Ելք 23։1-33

  • Իրավական կանոններ Իսրայելի համար (1-19)

    • Ազնիվ ու արդար վարվելու վերաբերյալ (1-9)

    • Շաբաթների ու տոների վերաբերյալ (10-19)

  • Հրեշտակն առաջնորդելու է իսրայելացիներին (20-26)

  • Երկրին տիրանալը և երկրի սահմանները (27-33)

23  «Սուտ լուրեր չտարածես:+ Անօրեն մարդու հետ չհամագործակցես՝ դառնալով չարակամ վկա:+  Բազմությանը հետևելով՝ չար գործեր չանես: Մեծամասնությանը հաճեցնելու համար արդարությունը խեղաթյուրող վկայություն չտաս:  Աղքատ մարդու գործը քննելիս նրա կողմը չբռնես, ինչ է թե նա աղքատ է:+  Եթե տեսնես թշնամուդ մոլորված ցուլը կամ էշը, այն պետք է նրան վերադարձնես:+  Եթե տեսնես, որ քեզ ատողի էշը բեռի ծանրությունից գետնին է ընկել, ապա անտարբեր չանցնես: Օգնիր նրան, որ կենդանուն բեռից ազատի:+  Աղքատի դատական գործը քննելիս նրա հանդեպ անարդար չվարվես:+  Կեղծ մեղադրանքի մեջ բաժին չունենաս: Անմեղ ու արդար մարդու մահվան պատճառ չլինես. այդպիսի չարիք անողին ես արդար չեմ հայտարարի:*+  Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է արդար դատողին և կարող է աղավաղել արդար մարդկանց խոսքերը:+  Պանդուխտին չճնշես, քանի որ գիտես՝ ինչ է նշանակում պանդուխտ լինել: Չէ՞ որ դուք էլ եք պանդուխտ եղել Եգիպտոսում:+ 10  Վեց տարի հողդ ցանիր և հավաքիր դրա բերքը,+ 11  իսկ յոթերորդ տարում մի՛ մշակիր այն. թող հանգստանա: Ինչ որ աճի, թող քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ ինչ որ նրանք թողնեն, վայրի կենդանիները կուտեն: Այդպես պետք է վարվես նաև քո խաղողի և ձիթենու այգու հետ: 12  Վեց օր քո գործն արա, իսկ յոթերորդ օրը պետք է դադար տաս, որ քո ցուլն* ու էշը հանգստանան, և ծառադ* ու պանդուխտը վերականգնեն իրենց ուժերը:+ 13  Տես, որ կատարես իմ ասած բոլոր բաները.+ ուրիշ աստվածների անունները չհիշատակես:* Դրանք չպետք է հնչեն քո շուրթերից:+ 14  Տարին երեք անգամ իմ պատվին տոն նշիր:+ 15  Նշիր Անթթխմոր հացերի տոնը.+ յոթ օր անթթխմոր հաց կուտես, ինչպես որ պատվիրել եմ: Դա կանես աբիբ ամսվա մեջ՝+ նշանակված ժամանակին, քանի որ այդ ամսում դուրս եկար Եգիպտոսից: Ոչ ոք թող դատարկաձեռն չներկայանա իմ առաջ:+ 16  Նաև նշիր Հնձի տոնը,* երբ կքաղես քո արտում ցանածի առաջին պտուղները՝ աշխատանքիդ արդյունքը:+ Իսկ տարվա վերջում նշիր Բերքահավաքի տոնը,* երբ արտից կհավաքես քո աշխատանքի վերջին պտուղները:+ 17  Տարին երեք անգամ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի առաջ:+ 18  Ինձ համար բերված զոհի արյունը չմատուցես թթխմորով պատրաստված որևէ բանի հետ: Իմ տոների ժամանակ ինձ մատուցվող ճարպը չպետք է մնա մինչև առավոտ: 19  Հողիդ առաջին բերքի լավագույն պտուղները պետք է բերես քո Աստված Եհովայի տուն:+ Ուլն իր մոր կաթի մեջ չեփես:+ 20  Ես հրեշտակ եմ ուղարկում, որ ձեր առջևից գնալով՝+ ճանապարհին պահպանի ձեզ ու բերի այն վայրը, որը պատրաստել եմ ձեզ համար:+ 21  Լսե՛ք և հնազանդվե՛ք նրան: Նրա դեմ մի՛ ապստամբեք, որովհետև նա չի ների ձեր հանցանքները.+ չէ՞ որ նա իմ անունից է գործում:* 22  Սակայն եթե անվերապահորեն հնազանդվեք նրա ձայնին ու անեք այն ամենը, ինչ ասում եմ, ապա ես թշնամություն կանեմ ձեր թշնամիների հետ և դուրս կգամ նրանց դեմ, ովքեր դուրս կգան ձեր դեմ: 23  Իմ հրեշտակը կգնա ձեր առջևից ու կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ու ես բնաջինջ կանեմ նրանց:+ 24  Չխոնարհվեք նրանց աստվածների առաջ, չծառայեք դրանց* և չորդեգրեք այդ ազգերի սովորույթները:+ Նրանց կուռքերը կոչնչացնեք և նրանց սուրբ սյուները ջարդուփշուր կանեք:+ 25  Դուք պետք է Եհովային՝ ձեր Աստծուն ծառայեք,+ և ես կօրհնեմ ձեր հացն ու ջուրը:+ Ձեր միջից կվերացնեմ հիվանդությունը:+ 26  Ձեր երկրում կանայք չեն վիժի, ոչ էլ անպտուղ կլինեն:+ Ես երկար կյանք կտամ ձեզ: 27  Այնպես կանեմ, որ ձեր գնալուց առաջ իմ ահը տարածվի բոլոր այն ժողովուրդների մեջ,+ որոնց հանդիպելու եք: Ես շփոթության մեջ կգցեմ նրանց: Ձեր բոլոր թշնամիները, պարտության մատնված, կփախչեն ձեզանից:+ 28  Նախքան ձեր գնալը վհատության* մեջ կգցեմ ձեր թշնամիներին+ և ձեր առջևից կքշեմ խևացիներին, քանանացիներին ու քետացիներին:+ 29  Նրանց ձեր առջևից կքշեմ, բայց ոչ մեկ տարում, որպեսզի երկիրը չամայանա, և վայրի կենդանիները չշատանան ու չվնասեն ձեզ:+ 30  Ես աստիճանաբար կքշեմ նրանց, մինչև որ բազմանաք ու տիրանաք այդ երկրին:+ 31  Ձեր սահմանը կտարածեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև Եփրատ գետը,*+ իսկ այդ տարածքի բնակիչներին ձեր ձեռքը կտամ, և դուք կվռնդեք նրանց:+ 32  Ուխտ չկապեք նրանց հետ ու նրանց աստվածների հետ:+ 33  Նրանք չպետք է բնակվեն ձեր երկրում, որ չդրդեն ձեզ մեղք գործել իմ դեմ: Եթե ծառայեք նրանց աստվածներին, դա, անշուշտ, ծուղակ կդառնա ձեզ համար»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «չարագործին չեմ արդարացնի»:
Բռց.՝ «աղախնիդ որդին»:
Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:
Ըստ ամենայնի, սա վերաբերում է երկրպագելու նպատակով անունները հիշատակելուն:
Հայտնի է նաև որպես Շաբաթների տոն կամ Պենտեկոստե:
Հայտնի է նաև որպես Տաղավարների տոն:
Բռց.՝ «իմ անունը նրա մեջ է»:
Կամ՝ «թույլ չտաք, որ ձեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:
Կամ հնարավոր է՝ «խուճապի», «սարսափի»:
Բռց.՝ «անապատից մինչև Գետը»: