Ծննդոց 20։1-18
-
Աստված Սառային ազատում է Աբիմելեքից (1-18)
20 Աբրահամն իր ճամբարը տեղափոխեց+ Նեգև ու սկսեց բնակվել Կադեսի+ և Սուրի+ միջև գտնվող տարածքում: Իսկ երբ նա որոշ ժամանակ բնակվում էր* Գերարում,+
2 իր կնոջ՝ Սառայի մասին կրկին ասաց, թե նա իր քույրն է:+ Գերարի թագավոր Աբիմելեքը* մարդ ուղարկեց ու Սառային իր մոտ բերեց:+
3 Դրանից հետո Աստված գիշերը երազում ասաց Աբիմելեքին. «Դու մեռնելու ես, քանի որ այդ կնոջը քեզ մոտ բերեցիր.+ նա ուրիշի կինն է»:+
4 Սակայն Աբիմելեքը չէր դիպել Սառային:* Ուստի ասաց. «Եհո՛վա, մի՞թե կսպանես մի ժողովրդի, որն իրոք անմեղ* է:
5 Չէ՞ որ այն մարդն ինձ ասաց՝ «Նա իմ քույրն է», և կինն էլ ասաց՝ «Նա իմ եղբայրն է»: Ես անկեղծ սրտով եմ արել այդ բանը և վատ միտում չեմ ունեցել»:*
6 Ճշմարիտ Աստված ասաց նրան. «Գիտեմ, որ դա անկեղծ սրտով ես արել, դրա համար էլ հետ պահեցի քեզ իմ դեմ մեղք գործելուց և թույլ չտվեցի, որ դիպչես նրան:
7 Ուրեմն հիմա վերադարձրու այդ մարդու կնոջը, քանի որ նա մարգարե է:+ Նա քեզ համար աղաչանք կանի ինձ,+ և դու չես մեռնի: Բայց եթե չվերադարձնես նրան, իմացիր, որ դու հաստատ կմեռնես, թե՛ դու, թե՛ բոլոր տնեցիներդ»:
8 Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին ու պատմեց այս բոլոր բաները, և այդ մարդիկ շատ վախեցան:
9 Այնուհետև Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին: Ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ, որ ինձ և իմ թագավորությունը այսպիսի մեծ մեղքի մեջ գցեցիր: Ճիշտ բան չարեցիր իմ հանդեպ»:
10 Ապա Աբիմելեքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ միտումով արեցիր այդ բանը»:+
11 Աբրահամը պատասխանեց. «Ես մտածեցի, որ այստեղի մարդիկ հաստատ Աստծուց վախ չունեն ու ինձ կսպանեն, որ խլեն կնոջս:+
12 Բացի դրանից՝ նա իրոք իմ քույրն է. մենք նույն հորից ենք, բայց տարբեր մայրերից: Նա իմ կինը դարձավ:+
13 Եվ երբ Աստված ինձ ասաց, որ հեռանամ հայրական տնից, ու ես սկսեցի տեղից տեղ գնալ,+ կնոջս ասացի. «Հանուն իմ հանդեպ քո հավատարիմ սիրո՝ մի լավություն արա ինձ. ուր էլ որ գնանք, ասա, որ ես քո եղբայրն եմ»»:+
14 Այդ ժամանակ Աբիմելեքը Աբրահամին ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ, ծառաներ ու աղախիններ տվեց և վերադարձրեց նրա կնոջը՝ Սառային:
15 Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առաջ է: Բնակվիր, որտեղ կուզես»:
16 Իսկ Սառային ասաց. «Քո եղբորը+ 1 000 կտոր արծաթ եմ տալիս: Դա քո անմեղության նշանը կլինի* քո բոլոր տնեցիների և մյուս բոլոր մարդկանց համար ու կազատի քեզ ամեն մեղադրանքից»:
17 Աբրահամը Աբիմելեքի համար աղաչեց ճշմարիտ Աստծուն, և Աստված այնպես արեց, որ Աբիմելեքն ու նրա կինը, ինչպես նաև աղախինները կրկին երեխաներ ունենան:
18 Բանն այն է, որ Եհովան Աբիմելեքի տան բոլոր կանանց անպտուղ էր դարձրել Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ապրում էր որպես օտարական»:
^ Սա, հավանաբար, փղշտացի թագավորների պաշտոնական տիտղոսն էր:
^ Կամ՝ «արդար»:
^ Այսինքն՝ հարաբերություն չէր ունեցել նրա հետ:
^ Բռց.՝ «և մաքուր ձեռքերով»:
^ Բռց.՝ «դա քեզ համար աչքերի ծածկոց է»: Եբր. դարձվածք, որով պաշտոնապես հայտարարվում էր, որ կնոջ հեղինակությունը արատավորված չէ, և այդպիսով նա ուրիշների աչքում մաքրվում էր ամեն մեղադրանքից: