Եփեսացիներ 3։1-21

  • Սրբազան գաղտնիքն առնչվում է նաև ուրիշ ազգերի մարդկանց (1-13)

    • Ուրիշ ազգերի մարդիկ Քրիստոսի ժառանգակիցներն են (6)

    • Աստծու հավերժական նպատակը (11)

  • Պողոսն աղոթում է, որ եփեսացիներն ըմբռնեն ճշմարտությունը (14-21)

3  Հենց այդ պատճառով էլ ես՝ Պողոսս, որ բանտարկված+ եմ հանուն Քրիստոս Հիսուսի ու հանուն ձեզ՝ այլազգիներիդ...* 2  Դուք իհարկե լսել եք, որ ինձ պատասխանատվություն*+ է վստահվել օգնելու ձեզ ճաշակել Աստծու անզուգական բարությունը, 3  և որ Աստված ինձ տված հայտնությամբ բացել է իր սրբազան գաղտնիքը, ինչի մասին արդեն համառոտ գրեցի: 4  Երբ սա կարդաք, կտեսնեք, որ հասկանում եմ Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը:+ 5  Աստված այդ գաղտնիքը անցած սերունդներին չի հայտնել այն չափով, որչափ հիմա է սուրբ ոգու միջոցով հայտնում սուրբ առաքյալներին ու մարգարեներին:+ 6  Այդ գաղտնիքն այն է, որ ուրիշ ազգերի մարդիկ, ընդունելով բարի լուրը և միավորվելով Քրիստոս Հիսուսի հետ, մեզ հետ միասին լինելու են նրա ժառանգակիցները և նույն մարմնի անդամները+ ու մեզ հետ միասին ստանալու են Աստծու խոստացածը: 7  Ես այդ գաղտնիքը պարզաբանող ծառա* դարձա շնորհիվ Աստծու ձրի պարգևի՝ անզուգական բարության,* որը նա դրսևորեց՝ ներգործելով ինձ վրա իր զորությամբ:+ 8  Իմ հանդեպ, որ բոլոր սրբերի* մեջ փոքրագույնից էլ փոքր եմ,+ այս անզուգական բարությունը դրսևորվեց,+ որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ Քրիստոսից եկող անհատակ հարստությունների մասին բարի լուրը 9  և օգնեմ մարդկանց տեսնելու, թե ինչպես է Աստված՝ ամեն բան ստեղծողը, վարում սրբազան գաղտնիքին+ առնչվող գործերը, գաղտնիք, որը դարեր շարունակ ծածկված է պահել: 10  Այս ամենն այն բանի համար է, որ երկնային ոլորտում գտնվող կառավարություններին ու իշխանություններին ժողովի միջոցով+ հիմա հայտնի դառնա Աստծու իմաստությունն իր բազում դրսևորումներով:+ 11  Սա ներդաշնակ է նրա հավերժական նպատակին, որը կապված է Քրիստոս Հիսուսի՝+ մեր Տիրոջ հետ: 12  Քրիստոսի միջոցով կարող ենք համարձակորեն խոսել+ և նրա հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ կարող ենք ազատորեն ու վստահությամբ աղոթել Աստծուն: 13  Ուստի, խնդրում եմ, ձեզ համար իմ կրած նեղությունների պատճառով մի՛ վհատվեք, քանի որ դրանք ձեր պարծանքն են:+ 14  Այդ պատճառով էլ ծնկի եմ գալիս Հոր առաջ, 15  որին ամեն ընտանիք թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա պարտական է իր գոյությամբ:* 16  Ես աղոթում եմ, որ Աստված, ով մեծափառ է, զորացնի ձեզ*+ իր ոգուց բխող ուժով, 17  և որ ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը բնակվի ձեր սրտում, ձեր սիրտն էլ լցված լինի սիրով:+ Թող որ դուք խոր արմատներ ունենաք+ և կանգնած լինեք ամուր հիմքի վրա,+ 18  որ կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ, 19  և ճանաչեք Քրիստոսի սերը,+ որը բարձր է գիտելիքներից, որպեսզի լիարժեքորեն ունենաք Աստծուց բխող հատկությունները:* 20  Իսկ Աստծուն, ով մեր մեջ գործող իր զորությամբ+ կարող է շատ ավելին անել՝ մեր խնդրածից կամ պատկերացրածից անհամեմատ ավելին,+ 21  թող հավիտյանս հավիտենից սերնդեսերունդ փառք տրվի ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով: Ամեն:

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, միտքը շարունակվում է 14-րդ համարում:
Կամ՝ «տնտեսվարի գործ»:
Բռց.՝ «այս բանի ծառայող»:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «իր անունով»:
Բռց.՝ «ձեր ներքին մարդուն»:
Բռց.՝ «որպեսզի լցվեք Աստծու ողջ լիությամբ»: