Եսայիա 28։1-29
28 Վա՜յ Եփրեմի+ հարբեցողների փառապանծ* պսակին,*Նրա վեհաշուք գեղեցկությանը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին:
2 Ահա Եհովան կուղարկի ուժեղ, զորավոր մեկին:
Կարկտաբեր, որոտաձայն մրրիկի, կործանարար հողմի պես,Ուժգին հեղեղներ առաջացնող որոտաբեր փոթորկի պեսՆա ողջ ուժով այդ պսակը կշպրտի գետնին:
3 Եփրեմի հարբեցողների փառապանծ պսակները կկոխկրտվեն:+
4 Նրա վեհաշուք գեղեցկությունը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին,Նման կլինի ամռանից առաջ հասնող թզի.
Տեսնողն անմիջապես պոկում է այն և կուլ տալիս:
5 Այդ օրը Զորքերի տեր Եհովան իր ժողովրդից ողջ մնացածների համար փառահեղ պսակ և գեղեցիկ ծաղկեպսակ կդառնա:+
6 Նա դատավորական աթոռին նստածին կմղի արդարությամբ դատել և զորության աղբյուր կլինի նրանց համար, ովքեր քաղաքի դարպասի մոտ հետ են մղում թշնամու հարձակումը:+
7 Ուրիշներն էլ են, գինուն տրվելով, շեղվել ճանապարհից,Երերում են ոգելից խմիչքից.
Քահանան ու մարգարեն, խմիչքին տրվելով, շեղվել են ճանապարհից,Գինին մթագնել է նրանց միտքը,Երերում են ոգելից խմիչքից:
Նրանք իրենց տեսիլքներից մոլորվում են,Իրենց դատողությունների մեջ սխալվում են:+
8 Նրանց սեղանները լիքն են գարշելի փսխանքով.
Մաքուր տեղ չկա:
9 Նրանք ասում են. «Այս մարդն ո՞ւմ է ուզում գիտելիք տալ,Ո՞ւմ է ուզում բացատրել հաղորդված լուրը:
Ի՞նչ է, կաթից կտրված երեխանե՞ր ենք,Կրծքից կտրված մանուկնե՞ր ենք:
10 Նա անընդհատ ասում է. «Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը:
Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+
Մի քիչ այս, մի քիչ այն»»:*
11 Ուստի Աստված այս ժողովրդի հետ կխոսի օտար լեզվով՝ կակազոց հիշեցնող խոսվածքով:+
12 Մի ժամանակ նա ասել էր նրանց. «Սա է հանգիստ առնելու վայրը: Թող հոգնածը հանգիստ առնի: Սա է թարմություն ստանալու վայրը»: Բայց նրանք չուզեցին լսել:+
13 Դրա համար էլ Եհովան կստիպի նրանց հասկանալ, թե ինչ են նշանակում այս խոսքերը.
«Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը:
Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+
Մի քիչ այս, մի քիչ այն»:
Այնպես որ, երբ նրանք քայլեն, մեջքի վրա կընկնեն,Ջարդուխուրդ կլինեն, ծուղակը կընկնեն ու կբռնվեն:+
14 Ուստի լսեք Եհովայի խոսքը, ո՛վ պարծենկոտներ,Այս ժողովրդի իշխաննե՛ր, որ Երուսաղեմում եք:
15 Դուք ասում եք. «Մենք մահվան հետ ուխտ ենք կապել,Գերեզմանի* հետ դաշինք ունենք:*+
Թե հորդահոս ջրհեղեղ էլ լինի,Մեզ չի հասնի,Քանի որ ապաստան ենք գտել ստի մեջ,Թաքնվել ենք կեղծիքի մեջ»:+
16 Հետևաբար Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Սիոնում որպես հիմք մի փորձված քար եմ դնում,+Որպես ամուր հիմք+ թանկարժեք անկյունաքար եմ դնում:+
Նրան հավատացողը խուճապի չի մատնվի:+
17 Ես արդարությունը կդարձնեմ չափման լար+ ու հարթաչափ:*+
Կարկուտը կոչնչացնի ստի վրա հիմնված ապաստանը,Ջրերը կհեղեղեն ձեր թաքստոցը:
18 Մահվան հետ կապած ձեր ուխտը կխափանվի,Գերեզմանի* հետ ձեր դաշինքը կխզվի:+
Եվ երբ հորդահոս ջրհեղեղ լինի,Ձեզ կսրբի-կտանի:
19 Ամեն անգամ, երբ այդ հեղեղը գա,Ձեզ կքշի-կտանի,+Եվ դա կլինի ամեն առավոտ, գիշեր-ցերեկ:
Միայն սարսափը կստիպի հասկանալ լսածը»:*
20 Չափազանց կարճ է մահճակալը՝ դրա վրա մարմնով մեկ ձգվելու համար,Չափազանց նեղ է ծածկոցը՝ դրանով փաթաթվելու համար:
21 Եհովան գործի կանցնի, ինչպես որ Փարասին լեռան վրա գործի անցավ,Նա կգործի, ինչպես Գաբաոնի մոտի հարթավայրում գործեց,+Որ կատարի իր անելիքը՝ իր անսպասելի անելիքը,Որ անի իր գործը՝ իր արտասովոր գործը:+
22 Եվ ուրեմն դադարեք ծաղրելուց,+Որ ձեր կապանքները ավելի ուժեղ չձգվեն,Քանի որ ես լսել եմ Գերիշխան Տեր, Զորքերի տեր Եհովայից,Որ ողջ երկրի համար կործանում է վճռված:+
23 Ականջ դրեք խոսքերիս, լսեք ինձ,Ուշադրություն դարձրեք, ասածս լսեք:
24 Սերմ ցանելու համար հողը հերկողը մի՞թե ողջ օրն է հերկում,Մի՞թե շարունակ փխրեցնում է ու տափանում:+
25 Մակերեսը հարթեցնելուց հետո մի՞թե շաղ չի տալիս սև սոնիճը* և չաման ցանում,Մի՞թե չի ցանում ցորենը, կորեկն ու գարին իրենց հատկացված տեղերումԵվ հաճարը՝+ իր արտի եզրերին:
26 Աստված ճիշտ ձևով է ուսուցանում* մարդուն,Կրթում է նրան:+
27 Չէ՞ որ սև սոնիճը կամնով* չեն մանրում,+Չամանի վրայով կամնասայլի անիվ չեն պտտեցնում,Այլ սև չամանը կալսաթակով են ծեծում,Չամանն էլ՝ փայտով:
28 Հացի համար հացահատիկ կալսելիս մի՞թե այն անդադար մանրում են:
Ո՛չ, այն անդադար չեն տրորում:+
Եվ երբ ձիերին լծված սայլի անիվները պտտեցնում են հացահատիկի վրայով,Այնպես են անում, որ այն չփշրվի:+
29 Այս ամենն էլ է Զորքերի տեր Եհովայից,Ում մտադրությունները հրաշալի են,Ում իրականացրած գործերը մեծափառ են:*+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հպարտ», «գոռոզ»:
^ Ըստ ամենայնի, խոսքը մայրաքաղաքի՝ Սամարիայի մասին է:
^ Կամ՝ «Այս չափման լարը, այն չափման լարը, այս չափման լարը, այն չափման լարը»:
^ Կրոնական առաջնորդների համար Եսայիայի հայտնած լուրը ձանձրալի էր և նման էր մանկական ոտանավորի:
^ Կամ՝ «Այս չափման լարը, այն չափման լարը, այս չափման լարը, այն չափման լարը»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ հնարավոր է՝ «տեսիլք ենք տեսել»:
^ Կամ՝ «ուղղալար»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ հնարավոր է՝ «Երբ նրանք հասկանան, ահազդու սարսափով կհամակվեն»:
^ Բույս, որի հատիկներն օգտագործում են որպես համեմունք:
^ Կամ՝ «խրատում», «պատժում»:
^ Հացահատիկը մանրելու գործիք:
^ Կամ՝ «Ում իմաստությունը մեծ է»: