Թվեր 35։1-34
35 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում,+ որ հանդիպակաց է Երիքովին: Նա ասաց.
2 «Իսրայելացիներին պատվիրիր, որ իրենց բաժին ժառանգությունից ղևտացիներին քաղաքներ տան բնակության համար:+ Նաև թող տան այդ քաղաքների շրջակա արոտավայրերը:+
3 Ղևտացիները կբնակվեն այդ քաղաքներում, արոտավայրերն էլ կօգտագործեն իրենց անասունների ու մյուս բոլոր ընտանի կենդանիների համար:
4 Քաղաքների շրջակա արոտավայրերը, որ կտաք ղևտացիներին, պետք է, քաղաքի պարսպից հաշված, 1 000 կանգուն* տարածություն ունենան:
5 Քաղաքից դուրս ամեն կողմից՝ արևելյան, հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից, չափեք 2 000 կանգուն,* իսկ քաղաքը մեջտեղում կլինի: Դրանք կլինեն նրանց քաղաքներին կից արոտավայրերը:
6 Ղևտացիներին տրվելիք քաղաքներից 6-ը պետք է ապաստանի քաղաք լինեն,+ որպեսզի նա, ով մարդ սպանի, այնտեղ փախչի:+ Դրանցից բացի՝ նրանց պետք է տաք 42 այլ քաղաքներ:
7 Ղևտացիներին պետք է ընդհանուր հաշվով 48 քաղաք տաք՝ դրանց արոտավայրերով հանդերձ:+
8 Քաղաքները, որ պետք է տաք նրանց, իսրայելացիներին տրված բաժնից կլինեն:+ Մեծաքանակ ցեղից շատ վերցրեք, իսկ փոքրաթիվ ցեղից՝ քիչ:+ Յուրաքանչյուր ցեղ կտա իր քաղաքներից մի քանիսը՝ ըստ իր ստացած ժառանգության չափի»:
9 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ.
10 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Ահա դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+
11 Ձեզ համար պետք է հարմար քաղաքներ ընտրեք, որ դրանք լինեն ապաստանի քաղաքներ: Այնտեղ պետք է փախչի նա, ով առանց դիտավորության մարդ* սպանի:+
12 Այդ քաղաքները արյան վրիժառուից+ պատսպարվելու տեղ կլինեն, որ սպանություն գործած մարդուն ոչ ոք չսպանի, մինչև որ նա չկանգնի ժողովի* առաջ՝ դատվելու:+
13 Ապաստանի վեց քաղաքները, որ կտաք, հենց այդ նպատակին կծառայեն:
14 Ապաստանի երեք քաղաք պետք է լինի Հորդանանի այս կողմում,+ երեք քաղաք էլ՝ Քանանում:+
15 Այդ վեց քաղաքները ապաստան կծառայեն իսրայելացիների, նրանց մեջ բնակվող պանդուխտի+ ու նորաբնակի համար, որ այնտեղ փախչի նա, ով առանց դիտավորության մարդ* սպանի:+
16 Եթե մարդը երկաթե գործիքով հարվածի մեկ ուրիշին, ու նա մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+
17 Եթե նա հարվածի քարով, ինչը կարող է մահացու վնաս պատճառել, և այդ մարդը մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:
18 Եվ եթե հարվածի փայտե գործիքով, ինչը կարող է մահացու վնաս պատճառել, և մարդը մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:
19 Մարդասպանին մահվան մատնողը պետք է լինի արյան վրիժառուն: Երբ հանդիպի նրան, պետք է սպանի:
20 Եթե որևէ մեկը, ատելությունից դրդված, հրի մեկ ուրիշին, չարամտորեն* ինչ-որ բան նետի նրա վրա, և նա մահանա,+
21 կամ էլ եթե թշնամաբար բռունցքով հարվածի, և նա մահանա, հարվածողը անպատճառ պետք է մահվան մատնվի: Նա մարդասպան է: Արյան վրիժառուն պետք է սպանի նրան, երբ հանդիպի:
22 Բայց եթե դա եղել է պատահմամբ՝ նա ատելությունից մղված չի հրել նրան, չար մտադրությամբ* չի ինչ-որ բան նետել նրա վրա,+
23 եթե առանց նրան տեսնելու է քար նետել վրան և թշնամանք չի ունեցել նրա հանդեպ, չի ուզել վնասել նրան, բայց նա մահացել է,
24 ապա ժողովը հարվածողի և արյան վրիժառուի միջև թող դատ անի՝ ըստ վերոնշյալ ցուցումների:+
25 Այդպես ժողովը սպանություն գործած մարդուն թող ազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան վերադարձնի ապաստանի քաղաք, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված+ քահանայապետի մահը:
26 Սակայն եթե սպանություն գործած մարդը դուրս գա ապաստանի քաղաքի սահմաններից, ուր փախել էր,
27 և արյան վրիժառուն նրան գտնի ապաստանի քաղաքի սահմաններից դուրս ու սպանի, արյունապարտ չի լինի,
28 քանի որ սպանություն գործած մարդը մինչև քահանայապետի մահը պետք է ապաստանի քաղաքում մնար: Նա կարող է տուն վերադառնալ միայն քահանայապետի մահից հետո:+
29 Սերնդեսերունդ այս կանոնների համաձայն պետք է դատ վարեք, որտեղ էլ որ բնակվեք:
30 Ամեն ոք, ով մարդ սպանի, պետք է մահվան մատնվի որպես մարդասպան,+ եթե դա հաստատվի վկաների ցուցմունքներով:*+ Բայց մեկ վկայի ցուցմունքով ոչ ոք չպետք է մահվան մատնվի:
31 Փրկագին չվերցնեք մարդասպանի կյանքի համար, ով արժանի է մահվան. նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+
32 Ապաստանի քաղաք փախած մարդու համար էլ փրկագին չվերցնեք ու թույլ չտաք նրան վերադառնալ իր տուն նախքան քահանայապետի մահը:
33 Չապականեք այն երկիրը, որտեղ ապրում եք. արյունն ապականում է երկիրը,+ և թափված արյունից երկիրը կմաքրվի* միմիայն այն մարդու արյունով, ով թափել է այն:+
34 Չպղծեք այն երկիրը, որտեղ ապրում եք, որտեղ ես էլ եմ բնակվում: Չէ՞ որ ես՝ Եհովաս, բնակվում եմ Իսրայելի ժողովրդի մեջ»»:+

