքոզաթի և զորագլուխ Փիքողի հետ Գերարից եկավ նրա մոտ:+
27 Իսահակը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. չէ՞ որ ատելությամբ վերաբերվեցիք ինձ և վռնդեցիք ձեր մոտից»:
28 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք պարզ տեսանք, որ Եհովան քեզ հետ է:+ Դրա համար որոշեցինք գալ ու ասել քեզ. «Եկ երդումով պարտավորություն ստանձնենք և ուխտ կապենք,+
29 քանի որ դու Եհովայից օրհնված մարդ ես: Խոստացիր, որ դու ոչ մի վատություն չես անի մեզ, ինչպես որ մենք ոչ մի վնաս չհասցրինք քեզ: Մենք լավ վարվեցինք քեզ հետ՝ խաղաղությամբ բաժանվելով քեզանից»»:
30 Դրանից հետո Իսահակը այդ մարդկանց համար խնջույք կազմակերպեց, և նրանք կերան-խմեցին:
31 Վաղ առավոտյան վեր կացան ու երդում տվեցին Իսահակին, Իսահակն էլ՝ նրանց:+ Հետո նա հրաժեշտ տվեց այդ մարդկանց, ու նրանք գնացին խաղաղությամբ:
32 Այդ օրը Իսահակի ծառաները եկան ու իրենց փորած ջրհորի+ մասին լուր հայտնեցին՝ ասելով. «Ջուր ենք գտել»:
33 Ուստի Իսահակը այն Սաբեե* կոչեց: Այդտեղ գտնվող քաղաքը մինչ օրս կոչվում է Բերսաբեե:*+
34 Երբ Եսավը 40 տարեկան էր, կնության առավ Հուդիթին՝ քետացի Բեերիի աղջկան, և Բասեմաթին՝ քետացի Ելոնի աղջկան:+
35 Նրանք դառնացրին Իսահակի ու Ռեբեկայի կյանքը:+
Ծանոթագրություններ
^ Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:
^ Կամ՝ «գրկել է»:
^ Նշանակում է «վեճ»:
^ Նշանակում է «մեղադրանք»:
^ Նշանակում է «լայնարձակ տեղեր»:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
^ Հնարավոր է՝ նշանակում է «երդում» կամ «յոթ»:
^ Հնարավոր է՝ նշանակում է «երդման ջրհոր» կամ «յոթի ջրհոր»: