Թվեր 11։1-35
-
Ժողովուրդը տրտնջում է, և Աստծուց կրակ է գալիս նրանց վրա (1-3)
-
Մարդիկ լացելով միս են ուզում (4-9)
-
Մովսեսը զգում է, որ ի վիճակի չէ կրելու իր վրա դրված բեռը (10-15)
-
Եհովան իր ոգուց տալիս է 70 երեցների (16-25)
-
Ելդադն ու Մոդադը: Հեսուն մտահոգվում է Մովսեսի համար (26-30)
-
Լորեր: Ժողովուրդը պատժվում է ագահության համար (31-35)
11 Ժողովուրդը սկսեց սաստիկ տրտնջալ Եհովայի առաջ: Դա լսելով՝ Եհովան խիստ բարկացավ, և Եհովան կրակ ուղարկեց նրանց վրա ու ճամբարի ծայրամասում ոչնչացրեց նրանցից ոմանց:
2 Երբ ժողովուրդը օգնության կանչեց Մովսեսին, նա աղաչեց Եհովային,+ ու կրակը մարեց:
3 Այդ վայրը կոչեցին Տաբերա,* որովհետև Եհովայից բոցավառ կրակ եկավ նրանց վրա:+
4 Իսրայելացիների մեջ եղող բազմաթիվ այլազգի մարդիկ*+ սկսեցին ագահաբար ուտելիք փափագել,+ և իսրայելացիները նույնպես սկսեցին լացելով տրտնջալ ու ասել. «Ո՞վ մեզ միս կտա՝ ուտենք:+
5 Կարոտով ենք հիշում ձկները, որ ձրի ուտում էինք Եգիպտոսում, վարունգները, ձմերուկները, պրասասոխերը, սոխերն ու սխտորները:+
6 Իսկ հիմա մենք հալումաշ ենք լինում: Այս մանանայից բացի՝ ուրիշ ոչինչ չենք տեսնում»:+
7 (Մանանան+ համեմի սերմ էր հիշեցնում,+ և գույնը նման էր անուշահոտ խեժի գույնին:
8 Մարդիկ գնում հավաքում էին այն, ապա երկանքով* աղում էին կամ սանդի* մեջ ծեծում: Հետո կաթսայի մեջ խաշում էին կամ դրանից լոշիկներ էին պատրաստում:+ Դրա համը յուղով պատրաստված քաղցր բլիթի համ էր հիշեցնում:
9 Երբ գիշերը ճամբարի վրա ցող էր իջնում, մանանան էլ էր իջնում):+
10 Մովսեսը լսեց, որ բոլոր ընտանիքներում մարդիկ լացուկոծ են դրել, ամեն մեկն՝ իր վրանի մուտքի առաջ: Դա տեսնելով՝ Եհովան մեծ ցասումով լցվեց,+ և Մովսեսն էլ խիստ սրտնեղեց:
11 Մովսեսն ասաց Եհովային. «Ինչո՞ւ ես այսպիսի չարիք բերել ծառայիդ գլխին: Քեզ ինչո՞վ եմ տհաճեցրել, որ այս ողջ ժողովրդի բեռն ինձ վրա ես դրել:+
12 Մի՞թե ես եմ հղիացել ու ծնել այս ժողովրդին, որ ինձ ասում ես՝ նրանց իմ գրկում տանեմ, ինչպես դայակը՝* կաթնակեր երեխային, տանեմ այն երկիրը, որ երդվել ես տալ նրանց նախահայրերին:+
13 Նրանք լացելով ասում են. «Մեզ մի՛ս տուր՝ ուտենք»: Ես որտեղի՞ց միս գտնեմ այս բոլոր մարդկանց համար:
14 Ես ի վիճակի չեմ մենակ կրելու ամբողջ ժողովրդի բեռը. այն չափազանց ծանր է ինձ համար:+
15 Թե այսպես ես վարվելու ինձ հետ, խնդրում եմ, հենց հիմա սպանիր ինձ:+ Այլևս մի՛ թող տառապեմ, եթե ունեմ քո հավանությունը»:
16 Եհովան պատասխանեց Մովսեսին. «Իսրայելի երեցներից ընտրիր 70 հոգու, ում ճանաչում ես որպես իրենց գործում հմուտ երեցների ու գլխավորների:+ Նրանց տար հանդիպման վրանի մոտ, ու թող քեզ հետ կանգնեն այնտեղ:
17 Ես կիջնեմ+ ու կխոսեմ քեզ հետ+ և քեզ վրա եղող ոգուց կվերցնեմ,+ կտամ նրանց. նրանք կօգնեն քեզ կրելու ժողովրդի բեռը, որ մենակ չկրես այն:+
18 Իսկ ժողովրդին ասա. «Պատրաստվե՛ք վաղվա համար.+ դուք միս եք ուտելու, որովհետև լաց եղաք Եհովայի առաջ՝+ ասելով. «Ո՞վ մեզ միս կտա՝ ուտենք: Եգիպտոսում ավելի լավ էինք ապրում»:+ Եհովան, անշուշտ, միս կտա ձեզ, և դուք կուտեք:+
19 Ընդ որում՝ կուտեք ոչ թե մեկ օր, երկու օր, հինգ օր, տասը օր կամ քսան օր,
20 այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա և զզվեք դրանից:+ Դուք մերժեցիք Եհովային, ով ձեր մեջ է, և լացուկոծ դրեցիք նրա առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ դուրս եկանք Եգիպտոսից»»»:+
21 Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Ինձ հետ եղող ժողովրդի մեջ 600 000+ հետևակ զինվոր կա, իսկ դու ասում ես. «Ես նրանց միս կտամ, ու նրանք մի ամբողջ ամիս կուտեն»:
22 Եթե բոլոր հոտերն ու նախիրները մորթվեն, մի՞թե կբավականացնի նրանց: Անգամ եթե ծովի բոլոր ձկները բռնենք, կհերիքի՞ նրանց»:
23 Եհովան էլ ասաց Մովսեսին. «Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է:+ Հիմա կտեսնես՝ իմ ասածը կկատարվի, թե ոչ»:
24 Մովսեսը դուրս եկավ ու ժողովրդին հաղորդեց Եհովայի խոսքերը: Ժողովրդի երեցներից նա ընտրեց 70 հոգու և նրանց կանգնեցրեց հանդիպման վրանի շուրջը:+
25 Այդ ժամանակ Եհովան ամպով իջավ+ ու սկսեց խոսել Մովսեսի հետ:+ Նրա վրա եղող ոգուց նա վերցրեց+ ու տվեց 70 երեցներից ամեն մեկին: Հենց որ ոգին իջավ նրանց վրա, նրանք սկսեցին մարգարեների պես պահել իրենց,*+ բայց միայն այդ անգամ:
26 Այդ մարդկանցից երկու հոգի դեռ ճամբարում էին: Մեկի անունը Ելդադ էր, մյուսինը՝ Մոդադ: Թեև նրանք դեռ չէին գնացել վրանի մոտ, սակայն քանի որ գրանցվածների մեջ էին, ոգին նրանց վրա էլ իջավ, և նրանք սկսեցին իրենց մարգարեների պես պահել ճամբարում:
27 Մի երիտասարդ վազելով եկավ ու տեղեկացրեց Մովսեսին. «Ելդադն ու Մոդադը ճամբարում իրենց մարգարեների պե՜ս են պահում»:
28 Այդ պահին Նավեի որդի Հեսուն,+ ով պատանեկան տարիքից Մովսեսի սպասավորն էր, ասաց. «Տե՛ր իմ, Մովսե՛ս, արգելի՛ր նրանց»:+
29 Սակայն Մովսեսն ասաց նրան. «Ինձ համա՞ր ես մտահոգվում: Պետք չէ: Երանի՜ թե Եհովայի ժողովրդի մեջ բոլորը մարգարեներ լինեին, ու Եհովան իր ոգին տար նրանց»:
30 Այնուհետև Մովսեսը Իսրայելի երեցների հետ վերադարձավ ճամբար:
31 Եհովան քամի բարձրացրեց, և քամին ծովի կողմից լորեր բերեց ու լցրեց ճամբարի շուրջբոլորը՝+ թե՛ մի կողմից, թե՛ մյուս կողմից՝ մոտ մեկ օրվա ճանապարհի տարածության վրա՝ գետնից մոտավորապես երկու կանգուն* բարձրությամբ:
32 Ժողովուրդը գնաց և այդ ամբողջ օրը, ամբողջ գիշերը ու նաև հաջորդ օրը լորեր հավաքեց: Չկար մեկը, որ տասը խոմերից* պակաս հավաքեր: Նրանք փռեցին* դրանք ամբողջ ճամբարով մեկ:
33 Միսը դեռ նրանց բերանում էր, նրանք դեռ չէին էլ հասցրել ծամել, Եհովայի բարկությունը բորբոքվեց ժողովրդի դեմ, ու Եհովան սկսեց պատուհասել նրանց՝ մեծ կոտորած անելով նրանց մեջ:+
34 Այդ վայրի անունը Կիբրոթ-Հաթթավա*+ դրեցին, քանի որ այնտեղ թաղեցին այն մարդկանց, ովքեր ագահություն դրսևորեցին:+
35 Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և մնաց այնտեղ:+
Ծանոթագրություններ
^ Նշանակում է «այրում»: Այսինքն՝ հրդեհ, բոցավառում:
^ Կամ՝ «խառը բազմությունը»:
^ Քարից, փայտից կամ մետաղից անոթ, որի մեջ հատուկ թակիչով մանրում են հացահատիկ կամ այլ բաներ:
^ Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
^ Խոսքը տղամարդ խնամատարի մասին է:
^ Կամ՝ «սկսեցին մարգարեանալ»:
^ Մոտ 90 սմ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 2 200 լ: Տես հավելված Բ14:
^ Հավանաբար, դա արել են միսը չորացնելու նպատակով:
^ Նշանակում է «ագահության գերեզմաններ»:

