Ծննդոց 17։1-27
17 Երբ Աբրամը 99 տարեկան էր, Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես Ամենակարող Աստվածն եմ: Գնա իմ ճանապարհներով և անարատ* եղիր:
2 Ես կհաստատեմ իմ ու քո միջև կնքված ուխտը+ և խիստ կշատացնեմ քո սերունդը»:+
3 Դա լսելուն պես Աբրամը, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց, և Աստված շարունակեց խոսել նրա հետ.
4 «Ես քեզ հետ ուխտ եմ կապել,+ և դու, անշուշտ, շատ ազգերի հայր կդառնաս:+
5 Քո անունը այլևս Աբրամ* չի լինի, այլ Աբրահամ* կլինի, որովհետև քեզ շատ ազգերի հայր կդարձնեմ:
6 Ես քեզ շատ ու շատ սերունդներ կտամ, քեզանից ազգեր առաջ կգան, և թագավորներ կսերեն:+
7 Ես կպահեմ իմ ուխտը, որ կապել եմ քեզ հետ,+ քո միջոցով՝ նաև քո սերնդի ու նրանց գալիք սերունդների հետ. դա հավիտենական ուխտ է, որը կապել եմ, որպեսզի Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո եկող քո սերնդի համար:
8 Այս երկիրը, որտեղ ապրում ես որպես պանդուխտ՝+ Քանանի ողջ երկիրը, քեզ ու քո սերնդին կտամ որպես մնայուն սեփականություն և նրանց Աստվածը կլինեմ»:+
9 Ապա Աստված ասաց Աբրահամին. «Դու պետք է պահես իմ ուխտը, ինչպես դու, այնպես էլ քեզնից հետո եկող քո սերունդը և նրանց գալիք սերունդները:
10 Այն ուխտը, որը կապում եմ ձեզ հետ, և որը պետք է պահեք դու և քո սերունդները, սա է. ձեր մեջ արական սեռի ամեն անձ պետք է թլփատվի:+
11 Դուք պետք է կտրեք ձեր թլիփը. դա կծառայի որպես իմ ու ձեր միջև կապված ուխտի նշան:+
12 Ձեր մեջ յուրաքանչյուր ութ օրական արու զավակ պետք է թլփատվի:+ Քո տան մեջ ամեն ծնվածը և օտարականից փողով գնվածը, որ քո սերնդից չէ, պետք է թլփատվի: Այսպես պետք է արվի սերնդեսերունդ:
13 Քո տան մեջ ծնված, նաև փողով գնված յուրաքանչյուր անձ, որ արական սեռի է, պետք է թլփատվի:+ Իմ ուխտը, որի նշանը կդրվի ձեր մարմնի վրա, տևական ուխտ կլինի:
14 Իսկ եթե արական սեռի որևէ անթլփատ անձ չկտրի իր թլիփը, նա* պետք է վերացվի իր ժողովրդի միջից. նա դրժել է ինձ հետ կապված ուխտը»:
15 Հետո Աստված ասաց Աբրահամին. «Ինչ վերաբերում է քո կին Սարային,+ դու չպետք է նրան Սարա* կոչես, որովհետև նրա անունը այսուհետ Սառա* կլինի:
16 Ես կօրհնեմ նրան և նրա միջոցով քեզ որդի կպարգևեմ:+ Այո՛, ես կօրհնեմ նրան, ու նրանից ազգեր ու թագավորներ* կսերեն»:
17 Դա լսելուն պես Աբրահամը, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց: Ապա ծիծաղեց ու իր մտքում* ասաց.+ «Մի՞թե 100 տարեկան տղամարդը երեխա կունենա, և մի՞թե Սառան՝ 90 տարեկան կինը, կծնի»:+
18 Ապա Աբրահամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող Իսմայելը քո օրհնությունն ունենա»:*+
19 Ի պատասխան՝ Աստված ասաց. «Անկասկած, քո կին Սառան որդի կծնի քեզ համար: Նրա անունը Իսահակ*+ կդնես: Ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ, և այն հավիտենական ուխտ կլինի նրա և իր գալիք սերունդների համար:+
20 Իսկ ինչ վերաբերում է Իսմայելին, ես լսեցի քեզ: Ես կօրհնեմ նրան, շատ զավակներ կպարգևեմ և նրա սերունդը անչափ մեծաթիվ կդարձնեմ: Նրանից 12 տոհմապետներ կսերեն, և ես նրան մեծ ազգ կդարձնեմ:+
21 Սակայն իմ ուխտը Իսահակի հետ կհաստատեմ,+ որին Սառան քեզ համար լույս աշխարհ կբերի հաջորդ տարի՝ այս ժամանակ»:+
22 Երբ Աստված Աբրահամի հետ խոսեց վերջացրեց, հեռացավ նրանից:
23 Հենց նույն օրը Աբրահամը, Աստծու ասածի համաձայն, թլփատեց իր որդի Իսմայելին և իր տան մեջ ծնված, նաև փողով գնված արական սեռի բոլոր անձանց՝ իր տան ամեն մի տղամարդու:+
24 Աբրահամը 99 տարեկան էր, երբ թլփատվեց:+
25 Իսկ նրա որդին՝ Իսմայելը, 13 տարեկան էր, երբ թլփատվեց:+
26 Հենց նույն օրը Աբրահամն ու իր որդի Իսմայելը թլփատվեցին:
27 Նրա հետ թլփատվեցին նաև իր տան արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ իր տան մեջ ծնվածները և օտարականներից փողով գնվածները:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անմեղադրելի»:
^ Նշանակում է «հայրը բարձր է (վեհ է)»:
^ Նշանակում է «բազմության հայր», «շատերի հայր»:
^ Կամ՝ «այդ հոգին»:
^ Նշանակում է «իշխանուհի»:
^ Հնարավոր է՝ նշանակում է «կռվարար»:
^ Բռց.՝ «ժողովուրդների թագավորներ»:
^ Բռց.՝ «սրտում»:
^ Բռց.՝ «ապրի քո առաջ»:
^ Նշանակում է «ծիծաղ»:

