Թվեր 32։1-42

  • Հորդանանի արևելյան կողմում գտնվող բնակավայրերը (1-42)

32  Ռուբենի+ ու Գադի+ որդիները մեծ քանակությամբ անասուններ ունեին: Նրանք տեսան, որ Հազերի+ ու Գաղաադի տարածքները լավ տեղանք են անասունների համար:  Ուստի Գադի և Ռուբենի որդիները եկան Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի ցեղապետների մոտ ու դիմելով Մովսեսին՝ ասացին.  «Տեսանք, որ Ատարոթի, Դեբոնի, Հազերի, Նամրանի, Եսեբոնի,+ Ելեալենի, Սեբամանի, Նաբավի+ ու Բեանի տարածքը՝+  այն ողջ երկիրը, որը Եհովան նվաճեց ու տվեց Իսրայելի ժողովրդին,+ անասնապահության համար լավ երկիր է, իսկ մենք՝ ծառաներդ, շատ անասուններ ունենք»:+  Ապա ավելացրին. «Եթե հավանություն տաս, թող այս երկիրը լինի այն տարածքը, որ տրվելու է ծառաներիդ որպես սեփականություն: Մեզ մի՛ անցկացրու Հորդանանի մյուս կողմը»:  Մովսեսն ասաց Գադի և Ռուբենի որդիներին. «Ի՞նչ է, ձեր եղբայրները պետք է գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ ձեզ համար ապրե՞ք:  Ինչո՞ւ եք թևաթափ անում Իսրայելի ժողովրդին: Այնպես եք անում, որ չուզենան գնալ այն երկիրը, որը Եհովան տալու է նրանց:  Ձեր հայրերն էլ այդպես վարվեցին, երբ Կադես-Բառնեայից նրանց ուղարկեցի այդ երկիրը հետախուզելու:+  Երբ նրանք գնացին Եսքողի գետահովիտ*+ և հետախուզեցին երկիրը, հետո եկան ու թևաթափ արեցին Իսրայելի ժողովրդին, և իսրայելացիները չցանկացան մտնել այդ երկիրը, որը Եհովան պատրաստվում էր տալ նրանց:+ 10  Այդ օրը Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, և նա երդվեց.+ 11  «Եգիպտոսից դուրս եկած 20 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ չեն տեսնի այն երկիրը,+ որի մասին երդվել եմ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին,+ որովհետև չհնազանդվեցին ինձ ամբողջ սրտով: 12  Միայն կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբը+ ու Նավեի որդի Հեսուն+ կտեսնեն այդ երկիրը, քանի որ ամբողջ սրտով հնազանդվեցին ինձ՝ Եհովայիս»:+ 13  Եվ այսպես՝ Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նա ստիպեց նրանց 40 տարի թափառել անապատում,+ մինչև որ մահացավ այդ ամբողջ սերունդը, որն անում էր այն, ինչը չար է Եհովայի աչքին:+ 14  Եվ հիմա դուք՝ այդ մեղսավորների զավակներդ, ձեր հայրերի պես եք վարվում և է՛լ ավելի եք բորբոքում Եհովայի բարկությունը Իսրայելի դեմ: 15  Եթե դուք երես թեքեք նրանից ու չհնազանդվեք, նա նորից իսրայելացիներին կթողնի անապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի վրա կործանում կբերեք»: 16  Ավելի ուշ նրանք նորից մոտեցան Մովսեսին ու ասացին. «Թույլ տուր՝ այստեղ քարե փարախներ շինենք մեր անասունների համար և քաղաքներ՝ մեր երեխաների համար: 17  Թող մեր երեխաները ապրեն պարսպապատ քաղաքներում՝ այս երկրի բնակիչներից պաշտպանված, իսկ մենք սպառազինված կգնանք իսրայելացիների առաջից,+ մինչև նրանք հասնեն իրենց երկիրը: 18  Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ ամեն իսրայելացի այդ երկրում չստանա իր բաժին ժառանգությունը:+ 19  Մենք նրանց հետ ժառանգություն չենք ստանա Հորդանանի մյուս կողմում, որովհետև մեր ժառանգությունն արդեն ստացած կլինենք Հորդանանի այս կողմում՝ արևելյան կողմում»:+ 20  Մովսեսը պատասխանեց. «Շատ լավ: Ուրեմն այսպես արեք. Եհովայի առաջ սպառազինվեք պատերազմ գնալու համար,+ 21  և ամենքդ սպառազինված՝ Եհովայի առաջ անցեք Հորդանանը: Եվ երբ նա իր թշնամիներին քշի իր առաջից,+ 22  ու երկիրը Եհովայի օգնությամբ նվաճվի,+ այդ ժամանակ կարող եք վերադառնալ:+ Այդ դեպքում դուք Եհովայի ու Իսրայելի առաջ հանցավոր չեք լինի, և այս երկիրը ձեր սեփականությունը կդառնա Եհովայի առաջ:+ 23  Բայց եթե այդպես չանեք, Եհովայի դեմ մեղք գործած կլինեք: Եվ այդ ժամանակ իմացած եղեք, որ պատասխան եք տալու ձեր մեղքի համար: 24  Հիմա կարող եք ձեր երեխաների համար քաղաքներ կառուցել ու ձեր հոտերի համար՝ քարե փարախներ,+ միայն թե պետք է անեք ձեր խոստացածը»: 25  Գադի և Ռուբենի որդիներն ասացին Մովսեսին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր տերն է պատվիրում: 26  Մեր երեխաներն ու մեր կանայք, ինչպես նաև մեր անասունները, մեր բոլոր ընտանի կենդանիները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում,+ 27  իսկ մենք՝ ծառաներդ, բոլորս սպառազինված, Եհովայի առաջ կգնանք պատերազմելու,+ ինչպես որ մեր տերն է ասում»: 28  Ուստի Մովսեսը նրանց վերաբերյալ պատվեր տվեց Եղիազար քահանային, Հեսուին՝ Նավեի որդուն, և Իսրայելի ցեղերի տոհմապետներին: 29  Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի և Ռուբենի որդիները ձեզ հետ անցնեն Հորդանանը՝ բոլորն էլ սպառազինված՝ Եհովայի առաջ պատերազմելու, և դուք նվաճեք երկիրը, ապա Գաղաադը նրանց տվեք որպես սեփականություն:+ 30  Բայց եթե նրանք ձեզ հետ սպառազինված չգան, այդ դեպքում պետք է ձեզ հետ բնակություն հաստատեն Քանանի երկրում»: 31  Գադի և Ռուբենի որդիները պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, կանենք այն, ինչ Եհովան ասել է մեզ: 32  Եհովայի առաջ սպառազինված կգնանք Քանանի երկիր,+ բայց մեր ժառանգական սեփականությունը թող Հորդանանի այս կողմում լինի»: 33  Այդպիսով՝ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին+ և Հովսեփի որդու՝ Մանասեի ցեղի մի կեսին+ տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը+ և Բասանի Օգ թագավորի թագավորությունը,+ այսինքն՝ այդ տարածքներում գտնվող մեծ քաղաքները դրանց պատկանող հողերով հանդերձ և ծայրամասերում գտնվող փոքր քաղաքները: 34  Գադի որդիները կառուցեցին* Դեբոն,+ Ատարոթ,+ Արոեր,+ 35  Ատրոթ-Սոֆան, Հազեր,+ Հոգբեհա,+ 36  Բեթ-Նամրա,+ Բեթ-Արան+ քաղաքները, հոտերի համար էլ քարե փարախներ շինեցին: 37  Իսկ Ռուբենի որդիները վերակառուցեցին Եսեբոնը,+ Ելեալեն,+ Կարիաթեմը,+ 38  Նաբավը,+ Բաալ-Մեոնը+ (դրանք վերանվանվեցին) և Սեբաման: Նրանք սկսեցին նոր անուններ տալ իրենց վերակառուցած քաղաքներին: 39  Մանասեի որդի Մաքիրի որդիները+ արշավեցին Գաղաադի դեմ, զավթեցին այն և քշեցին այնտեղ ապրող ամորհացիներին: 40  Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրի որդիներին, և նրանք բնակություն հաստատեցին այնտեղ:+ 41  Մանասեի որդի Հայիրն էլ գնաց ու զավթեց ամորհացիների վրանաշեն ավանները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր:*+ 42  Իսկ Նոբահը զավթեց Կանաթը ու դրա կախյալ* ավանները և այն կոչեց իր անունով՝ Նոբահ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «հեղեղատ»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «վերակառուցեցին»:
Նշանակում է «Հայիրի վրանաշեն ավաններ»:
Կամ՝ «շրջակա»: