Ծննդոց 25։1-34
25 Աբրահամը դարձյալ կին առավ: Նրա անունը Քետուրա էր:
2 Ժամանակի ընթացքում նրանք զավակներ ունեցան՝ Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին,+ Եսբոկին ու Սովեին:+
3 Հեկսանը ունեցավ Սաբային ու Դեդանին:
Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմն ու Լովոմիմը:
4 Մադիանի որդիներն էին Գեֆան, Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան:
Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին:
5 Հետագայում Աբրահամը իր ողջ ունեցվածքը տվեց Իսահակին:+
6 Իսկ հարճերից ծնված իր որդիներին նվերներ տվեց: Այնուհետև, քանի դեռ ողջ էր, նրանց ուղարկեց դեպի արևելք ընկած տարածքներ՝ իր որդուց՝ Իսահակից հեռու:+
7 Ընդհանուր հաշվով Աբրահամն ապրեց 175 տարի:
8 Այնուհետև Աբրահամը տվեց իր վերջին շունչը: Երկար ու գոհացուցիչ կյանք ապրած՝ խոր ծերության մեջ նա մահացավ և միացավ իր նախահայրերին:*
9 Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որը գտնվում է Մամբրեի դիմաց:+
10 Դա այն արտն է, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից: Նա թաղվեց այնտեղ՝ իր կնոջ՝ Սառայի մոտ:+
11 Աբրահամի մահից հետո Աստված շարունակեց օրհնել նրա որդի Իսահակին:+ Իսահակը ապրում էր Բեեր-Լահայրոյի մոտակայքում:+
12 Սա է Իսմայելի+ պատմությունը՝ Աբրահամի որդու, որին ծնել էր եգիպտացի Հագարը՝+ Սառայի աղախինը:
13 Սրանք են Իսմայելի որդիների անունները և այն տոհմերի անունները, որոնք առաջ եկան նրանցից. Նաբեոթ+ (Իսմայելի առաջնեկը), Կեդար,+ Ադբեել, Մաբսամ,+
14 Մասմա, Դումա, Մասսե,
15 Քոդադ, Թեմա, Հետուր, Նաֆես ու Կեդմա:
16 Սրանք են Իսմայելի որդիները՝ 12 տոհմերի տոհմապետները,+ որոնց անուններով կոչվում էին նաև նրանց բնակավայրերն ու ճամբարատեղիները:*
17 Իսմայելն ապրեց 137 տարի: Հետո նա, տալով վերջին շունչը, միացավ իր նախահայրերին:*
18 Նրա սերունդները սկսեցին բնակվել Եվիլայից+ մինչև Ասորեստան ընկած տարածքում (Եվիլան գտնվում է Սուրի+ մոտ, որը սահմանակից է Եգիպտոսին): Նրանք բնակվում էին իրենց բոլոր եղբայրների հարևանությամբ:*+
19 Իսկ Աբրահամի որդի Իսահակի պատմությունը սա է:+
Աբրահամն ունեցավ Իսահակին:
20 Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ, որը Փադան-Արամում բնակվող արամեացի Բաթուելի+ աղջիկն էր՝ արամեացի Լաբանի քույրը:
21 Իսահակը շարունակ աղերսում էր Եհովային իր կնոջ համար, որովհետև նա ամուլ էր: Եհովան պատասխանեց նրա աղաչանքներին, ու նրա կինը՝ Ռեբեկան, հղիացավ:
22 Ռեբեկայի ներսում նրա որդիները սկսեցին կռվել իրար հետ,+ ուստի նա ասաց. «Եթե այսպես տանջվելու եմ, էլ ինչո՞ւ եմ ապրում»: Եվ նա այդ մասին հարցրեց Եհովային:
23 Եհովան ասաց նրան. «Քո արգանդում+ երկու ազգ կա, ու երկու ժողովուրդ կծնվի քեզանից:+ Մեկը մյուսից զորավոր կլինի,+ և մեծը կծառայի փոքրին»:+
24 Եկավ Ռեբեկայի ծննդաբերելու ժամանակը, և նա երկվորյակներ լույս աշխարհ բերեց:
25 Առաջինը, որ ծնվեց, ամբողջովին կարմրավուն էր, և նրա մարմինն այնքան մազոտ էր,+ որ կարծես մազե հագուստ լիներ վրան, ուստի նրա անունը Եսավ*+ դրեցին:
26 Այնուհետև ծնվեց նրա եղբայրը. նա ձեռքով բռնել էր Եսավի կրունկը,+ ուստի նրա անունը Հակոբ*+ դրեցին: Իսահակը 60 տարեկան էր, երբ Ռեբեկան լույս աշխարհ բերեց նրանց:
27 Տղաները մեծացան: Եսավը հմուտ որսորդ+ դարձավ ու շատ հաճախ դաշտերում էր լինում,* իսկ Հակոբը մեծ մասամբ վրաններում էր լինում:+ Նա անարատ մարդ էր:
28 Իսահակը ավելի շատ Եսավին էր սիրում, քանի որ իր համար որսի միս էր բերում, իսկ Ռեբեկան ավելի շատ Հակոբին+ էր սիրում:
29 Մի անգամ, երբ Եսավը ուժասպառ վերադարձավ դաշտից, Հակոբը ապուր էր եփում:
30 Եսավն ասաց Հակոբին. «Շո՛ւտ արա, խնդրում եմ, քո այդ կարմիր ապուրից* տուր՝ ուտեմ. սովից ուժասպառ եմ եղել»: Ահա թե ինչու նրան Եդոմ*+ անունը տվեցին:
31 Հակոբը պատասխանեց. «Նախ վաճառիր ինձ առաջնեկության իրավունքդ»:+
32 Եսավն էլ ասաց. «Ուր որ է կմեռնեմ. ինչի՞ս է պետք այդ առաջնեկության իրավունքը»:
33 Հակոբը շարունակեց. «Նախ երդվի՛ր ինձ»: Նա էլ երդվեց և իր առաջնեկության իրավունքը վաճառեց Հակոբին:+
34 Այդ ժամանակ Հակոբը ոսպով ապուր ու հաց տվեց Եսավին: Նա կերավ ու խմեց, ապա վեր կացավ գնաց: Այդպես Եսավը արհամարհեց առաջնեկության իրավունքը:
Ծանոթագրություններ
^ Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
^ Կամ՝ «քարե ցանկապատով ճամբարները»:
^ Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
^ Կամ հնարավոր է՝ «Նրանք թշնամական հարաբերություններ ունեին իրենց բոլոր եղբայրների հետ»:
^ Նշանակում է «մազոտ»:
^ Նշանակում է «կրունկից բռնող», «ուրիշի տեղը զբաղեցնող»:
^ Բռց.՝ «դաշտի մարդ էր»:
^ Բռց.՝ «կարմրից, այդ կարմրից»:
^ Նշանակում է «կարմիր»: