Ելք 1։1-22
1 Եվ ահա սրանք են անունները Իսրայելի որդիների, այսինքն՝ Հակոբի որդիների, ովքեր նրա հետ եկան Եգիպտոս՝ այն բոլոր տղամարդկանց, որ եկան իրենց ընտանիքներով.+
2 Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա,+
3 Իսաքար, Զաբուղոն, Բենիամին,
4 Դան, Նեփթաղիմ, Գադ և Ասեր:+
5 Հակոբից սերած* բոլոր մարդիկ 70 հոգի էին: Իսկ Հովսեփն արդեն Եգիպտոսում էր:+
6 Անցավ ժամանակ, և Հովսեփը մահացավ:+ Մահացան նաև նրա բոլոր եղբայրներն ու այդ ողջ սերունդը:
7 Իսրայելացիները* շատ երեխաներ ունեցան, և նրանց թիվը խիստ աճեց: Նրանք արտասովոր արագությամբ շատանում էին ու հզորանում, այնպես որ երկիրը նրանցով լցվեց:+
8 Որոշ ժամանակ անց Եգիպտոսում սկսեց իշխել նոր թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում:
9 Նա ասաց իր ժողովրդին. «Իսրայելացիները ավելի մեծաթիվ ու հզոր են, քան մենք:+
10 Եկեք խորագիտությամբ վարվենք նրանց հետ, այլապես նրանք կշարունակեն շատանալ, ու եթե պատերազմ բռնկվի, նրանք, միանալով մեր թշնամիներին, կկռվեն մեր դեմ և կհեռանան մեր երկրից»:
11 Ուստի իսրայելացիների վրա վերահսկիչներ նշանակեցին, որ ծանր աշխատանքի դնելով՝ չարչարեն նրանց:+ Եվ իսրայելացիները փարավոնի համար կառուցեցին Փիթոմ ու Ռամսես+ քաղաքները որպես պահեստավայրեր:
12 Բայց որքան շատ էին ճնշում իսրայելացիներին, այնքան նրանք ավելի մեծաքանակ էին դառնում և ընդլայնում էին իրենց բնակության սահմանները, այնպես որ եգիպտացիները նրանց հանդեպ վախով ու ատելությամբ լցվեցին:+
13 Այդ պատճառով նրանք բռնի ուժով ստրկացրին իսրայելացիներին:+
14 Նրանք դառնացրին իսրայելացիների կյանքը՝ պարտադրելով տաժանակիր աշխատանք կատարել՝ կավի շաղախ ու աղյուսներ պատրաստել և դաշտերում ամեն տեսակ գործ անել: Եգիպտացիները նրանց ստիպում էին ծանր պայմաններում ստրկական աշխատանք կատարել:+
15 Այնուհետև Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցի մանկաբարձուհիներ Սեփրայի և Փուայի հետ:
16 Նա ասաց. «Երբ եբրայեցի կանանց օգնում եք ծննդաբերել,+ տեսեք, եթե ծնվածը տղա է, սպանեք նրան, իսկ եթե աղջիկ, ողջ թողեք»:
17 Սակայն մանկաբարձուհիները ակնածալից վախ ունեին ճշմարիտ Աստծու հանդեպ և չէին անում Եգիպտոսի թագավորի ասածը: Նրանք ողջ էին թողնում տղա երեխաներին:+
18 Որոշ ժամանակ հետո Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձուհիներին և ասաց. «Ինչո՞ւ եք տղա երեխաներին ողջ թողել»:
19 Մանկաբարձուհիները պատասխանեցին փարավոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են և մինչև մանկաբարձուհու գալը ծննդաբերում են»:
20 Այդ ամենի համար Աստված բարիք էր անում մանկաբարձուհիներին: Իսկ ժողովուրդը շատանում էր ու հզորանում:
21 Ճշմարիտ Աստված մանկաբարձուհիներին իրենց աստվածավախության համար հետագայում ընտանիքներ պարգևեց:
22 Ի վերջո փարավոնն իր ամբողջ ժողովրդին հրամայեց. «Եբրայեցի ամեն նորածին տղայի Նեղոս գե՛տը գցեք, բայց ամեն աղջկա ո՛ղջ թողեք»:+