Ելք 14։1-31
14 Եհովան ասաց Մովսեսին.
2 «Պատվիրիր իսրայելացիներին, որ հետ շրջվեն, գնան ու ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց՝ Մագդոլի և ծովի միջև ընկած տարածքում, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը:+ Ճամբար դրեք դրա հանդիպակաց կողմում՝ ծովի մոտ:
3 Այդ ժամանակ փարավոնը իսրայելացիների մասին կասի. «Նրանք մոլորված թափառում են, թակարդի մեջ են. շուրջբոլորն անապատ է»:
4 Ես կթողնեմ, որ փարավոնի սիրտը համառ դառնա,+ և նա կհետապնդի իսրայելացիներին: Ես կփառավորեմ ինձ՝ պարտության մատնելով փարավոնին ու նրա ողջ զորքին:+ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+ Իսրայելացիներն արեցին այնպես, ինչպես իրենց ասվեց:
5 Եգիպտոսի թագավորին տեղեկացրին, որ իսրայելացիները հեռացել են: Փարավոնն ու իր ծառաները փոշմանեցին, որ ազատ են արձակել ժողովրդին,+ և ասացին. «Այս ի՞նչ արեցինք: Ինչո՞ւ ազատ արձակեցինք իսրայելացիներին՝ մեր ստրուկներին»:
6 Ուստի փարավոնը պատրաստեց իր մարտակառքերը և հավաքեց իր ռազմիկներին:+
7 Նա վերցրեց 600 ընտիր կառք և Եգիպտոսի մյուս բոլոր մարտակառքերը՝ ռազմիկներ կարգելով դրանցից յուրաքանչյուրի վրա:
8 Եհովան թողեց, որ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի սիրտը համառ դառնա, և փարավոնն ընկավ իսրայելացիների հետևից, մինչ նրանք հաղթական* դուրս էին գալիս երկրից:+
9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց:+ Փարավոնն իր բոլոր ձիակառքերով, հեծելազորով ու զորքով գրեթե հասավ նրանց, երբ ճամբար էին դրել ծովի մոտ՝ Փիաիրոթի մերձակայքում՝ Բաալ-Սեֆոնի հանդիպակաց կողմում:
10 Երբ փարավոնը մոտեցավ, իսրայելացիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից: Իսրայելացիները սարսափահար եղան ու սկսեցին օգնության կանչել Եհովային:+
11 Նրանք ասացին Մովսեսին. «Ի՞նչ է, Եգիպտոսում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում մեռնելու:+ Այս ի՞նչ արեցիր մեզ, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից:
12 Այնտեղ քեզ չէինք ասո՞ւմ. «Հանգի՛ստ թող մեզ: Թող ծառայենք եգիպտացիներին»: Ավելի լավ է՝ ծառայենք եգիպտացիներին, քան մեռնենք անապատում»:+
13 Այդ ժամանակ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք:+ Անվրդով կանգնե՛ք և տեսե՛ք, թե Եհովան ինչպես է փրկելու ձեզ այսօր:+ Այս եգիպտացիներին, որոնց այսօր տեսնում եք, այլևս երբեք չեք տեսնի:+
14 Եհովան ինքը կպատերազմի ձեզ համար,+ իսկ դուք հանգիստ կանգնած կլինեք»:
15 Եհովան ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես այդպես անհանգստացած օգնության կանչում ինձ: Իսրայելացիներին ասա, որ հավաքեն ճամբարը:
16 Իսկ դու ձեռքիդ գավազանը մեկնիր դեպի ծովը և բաժանիր այն, որ նրանք չոր հատակի վրայով անցնեն դրա միջով:
17 Ես կթողնեմ, որ եգիպտացիների սիրտը համառ դառնա, ու նրանք կհետապնդեն իսրայելացիներին: Այդ ժամանակ ես պարտության կմատնեմ փարավոնին իր ողջ զորքով, մարտակառքերով ու հեծելազորով հանդերձ և այդպիսով կփառավորեմ ինձ:+
18 Երբ փառավորեմ ինձ՝ պարտության մատնելով փարավոնին իր մարտակառքերով ու հեծելազորով հանդերձ, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+
19 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը,+ որ գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, գնաց ու կանգնեց նրանց հետևի կողմում: Եվ ամպի սյունը, որ նրանց առջևում էր, տեղափոխվեց նրանց հետևի կողմը:+
20 Այդպես այն կանգնեց եգիպտացիների ու իսրայելացիների ճամբարների միջև:+ Մի կողմի համար այն խավար ամպ էր, իսկ մյուս կողմում լուսավորում էր գիշերը,+ այնպես որ եգիպտացիները ամբողջ գիշեր չմոտեցան իսրայելացիներին:
21 Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի ծովը,+ ու Եհովան արևելյան ուժգին քամի բերեց: Այն ամբողջ գիշեր փչելով՝ ծովը հետ քշեց, այնպես որ ջրերը բաժանվեցին,+ և ծովի հատակը չորացավ:+
22 Իսրայելացիները անցան ծովի միջով՝ չոր գետնի վրայով,+ մինչ ջրերը պատի նման վեր էին խոյացել նրանց աջ ու ձախ կողմերում:+
23 Եգիպտացիներն էլ հետապնդեցին նրանց: Փարավոնի բոլոր ձիերը, մարտակառքերն ու հեծելազորը նրանց հետևից ծովը մտան:+
24 Լուսադեմին* Եհովան ամպի ու կրակի սյան+ միջից նայեց եգիպտացիների զորքին և խուճապի մեջ գցեց նրանց:
25 Նա սկսեց հանել կառքերի անիվները, ուստի նրանք դժվարությամբ էին առաջ շարժվում: Եգիպտացիներն ասացին. «Եկեք փախչե՜նք իսրայելացիներից, որովհետև Եհովան նրանց համար պատերազմում է մեր դեմ»:+
26 Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր դեպի ծովը, որ ջրերը հետ գան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց մարտակառքերն ու հեծելազորը»:
27 Մովսեսն իսկույն ձեռքը մեկնեց դեպի ծովը, և առավոտյան դեմ հետ քաշված ջրերը վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել, բայց Եհովան նրանց բոլորին հետ շպրտեց ծովը:+
28 Հետ եկող ջրերը ծածկեցին մարտակառքերը, հեծելազորը և փարավոնի ողջ զորքը, որ իսրայելացիների հետևից ծովն էին մտել:+ Նրանցից մեկն անգամ ողջ չմնաց:+
29 Իսկ իսրայելացիներն անցան ծովի չոր հատակի վրայով,+ մինչ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերում պատի նման վեր էին խոյացել:+
30 Այսպիսով՝ Եհովան այդ օրը Իսրայելին փրկեց եգիպտացիների ձեռքից:+ Իսրայելացիները եգիպտացիներին մեռած տեսան ծովի ափին:
31 Իսրայելի ժողովուրդը տեսավ, թե Եհովան ինչ մեծ զորությամբ* գործեց եգիպտացիների դեմ, և Եհովայի հանդեպ վախով լցվեց, սկսեց հավատալ Եհովային ու նրա ծառա Մովսեսին:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «բարձրացրած ձեռքով»:
^ Բռց.՝ «Առավոտյան պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 2:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն:
^ Բռց.՝ «ձեռքով»: