Երեմիա 40։1-16

  • Նաբուզարդանը ազատ է արձակում Երեմիային (1-6)

  • Գոդողիան Հուդայի ղեկավար է նշանակվում (7-12)

  • Գոդողիայի դեմ դավ են նյութում (13-16)

40  Եհովան խոսեց Երեմիայի հետ այն բանից հետո, երբ պահակազորի պետ Նաբուզարդանը+ Ռամայում+ նրան ազատ արձակեց: Նաբուզարդանը նրան, ձեռնաշղթաներով կապված, տարել էր այնտեղ. նա Երուսաղեմից և Հուդայից Բաբելոն տարվող գերիների մեջ էր:  Պահակազորի պետը մի կողմ տարավ նրան ու ասաց. «Քո Աստված Եհովան նախապես ասել էր, որ այս վայրի վրա աղետ է բերելու:  Եվ Եհովան արեց այն, ինչ ասել էր, որովհետև դուք մեղք գործեցիք Եհովայի դեմ ու չհնազանդվեցիք նրան: Դրա համար էլ այդ բանը պատահեց ձեզ:+  Այսօր ես հանում եմ ձեռնաշղթաներդ: Եթե ուզում ես ինձ հետ գալ Բաբելոն, արի, և ես հոգ կտանեմ քեզ համար, բայց եթե չես ուզում, մի՛ արի: Ողջ երկիրը քո առաջ է. գնա, ուր որ ցանկանում ես»:+  Մինչ Երեմիան մտածում էր՝ վերադառնա, թե ոչ, Նաբուզարդանն ասաց. «Վերադարձիր Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ մոտ, որին Բաբելոնի թագավորը նշանակել է Հուդայի քաղաքների ղեկավար, և նրա հետ ժողովրդի մեջ բնակվիր: Կամ էլ գնա այնտեղ, ուր ուզում ես»: Այնուհետև պահակազորի պետը նրան ուտելիք ու նվեր տվեց և թողեց, որ գնա:  Երեմիան գնաց Աքիկամի որդի Գոդողիայի մոտ՝ Մասփա,+ և նրա հետ բնակվեց ժողովրդի մեջ, որը մնացել էր այդ երկրում:  Որոշ ժամանակ անց բոլոր զորագլուխները, որոնք այդ երկրում էին, և իրենց մարդիկ, լսեցին, որ Բաբելոնի թագավորը Աքիկամի որդի Գոդողիային նշանակել է երկրի ղեկավար և նրա հոգածությանն է հանձնել այնտեղ ապրող աղքատ մարդկանց՝ տղամարդկանց, կանանց ու երեխաներին, որոնց չէին գերեվարել Բաբելոն:+  Ուստի Նաթանիայի որդի Իսմայելը,+ Կարեի որդիները՝ Հոհանանն+ ու Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոֆացի Եֆայի որդիները և մաքաթացու որդի Հեզանիան+ իրենց մարդկանց հետ եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա:+  Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց: Բնակվեք այս երկրում ու Բաբելոնի թագավորին ծառայեք, և ձեզ համար լավ կլինի:+ 10  Իսկ ես կմնամ Մասփայում, որպեսզի ձեզ ներկայացնեմ մեզ մոտ եկող քաղդեացիների առաջ: Դուք էլ գինի, ամառային մրգեր և յուղ հավաքեք ձեր ամանների մեջ ու ձեր զբաղեցրած քաղաքներում բնակվեք»:+ 11  Բոլոր հրեաները, ովքեր Մովաբում էին, ամմոնացիների մեջ, Եդոմում և մնացած երկրներում, նույնպես լսեցին, որ Բաբելոնի թագավորը Հուդայում մարդիկ է թողել և նրանց վրա ղեկավար է նշանակել Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային: 12  Եվ բոլոր հրեաները սկսեցին վերադառնալ այն վայրերից, որտեղ ցրված էին: Նրանք եկան Հուդա՝ Մասփա՝ Գոդողիայի մոտ, և մեծ քանակությամբ գինի ու ամառային մրգեր հավաքեցին: 13  Կարեի որդի Հոհանանը և այդ երկրում եղող բոլոր զորագլուխները եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա, 14  և ասացին նրան. «Գիտե՞ս, որ ամմոնացիների+ թագավոր Բաալիսը Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է, որ սպանի քեզ»:+ Սակայն Աքիկամի որդի Գոդողիան չհավատաց նրանց: 15  Կարեի որդի Հոհանանը Մասփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Ուզում եմ գնալ ու սպանել Նաթանիայի որդի Իսմայելին. այդ մասին ոչ ոք չի իմանա: Ինչո՞ւ նա սպանի քեզ, ինչո՞ւ Հուդայի բոլոր բնակիչները, որոնք քեզ մոտ են հավաքվել, ցիրուցան լինեն, և Հուդայում մնացածները կործանվեն»: 16  Բայց Աքիկամի որդի Գոդողիան+ ասաց Կարեի որդի Հոհանանին. «Չանե՛ս այդ բանը, որովհետև այն, ինչ Իսմայելի մասին ասում ես, սուտ է»:

Ծանոթագրություններ