Երեմիա 27։1-22
27 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի* իշխանության սկզբում Եհովան խոսեց Երեմիայի հետ:
2 Դրանից հետո Երեմիան ասաց. «Եհովան ասաց ինձ. «Քեզ համար պարաններ և լուծ պատրաստիր ու պարանոցիդ վրա դիր:
3 Ապա պատգամաբերների միջոցով, որոնք գալու են Երուսաղեմ՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի մոտ, նման պարաններ ու լծեր ուղարկիր Եդոմի+ թագավորին, Մովաբի+ թագավորին, ամմոնացիների+ թագավորին, Տյուրոսի+ թագավորին և Սիդոնի+ թագավորին:
4 Նրանց պատվիրիր, որ իրենց տերերին հայտնեն.
«Ահա թե Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ինչ է ասում, ահա թե ինչ պետք է ասեք ձեր տերերին.
5 «Իմ մեծ զորությամբ և հզոր բազկով ես ստեղծեցի երկիրը, մարդկանց ու կենդանիներին և երկիրը տալիս եմ նրան, ում որ կամենում եմ:*+
6 Եվ հիմա ձեր բոլոր տարածքները ես տվել եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորի՝ իմ ծառայի ձեռքը: Ես նույնիսկ գազաններին եմ հպատակեցրել նրան:
7 Բոլոր ազգերը նրան, նրա որդուն ու թոռանն են ծառայելու, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա,+ և շատ ազգեր ու մեծ թագավորներ ստրկացնեն նրան»:+
8 Եթե որևէ ազգ կամ թագավորություն չցանկանա ծառայել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին և հրաժարվի Բաբելոնի թագավորի լծի տակ մտնել, այդ ազգին ես սրով,+ սովով ու համաճարակով* կպատժեմ,– ասում է Եհովան,– և նրա ձեռքով կոչնչացնեմ:
9 Մի՛ լսեք ձեր մարգարեներին, գուշակներին, երազատեսներին, մոգությամբ զբաղվողներին ու կախարդներին, որոնք ասում են ձեզ՝ «Դուք Բաբելոնի թագավորին չեք ծառայելու»,
10 որովհետև նրանք սուտ բաներ են մարգարեանում: Եթե լսեք նրանց, ձեզ կհեռացնեն ձեր երկրից, ու ես ցրիվ կտամ ձեզ, և դուք կկործանվեք:
11 Իսկ այն ազգին, որը կմտնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի,– ասում է Եհովան,– ես թույլ կտամ մնալ* իր երկրում, մշակել այն ու բնակվել այնտեղ»»:
12 Նույն բանը ես նաև Հուդայի թագավոր Սեդեկիային+ ասացի. «Բաբելոնի լծի տակ մտեք, նրան ու նրա ժողովրդին ծառայեք և ողջ կմնաք:+
13 Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը սրից,+ սովից+ ու համաճարակից մեռնեք.+ չէ՞ որ Եհովան ասել է, որ այդպիսի բան է պատահելու այն ազգին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին:
14 Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են՝ «Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին»,+ որովհետև նրանք սուտ բաներ են մարգարեանում:+
15 «Ես նրանց չեմ ուղարկել,– ասում է Եհովան,– բայց նրանք իմ անունով սուտ բաներ են մարգարեանում: Եթե լսեք նրանց, ցրիվ կտամ ձեզ, և դուք կկործանվեք՝ դուք և այն մարգարեները, որոնք ձեզ համար մարգարեանում են»»:+
16 Իսկ քահանաներին ու այս ողջ ժողովրդին ասացի. «Եհովան ասում է. «Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են, թե՝ «Եհովայի տան պիտույքները շատ շուտով Բաբելոնից հետ են բերվելու»,+ քանի որ նրանք սուտ բաներ են մարգարեանում:+
17 Մի՛ լսեք նրանց: Բաբելոնի թագավորին ծառայեք և ողջ կմնաք:+ Ինչո՞ւ այս քաղաքը ավերակների վերածվի:
18 Բայց եթե նրանք մարգարեներ են և իսկապես Եհովայի խոսքն են հայտնում, ապա թող Զորքերի տեր Եհովային աղերսեն, որպեսզի այն պիտույքները, որոնք մնացել են Եհովայի տանը, Հուդայի թագավորի պալատում և Երուսաղեմում, Բաբելոն չտարվեն»:
19 Լսեք, թե Զորքերի տեր Եհովան ինչ է ասում սյուների,+ ծովի,*+ սայլերի+ և մյուս իրերի մասին, որ մնացել են այս քաղաքում,
20 որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր հետ չվերցրեց, երբ Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր իշխանավորներին Երուսաղեմից գերի էր տանում Բաբելոն:+
21 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, այն իրերի մասին, որոնք մնացել են Եհովայի տանը, Հուդայի թագավորի պալատում և Երուսաղեմում.
22 «Դրանք Բաբելոն կտարվեն+ և այնտեղ կմնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,*– ասում է Եհովան:– Հետո հետ կբերեմ ու կվերադարձնեմ այստեղ»»»:+
Ծանոթագրություններ
^ Ըստ որոշ հին ձեռագրերի՝ Սեդեկիայի:
^ Կամ՝ «նրան, ում ճիշտ եմ համարում տալ»:
^ Կամ՝ «հիվանդությամբ»:
^ Բռց.՝ «հանգիստ լինել»:
^ Խոսքը տաճարում գտնվող պղնձե ծովի մասին է:
^ Կամ հնարավոր է՝ «նրանց»: