Ելք 33։1-23
33 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Դու և ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսից, ճանապարհ ընկեք այստեղից: Գնացեք այն երկիրը, որի համար Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդվել եմ՝ ասելով. «Քո սերնդին եմ տալու այն»:+
2 Ձեզնից առաջ հրեշտակ կուղարկեմ+ և կվռնդեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին:+
3 Գնացեք այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր+ է հոսում. ես չեմ գա ձեզ հետ, որովհետև դուք համառ* ժողովուրդ եք,+ և ես գուցե ոչնչացնեմ ձեզ ճանապարհին»:+
4 Երբ ժողովուրդը լսեց այդ խիստ խոսքերը, սկսեց սուգ անել: Նրանցից ոչ մեկը զարդեր չդրեց:
5 Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք համառ* ժողովուրդ եք:+ Մի ակնթարթում կարող էի անցնել ձեր ճամբարով ու ոչնչացնել ձեզ:+ Ուրեմն զարդեր մի՛ կրեք, մինչև որոշեմ, թե ինչ անեմ ձեզ»»:
6 Այսպիսով՝ Քորեբ լեռան մոտ տեղի ունեցածից հետո իսրայելացիները զարդեր չկրեցին:*
7 Մովսեսը մի վրան տարավ ու կանգնեցրեց ճամբարից դուրս՝ դրանից որոշ հեռավորության վրա, և այն կոչեց հանդիպման վրան:* Ով որ ցանկանում էր ինչ-որ բան հարցնել Եհովայից,+ գնում էր հանդիպման վրան՝ ճամբարից դուրս:
8 Երբ Մովսեսը գնում էր դեպի վրանը, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը կանգնում էր իր վրանի մուտքի մոտ ու հայացքով հետևում Մովսեսին, մինչև որ նա վրան մտներ:
9 Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն+ իջնում էր ու կանգնում վրանի մուտքի մոտ, մինչ Աստված խոսում էր Մովսեսի հետ:+
10 Երբ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը՝ վրանի մուտքի մոտ կանգնած, յուրաքանչյուրը խոնարհվում էր իր վրանի մուտքի մոտ:
11 Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես,+ ինչպես որ մարդը մարդու հետ է խոսում: Երբ Մովսեսը վերադառնում էր ճամբար, Նավեի որդի Հեսուն՝+ նրա սպասավորն ու օգնականը,+ մնում էր վրանում:
12 Եվ ահա Մովսեսն ասաց Եհովային. «Դու ինձ ասում ես՝ «Առաջնորդիր այս ժողովրդին», բայց չես ասել, թե ում ես ուղարկելու ինձ հետ: Դու նաև ասում ես՝ «Ես քեզ լավ* եմ ճանաչում,* և դու ունես իմ բարեհաճությունը»:*
13 Եթե արժանացել եմ քո բարեհաճությանը, խնդրում եմ, սովորեցրու ինձ քո ճանապարհները,+ որ ճանաչեմ քեզ ու միշտ ունենամ քո հավանությունը: Նաև հիշիր, որ այս ազգը քո ժողովուրդն է»:+
14 Աստված ասաց. «Ես կգամ քեզ հետ+ ու խաղաղություն* կտամ քեզ»:+
15 Մովսեսն էլ ասաց. «Եթե չես գալու, մեզ այստեղից ոչ մի տեղ մի՛ ուղարկիր:
16 Ինչի՞ց կերևա, որ ես ունեմ քո բարեհաճությունը, ինչպես ես, այնպես էլ քո ժողովուրդը: Չէ՞ որ այն բանից, որ գաս մեզ հետ:+ Այդպես ես ու քո ժողովուրդը կտարբերվենք երկրի երեսին ապրող մյուս բոլոր ժողովուրդներից»:+
17 Եհովան պատասխանեց Մովսեսին. «Քո այս խնդրանքն էլ կկատարեմ, որովհետև դու ունես իմ բարեհաճությունը, և ես քեզ լավ* եմ ճանաչում»:
18 Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Խնդրում եմ, ցույց տուր ինձ քո փառքը»:
19 Աստված ասաց. «Ես կանցնեմ քո առջևով՝ ցույց տալով այն բոլոր լավ բաները, որ կան իմ մեջ,* և քո առաջ կհռչակեմ իմ Եհովա անունը:*+ Ես բարեհաճ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ բարեհաճ լինել, ու գթասիրտ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ գթասիրտ լինել»:+
20 Ապա ավելացրեց. «Բայց դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ ու ողջ մնալ»:
21 Այնուհետև Եհովան ասաց. «Դու կկանգնես այստեղ՝ իմ առաջ՝ ժայռի վրա:
22 Երբ իմ փառքով անցնելիս լինեմ, քեզ կպատսպարեմ ժայռի խոռոչում ու ձեռքիս ափով կծածկեմ քեզ, մինչև անցնեմ:
23 Դրանից հետո ափս կհեռացնեմ, և դու կտեսնես ինձ թիկունքից: Սակայն իմ երեսը չես կարող տեսնել»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «խստապարանոց»:
^ Բռց.՝ «խստապարանոց»:
^ Բռց.՝ «հանեցին իրենց զարդերը»:
^ Բառարանում տես «Հանդիպման վրան»:
^ Բռց.՝ «անունով»:
^ Կամ՝ «Ես ընտրել եմ քեզ»:
^ Բռց.՝ «բարեհաճություն ես գտել իմ աչքերում»:
^ Բռց.՝ «հանգստություն»:
^ Բռց.՝ «անունով»:
^ Կամ՝ «իմ ողջ բարեսիրությունը»: Բառարանում տես «Բարեսիրություն»:
^ Այսինքն՝ կհայտնի, թե ինչպիսի անձնավորություն է ինքը: