Թվեր 12։1-16

  • Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ են խոսում (1-3)

    • Մովսեսը բոլոր մարդկանցից ամենահեզն էր (3)

  • Եհովան պաշտպանում է Մովսեսին (4-8)

  • Մարիամը պատուհասվում է բորոտությամբ (9-16)

12  Մարիամն ու Ահարոնը սկսեցին Մովսեսի դեմ խոսել, քանի որ նա քուշեցի կնոջ հետ էր ամուսնացել:+ 2  Նրանք ասում էին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի միջոցով է խոսում: Ի՞նչ է, մեր միջոցով չի՞ խոսում»:+ Եվ Եհովան լսում էր:+ 3  (Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ամենահեզն էր):*+ 4  Եհովան անսպասելիորեն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Գնացե՛ք հանդիպման վրան»: Եվ երեքն էլ գնացին: 5  Եհովան ամպի սյունով իջավ,+ կանգնեց հանդիպման վրանի մուտքի մոտ և կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով առաջ եկան: 6  Նա ասաց. «Լսեք, խնդրեմ, թե ինչ եմ ասում: Երբ ձեր մեջ իմ՝ Եհովայիս մարգարեն է լինում, ես տեսիլքով եմ հայտնվում նրան+ ու երազի միջոցով եմ խոսում նրա հետ:+ 7  Բայց իմ ծառա Մովսեսի դեպքում այդպես չէ: Ես իմ ամբողջ ժողովրդին նրան եմ վստահել*+ 8  ու նրա հետ դեմ առ դեմ* եմ խոսում,+ պարզ ու հստակ, ոչ թե հանելուկներով: Նա տեսնում է իմ՝ Եհովայիս հայտնվելը: Ինչպե՞ս չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»: 9  Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, և նա հեռացավ նրանցից: 10  Ամպը գնաց վրանի վերևից, և ահա Մարիամը պատուհասվեց բորոտությամբ ու ձյան պես սպիտակ դարձավ:+ Ահարոնը շրջվեց Մարիամի կողմը ու տեսավ, որ նա բորոտ է դարձել:+ 11  Ահարոնն իսկույն ասաց Մովսեսին. «Աղաչում եմ, տե՛ր իմ, խնդրում եմ, մի՛ թող՝ պատժվենք այս մեղքի համար: Մենք հիմարություն ենք արել: 12  Խնդրում եմ, թույլ մի՛ տուր, որ նա նմանվի մեռած վիճակում ծնված մանկան, որի մարմինը կիսով չափ փտած է»: 13  Ուստի Մովսեսը սկսեց աղերսել Եհովային՝ ասելով. «Ո՜վ Աստված, խնդրո՜ւմ եմ, բուժի՜ր նրան, աղաչո՜ւմ եմ»:+ 14  Եհովան ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր նվաստացած վիճակում չէր լինի: Ուրեմն թող յոթ օր մեկուսացած մնա ճամբարից դուրս,+ իսկ հետո կարող է հետ գալ»: 15  Ուստի Մարիամը յոթ օր մեկուսացած մնաց ճամբարից դուրս,+ և ժողովուրդը չհավաքեց ճամբարն ու ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը հետ չեկավ: 16  Դրանից հետո ժողովուրդը Ասերոթից+ ճանապարհ ընկավ ու ճամբար դրեց Փառան անապատում:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «շատ խոնարհ էր (մեղմ), ավելի խոնարհ, քան մյուս մարդիկ»:
Բռց.՝ «Իմ ամբողջ տան մեջ նա է հավատարիմ»:
Բռց.՝ «բերան առ բերան»: