Եսայիա 39։1-8

  • Բաբելոնից պատգամաբերներ են գալիս (1-8)

39  Բաբելոնի թագավոր Մարոդաք-Բալադանը՝ Բալադանի որդին, նամակներ և նվեր ուղարկեց Եզեկիային,+ քանի որ լսել էր, որ նա հիվանդացել էր և հետո առողջացել:+ 2  Եզեկիան ուրախությամբ ընդունեց պատգամաբերներին ու ցույց տվեց իր գանձատունը՝+ արծաթը, ոսկին, բալասանի յուղը և ուրիշ թանկարժեք յուղեր, իր բոլոր զենքերն ու այն ամենը, ինչ կար իր գանձարաններում: Իր արքունիքում և ողջ տերության մեջ մի բան չմնաց, որ Եզեկիան ցույց չտար նրանց: 3  Դրանից հետո Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ու հարցրեց. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել»: Եզեկիան պատասխանեց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել»:+ 4  Ապա Եսայիան հարցրեց. «Ի՞նչ տեսան քո տանը»: «Ինչ որ կար իմ տանը, տեսան,– ասաց Եզեկիան:– Իմ գանձարաններում մի բան չմնաց, որ նրանց ցույց չտայի»: 5  Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորքերի տեր Եհովայի խոսքը. 6  «Օրեր են գալիս, երբ այն ամենը, ինչ կա քո տանը, և ինչ կուտակել են քո նախահայրերը, տարվելու է Բաբելոն: Ոչինչ չի մնալու,+– ասում է Եհովան:+ 7  Քո հետնորդներից մի քանիսին* գերի են վերցնելու և պալատականներ են դարձնելու Բաբելոնի թագավորի արքունիքում»»:+ 8  Ի պատասխան՝ Եզեկիան ասաց Եսայիային. «Եհովայի խոսքը, որ ասացիր, արդար է»: Եվ ավելացրեց. «Համենայն դեպս, իմ օրոք խաղաղություն և կայունություն* է լինելու»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Քո որդիներից մի քանիսին, որոնց հայրն ես լինելու»:
Բռց.՝ «ճշմարտություն»: