Եսայիա 7։1-25
7 Հուդայի թագավոր Աքազի՝+ Օզիայի որդի Հովաթամի որդու օրոք Ասորիքի թագավոր Ռասինը և Իսրայելի թագավոր Փակեեն՝+ Ռոմելիայի որդին, պատերազմի դուրս եկան Երուսաղեմի դեմ, բայց չկարողացան* նվաճել այն:+
2 Դավթի արքայական տոհմին տեղեկացրին. «Ասորիքն ու Եփրեմը միավորել են իրենց ուժերը»:
Աքազի և նրա ժողովրդի սիրտը սկսեց դողալ վախից, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց:
3 Այդ ժամանակ Եհովան ասաց Եսայիային. «Խնդրում եմ, որդուդ՝ Սեար-Հասուբի*+ հետ գնա ու հանդիպիր Աքազին վերին ավազանի ջրատարի ծայրամասում,+ որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:
4 Նրան ասա. «Տես, չանհանգստանաս: Մի՛ վախեցիր, թող սիրտդ չզարհուրի այդ երկու ծխացող կոճղափայտերի՝ Ասորիքի թագավոր Ռասինի և Ռոմելիայի որդու+ կատաղի բարկությունից:
5 Մի՛ վախեցիր, որ Ասորիքն ու Եփրեմը և Ռոմելիայի որդին դավ են նյութել քո դեմ՝ ասելով.
6 «Եկեք Հուդայի դեմ դուրս գանք, պատառ-պատառ անենք* ու նվաճենք այն* և եկեք մեզ համար ուրիշ թագավոր նշանակենք այնտեղ՝ Տաբեելի որդուն»:+
7 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Դա չի հաջողվի,Նման բան չի լինի:
8 Ասորիքի գլխավոր քաղաքը Դամասկոսն է,Դամասկոսի գլուխն էլ Ռասինն է:
Չանցած 65 տարի՝ Եփրեմն իսպառ կջախջախվի,Ժողովուրդ լինելուց կդադարի:+
9 Եփրեմի գլխավոր քաղաքը Սամարիան է,+Սամարիայի գլուխն էլ Ռոմելիայի որդին է:+
Եթե ամուր հավատ չունենաք,Հաստատուն չեք մնա»»»:
10 Եհովան շարունակեց խոսել Աքազի հետ՝ ասելով.
11 «Քո Աստծուց՝ Եհովայից, նշան խնդրիր՝+ լինի դա գերեզմանի* խորքերում եղող մի բան, թե երկնքի բարձունքներում»:
12 Բայց Աքազն ասաց. «Ես ոչինչ էլ չեմ խնդրի, Եհովային չեմ փորձի»:
13 Այդ ժամանակ Եսայիան ասաց. «Լսիր, խնդրեմ, ո՛վ Դավթի տուն: Հերիք չէ՝ մարդկանց համբերությունն եք փորձում, հիմա էլ ուզում եք Աստծո՞ւ համբերությունը փորձել:+
14 Եհովան ինքը ձեզ նշան կտա. ահա երիտասարդ կինը* կհղիանա, մի որդի կծնի+ և նրա անունը Էմմանուել* կդնի:+
15 Տղան կարագ ու մեղր կուտի, մինչև որ գա ժամանակը, երբ կհասկանա՝ ինչպես մերժել չարը և ընտրել բարին:
16 Նախքան նա կհասկանա՝ ինչպես մերժել չարը և ընտրել բարին, քեզ սարսափի մեջ գցող այդ երկու թագավորների երկրները ամբողջովին կամայանան:+
17 Եհովան քո, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի օրեր կբերի, ինչպիսիք չեն եղել այն ժամանակվանից ի վեր, երբ Եփրեմը առանձնացավ Հուդայից:+ Նա ձեզ վրա Ասորեստանի թագավորին կբերի:+
18 Այդ օրը Եհովան սուլելով կկանչի Եգիպտոսի ճանճերին Նեղոսի հեռավոր վտակներից, կկանչի նաև Ասորեստանի մեղուներին:
19 Նրանք բոլորը կգան ու կնստեն զառիվայր հովիտներում, ապառաժների խոռոչներում, բոլոր մացառուտներում և բոլոր ջրատեղերում:*
20 Այդ օրը Եհովան Եփրատի* շրջանից վարձված ածելիի՝ Ասորեստանի թագավորի+ միջոցով կսափրի ձեր գլուխն ու ոտքերի մազերը և մորուքն էլ կխուզի:
21 Այդ օրը ամեն մարդ նախրից ողջ կթողնի մի մատղաշ կով ու երկու ոչխար:
22 Եվ կաթն այնքան շատ կլինի, որ նա կարագ կուտի: Երկրում մնացած բոլոր մարդիկ կարագ ու մեղր կուտեն:
23 Բոլոր այն տեղերում, որտեղ առաջ 1 000 խաղողենի կար՝ 1 000 կտոր արծաթ արժողության, այդ օրը միայն փշաթփեր ու մոլախոտեր կլինեն:
24 Մարդիկ վախից* նետ ու աղեղով կգնան այնտեղ, որովհետև ամբողջ երկիրը փշաթփերով ու մոլախոտերով ծածկված կլինի:
25 Բոլոր այն սարալանջերը, որ առաջ մաքրվում էին քաղհանիչով, պատված կլինեն փշաթփերով ու մոլախոտերով, այնպես որ դուք չեք համարձակվի մոտ գնալ դրանց: Դրանք ցլերի համար արածելու տեղ կդառնան և ոչխարների ոտքերի տակ կկոխկրտվեն»:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «չկարողացավ»:
^ Նշանակում է «միայն մնացորդ (մնացածները) կվերադառնա»:
^ Կամ հնարավոր է՝ «ահաբեկենք»:
^ Կամ՝ «դրա պարսպի մեջ ճեղք բացենք»: Բռց.՝ «ճեղքենք բացենք այն»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «օրիորդը»:
^ Նշանակում է «մեզ հետ Աստված է»:
^ Կամ՝ «բոլոր արոտավայրերում»:
^ Բռց.՝ «Գետի»:
^ Հնարավոր է՝ խոսքը վայրի կենդանիների հանդեպ վախի մասին է: