Երեմիա 33։1-26
33 Եհովան երկրորդ անգամ խոսեց Երեմիայի հետ, երբ նա Պահակախմբի բակում+ դեռ կալանքի տակ էր.
2 «Սա է ասում Եհովան՝ երկիրը Ստեղծողը, Եհովան, ով ձևավորեց ու հաստատեց այն, նա, ում անունը Եհովա է.
3 «Կանչիր ինձ, ու ես կպատասխանեմ քեզ և մեծամեծ ու անըմբռնելի բաներ կպատմեմ, որոնք դու չգիտես»:+
4 Ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան այս քաղաքի տների և Հուդայի թագավորների պալատների մասին, որոնք մարդիկ քանդեցին պատնեշներից ու սրից պաշտպանվելու համար,*+
5 ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր գալիս են քաղդեացիների դեմ պատերազմելու, նրանց մասին, որոնց դիակներով են լցվելու տները, որոնց հարվածելու եմ իմ բարկությամբ և իմ ցասումով և որոնց չար գործերի պատճառով երես եմ թեքել այս քաղաքից.
6 «Այս քաղաքը կապաքինեմ ու կառողջացնեմ:+ Ես կբուժեմ ժողովրդին և առատորեն խաղաղություն ու ապահովություն* կտամ:+
7 Հուդայի ու Իսրայելի ժողովրդին կվերադարձնեմ գերությունից+ և կամրացնեմ, ու ամեն ինչ առաջվա պես կլինի:+
8 Ես կմաքրեմ նրանց իմ դեմ գործած իրենց բոլոր մեղքերից+ և կներեմ նրանց բոլոր մեղքերն ու հանցանքները, որ գործել են իմ դեմ:+
9 Այս քաղաքի անունը ինձ համար ցնծություն կդառնա, և բոլոր ազգերը կգովաբանեն ու կփառաբանեն ինձ, երբ լսեն իմ ժողովրդի հանդեպ դրսևորածս բարության մասին:+ Նրանք վախով կհամակվեն ու կդողան՝+ իմանալով, որ բարիք եմ արել ու խաղաղություն եմ տվել այս քաղաքին»:+
10 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այս վայրում, որի մասին կասեք՝ ամայի է, որտեղ ո՛չ մարդ կա, ո՛չ էլ անասուն, Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, որոնք ավերակ ու անբնակ են դարձել, որտեղ չկա ո՛չ բնակիչ, ո՛չ անասուն, նորից կլսվեն
11 ցնծության և ուրախության ձայները,+ փեսայի և հարսի ձայները, նրանց ձայները, ովքեր կասեն. «Շնորհակալություն հայտնեք Զորքերի տեր Եհովային, քանի որ Եհովան բարի* է,+ քանի որ նրա հավատարիմ սերը հավերժական է»:+
Նրանք երախտագիտության զոհեր կբերեն Եհովայի տուն,+ որովհետև ես հետ եմ բերելու այս երկրից գերեվարվածներին: Եվ ամեն ինչ առաջվա պես կլինի»,– ասում է Եհովան:
12 Զորքերի տեր Եհովան ասում է. «Այս ամայի երկրում, որտեղ ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն, և դրա բոլոր քաղաքներում նորից արոտավայրեր կլինեն, ուր հովիվները հանգիստ առնելու կտանեն հոտերին:+
13 Լեռնային ու հովտային քաղաքներում, հարավային քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում+ և Հուդայի մյուս քաղաքներում+ նորից հովիվները կհաշվեն իրենց հոտերը՝ իրենց ձեռքի տակով անցկացնելով»,– ասում է Եհովան:–
14 Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես կկատարեմ Իսրայելի և Հուդայի վերաբերյալ տվածս բարի խոստումը:+
15 Այդ ժամանակ Դավթին արդար ժառանգ* կտամ,+ և նա արդարադատություն ու արդարություն կիրագործի երկրի վրա:+
16 Այդ օրերում Հուդան կփրկվի,+ և Երուսաղեմը ապահովության մեջ կբնակվի:+ Նա կկոչվի «Եհովան մեր արդարությունն է»:+
17 Եհովան ասում է. «Դավթի սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին,+
18 և ղևտացի քահանաներից միշտ կլինի մեկը, ով կծառայի իմ առաջ ու ողջակեզ, հացի ընծա և այլ զոհեր կմատուցի»»:
19 Եհովան դարձյալ խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.
20 «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինչպես հնարավոր չէ խափանել ցերեկվա և գիշերվա մասին իմ ուխտերը և այնպես անել, որ ցերեկն ու գիշերը ճիշտ ժամանակին չլինեն,+
21 այնպես էլ հնարավոր չէ խափանել իմ ծառա Դավթի հետ կնքածս ուխտը.+ նրա սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի նրա գահին:+ Հնարավոր չէ խափանել նաև այն ուխտը, որ կնքել եմ ինձ ծառայող ղևտացի քահանաների հետ:+
22 Ես այնքան եմ շատացնելու իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայող ղևտացիներին, որ երկնքի զորքերի* և ծովի ավազի պես անհաշվելի դառնան»»:
23 Եհովան դարձյալ խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.
24 «Չե՞ս լսել, որ այս ժողովուրդն ասում է. «Եհովան մերժելու է այն երկու տոհմերին, որոնց ընտրել է»: Մարդիկ անարգում են իմ ժողովրդին և այլևս ազգ չեն համարում:
25 Եհովան ասում է. «Ինչպես որ անփոփոխ են ցերեկվա ու գիշերվա մասին իմ ուխտն+ ու երկնքի և երկրի առնչությամբ հաստատածս կանոնները,+
26 այնպես էլ անփոփոխ է իմ այն խոստումը, համաձայն որի՝ երբեք չեմ մերժի Հակոբի սերունդներին և իմ ծառա Դավթի սերունդներին, և նրա սերնդից միշտ կլինի մեկը, ով կիշխի Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդների վրա. չէ՞ որ ես վերադարձնելու եմ ժողովրդին գերությունից+ և խղճալու եմ նրան»»:+
Ծանոթագրություններ
^ Հնարավոր է՝ քանդված տների քարերով ամրացվել են քաղաքի պարիսպները, կամ պաշտպանական շինություններ են կառուցվել:
^ Կամ՝ «ճշմարտություն»:
^ Բառարանում տես «Բարեսիրություն»:
^ Բռց.՝ «ընձյուղ»:
^ Խոսքը երկնային մարմինների մասին է: