Ելք 36։1-38
36 «Բեսելիելը պետք է աշխատի Օհոլիաբի և մյուս բոլոր արհեստավարժ* մարդկանց հետ, ում Եհովան իմաստություն ու հասկացողություն է տվել, որ իմանան՝ ինչպես անեն սուրբ ծառայության հետ կապված բոլոր գործերը: Նրանք ամեն բան պետք է անեն ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել է»:+
2 Մովսեսը կանչեց Բեսելիելին, Օհոլիաբին և մյուս բոլոր արհեստավարժ մարդկանց, ում Եհովան իմաստություն էր տվել,+ բոլոր նրանց, ում սիրտը մղում էր հոժարակամորեն կատարելու գործը:+
3 Այդ մարդիկ Մովսեսից վերցրին ողջ նվիրատվությունը,+ որ իսրայելացիները բերել էին սուրբ ծառայությանն առնչվող գործի համար: Իսկ իսրայելացիները դեռ շարունակում էին ամեն առավոտ կամավոր ընծաներ բերել:
4 Սուրբ գործը սկսելուց հետո բոլոր արհեստավորները մեկը մյուսի հետևից գալիս էին
5 ու Մովսեսին ասում. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Եհովայի պատվիրած գործն անելու համար»:
6 Ուստի Մովսեսը պատվիրեց, որ ամբողջ ճամբարում հայտարարություն արվի. «Տղամարդի՛կ ու կանա՛յք, այլևս ոչինչ մի՛ բերեք որպես սուրբ նվիրատվություն»: Այդպես ժողովրդին հետ պահեցին, որ ավելին չբերի:
7 Նվիրաբերվածը բավական էր գործն անելու համար և դեռ մի բան էլ ավելին էր:
8 Այսպիսով՝ բոլոր հմուտ արհեստավորները+ խորանի+ համար սկսեցին պատրաստել տասը պաստառներ՝ մանված բարձրորակ վուշից,* ինչպես նաև կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից: Դրանց վրա քերովբեներ ասեղնագործվեցին:*+
9 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը 28 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր պաստառները միևնույն չափսի էին:
10 Հետո Բեսելիելը հինգ պաստառները իրար միացրեց, նույն ձևով իրար միացրեց նաև մյուս հինգը:
11 Այնուհետև կապույտ թելից կապօղակներ պատրաստեց ստացված կտորի վերջին պաստառի եզրին, որտեղից այն պետք է միացվեր մյուս կտորին: Նույնը արեց մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն:
12 Նա 50 կապօղակ մի կտորի եզրին պատրաստեց և 50 կապօղակ՝ մյուսի եզրին, այնպես որ միացվելիս դրանք դեմ դիմաց լինեն:
13 Իսկ հետո 50 ոսկե կեռիկ պատրաստեց և դրանցով երկու կտորներն իրար միացրեց: Այդպես ստացվեց մեկ ամբողջական ծածկոց խորանի համար:
14 Խորանը ծածկելու համար նա պատրաստեց նաև այծի մազից պաստառներ՝ 11 հատ:+
15 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը 30 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* 11 պաստառները միևնույն չափսի էին:
16 Հետո հինգ պաստառները միացրեց իրար, նույն ձևով իրար միացրեց նաև մյուս վեցը:
17 Ապա 50 կապօղակ պատրաստեց ստացված կտորի վերջին պաստառի ծայրին, որտեղից այն պետք է միացվեր մյուս կտորին: Եվ 50 կապօղակ էլ պատրաստեց մյուս կտորի վերջին պաստառի ծայրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն:
18 Նա 50 պղնձե կեռիկ պատրաստեց, որ երկու կտորներն իրար միացվեն, ու ստացվի մեկ ամբողջական ծածկոց:
19 Խորանի համար նա պատրաստեց ևս մեկ ծածկոց խոյի* կարմիր ներկված կաշվից, մի ծածկոց էլ դրա վրա գցելու համար՝ փոկի կաշվից:+
20 Այնուհետև ակացիայի փայտից+ պատրաստեց խորանի շրջանակները, որոնք ուղղահայաց կանգնեցվեցին:+
21 Յուրաքանչյուր շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն:*
22 Ամեն մի շրջանակն ուներ իրար զուգահեռ երկու ելուստ: Այդպես նա պատրաստեց խորանի բոլոր շրջանակները:
23 Խորանի հարավային կողմի համար 20 շրջանակ պատրաստեց:
24 Այդ 20 շրջանակները կանգնեցնելու համար նա 40 արծաթե պատվանդան պատրաստեց, յուրաքանչյուրի վրա՝ մեկական ակոս, այսինքն՝ երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:+
25 Քսան շրջանակ էլ պատրաստեց խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար,
26 ինչպես նաև 40 արծաթե ակոսավոր պատվանդան. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:
27 Խորանի հետնամասի, այսինքն՝ դեպի արևմուտք նայող կողմի համար Բեսելիելը վեց շրջանակ պատրաստեց,+
28 երկու շրջանակ էլ պատրաստեց որպես անկյունային հենարաններ խորանի հետևի երկու անկյունների համար:
29 Դրանք ներքևից վերև բաղկացած էին երկու միանման տախտակներից, որոնք վերևում՝ առաջին ոսկե օղակի մոտ, իրար էին միանում: Այդպես նա պատրաստեց երկու անկյունային հենարանները:
30 Ընդհանուր հաշվով ութ շրջանակ պատրաստեց իրենց 16 արծաթե ակոսավոր պատվանդաններով. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:
31 Շրջանակներն իրար միացնելու համար նա ակացիայի փայտից ձողեր պատրաստեց. հինգ ձող՝* խորանի հարավային կողմի համար,+
32 հինգ ձող՝ հյուսիսային կողմի համար և հինգ ձող՝ արևմտյան կողմի, այսինքն՝ հետնամասի համար:
33 Յուրաքանչյուր կողմի մեջտեղի ձողը, որն անցնելու էր շրջանակների կենտրոնով, պետք է ձգվեր մի ծայրից մյուս ծայրը:
34 Նա շրջանակները ոսկով պատեց և դրանց համար ոսկե օղակներ պատրաստեց, որոնց միջով անցկացվելու էին ձողերը: Ձողերը նույնպես ոսկով պատեց:+
35 Բեսելիելը մի վարագույր+ պատրաստեց կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Դրա վրա քերովբեներ+ ասեղնագործեց:+
36 Այն կախելու համար ակացիայի փայտից չորս սյուն պատրաստեց ու ոսկով պատեց: Նաև ոսկուց կախիչներ պատրաստեց և սյուների համար չորս արծաթե ակոսավոր պատվանդաններ ձուլեց:
37 Վրանի մուտքի համար նույնպես վարագույր պատրաստեց կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+
38 Նաև պատրաստեց վարագույրը կախելու հինգ սյուները և դրանց վրայի կախիչները: Սյուների գագաթներն ու ամրացնող հարմարանքները* նա ոսկով պատեց, իսկ դրանց հինգ ակոսավոր պատվանդանները պղնձից պատրաստեց:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «իմաստուն սիրտ ունեցող»:
^ Կամ՝ «կտավից»:
^ Կամ՝ «նա քերովբեներ ասեղնագործեց»: Ըստ ամենայնի, խոսքը Բեսելիելի մասին է:
^ Պաստառի չափսերը՝ մոտ 12,5 × 1,8 մ: Տես հավելված Բ14:
^ Պաստառի չափսերը՝ մոտ 13,4 × 1,8 մ:
^ Այսինքն՝ արու ոչխարի:
^ Շրջանակի չափսերը՝ մոտ 4,5 × 0,7 մ:
^ Ըստ ամենայնի, յուրաքանչյուր կողմում՝ վերևում և ներքևում, օգտագործվում էին երկուական կարճ ձողեր, իսկ մեջտեղում՝ ծայրից ծայր՝ մեկ երկար ձող:
^ Կամ՝ «օղակներն ու օղակապերը»: