Եզեկիել 33։1-33

  • Ժամապահի պարտականությունները (1-20)

  • Երուսաղեմի կործանման մասին լուրը (21, 22)

  • Խոսք՝ ուղղված ավերակներում բնակվողներին (23-29)

  • Մարդիկ չեն վարվի իրենց լսած խոսքի համաձայն (30-33)

    • Եզեկիելն ասես սիրո երգ լինի (32)

    • Մարդիկ «կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել» (33)

33  Եհովան ասաց ինձ.  «Մարդո՛ւ որդի, խոսիր քո ազգակիցների հետ+ ու ասա. «Եթե ես սուր ուղարկեմ որևէ երկրի դեմ,+ և այդ երկրի ժողովուրդը ժամապահ նշանակի մի մարդու,  և նա, տեսնելով, որ թշնամին հարձակվում է այդ երկրի վրա, եղջերափող փչի ու նախազգուշացում տա ժողովրդին,+  ու եթե որևէ մեկը եղջերափողի ձայնը լսի, բայց նախազգուշացմանը ուշադրություն չդարձնի,+ և սուրը խլի նրա կյանքը, ապա իր մահվան համար նա ինքը մեղավոր կլինի:*+  Նա լսեց եղջերափողի ձայնը, բայց նախազգուշացմանը ուշադրություն չդարձրեց: Նա ինքը մեղավոր կլինի իր մահվան համար: Եթե նախազգուշացմանը ականջ դներ, կփրկվեր:  Բայց եթե ժամապահը, տեսնելով, որ թշնամին մոտենում է, եղջերափող չփչի+ ժողովրդին նախազգուշացնելու համար, և թշնամին գա ու սպանի որևէ մեկին, ապա այդ մարդը կմահանա իր մեղքի պատճառով, սակայն նրա մահվան* համար ժամապահի՛ց հաշիվ կպահանջեմ»:+  Մարդո՛ւ որդի, քեզ ժամապահ եմ նշանակել Իսրայելի ժողովրդի համար: Երբ որևէ խոսք լսես ինձնից, պետք է իմ անունից նախազգուշացնես նրանց:+  Եթե մեղսագործին ասեմ՝ «Մեղսագո՛րծ, դու անպատճառ մեռնելու ես»,+ բայց դու նրան չնախազգուշացնես, որ հետ դառնա իր բռնած ուղուց, ապա նա, որպես մեղսագործ, կմեռնի իր մեղքի պատճառով,+ բայց նրա մահվան համար քեզնից հաշիվ կպահանջեմ:  Իսկ եթե դու նախազգուշացնես մեղսագործին, որ հետ դառնա իր բռնած ուղուց, բայց նա չլսի քեզ, ապա կմեռնի իր մեղքի պատճառով,+ իսկ դու կպահպանես քո կյանքը:+ 10  Մարդո՛ւ որդի, ասա իսրայելացիներին. «Դուք ասում եք. «Մեր ըմբոստ արարքներն ու մեղքերը ծանր բեռ են դարձել մեզ համար, ու դրանց պատճառով մենք հյուծված ենք,+ ինչպե՞ս ողջ կմնանք»»:+ 11  Նրանց ասա. «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ինձ համար հաճելի չէ մեղսագործի մահը:+ Ես ուզում եմ, որ մեղսագործը հետ դառնա իր բռնած ուղուց+ և ապրի:+ Դադարե՛ք, դադարե՛ք չար բաներ անելուց,+ ինչո՞ւ մեռնեք, ո՛վ իսրայելացիներ»:+ 12  Մարդո՛ւ որդի, ասա քո ազգակիցներին. «Արդարի արդարությունը չի փրկի իրեն, եթե նա մեղք գործի:+ Իսկ մեղսագործը չի մահանա իր գործած մեղքերի պատճառով, եթե դադարի մեղք գործելուց:+ Ոչ մի արդար մարդ իր արդար գործերի շնորհիվ ողջ չի մնա, եթե մեղք գործի:+ 13  Եթե արդարին ասեմ՝ «Դու անպատճառ ապրելու ես», իսկ նա, հույսը դնելով իր արդարության վրա, անի այն, ինչը սխալ է,*+ ապա նրա արդար գործերից և ոչ մեկը չեմ հիշի, և նա իր չարագործության պատճառով կմեռնի:+ 14  Եթե մեղսագործին ասեմ՝ «Դու անպատճառ մեռնելու ես», բայց նա դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար,+ 15  եթե նա վերադարձնի գրավը,+ հետ տա կողոպտածը,+ հնազանդվի կյանքի առաջնորդող կանոններին և վատ բաներ չանի, նա անպատճառ կապրի՝+ չի մեռնի: 16  Նրա գործած և ոչ մի մեղքի համար հաշիվ չեմ պահանջի:+ Նա անպայման կապրի, քանի որ արդար ու ճիշտ է վարվում»:+ 17  Բայց քո ազգակիցներն ասում են՝ «Եհովան անարդար է վարվում», մինչդեռ իրականում նրանք են անարդար վարվում: 18  Եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է, նա պետք է մեռնի:+ 19  Իսկ եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար, ապա նա կապրի:+ 20  Բայց դուք ասում եք. «Եհովան անարդար է վարվում»:+ Ո՛վ իսրայելացիներ, ես ձեզնից յուրաքանչյուրին կդատեմ ըստ իր գործերի»: 21  Մեր գերության 12-րդ տարում՝ տասներորդ ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից եկավ մեկը,+ ով փրկվել էր, ու ասաց. «Քաղաքը գրավել են»:+ 22  Իսկ նախորդ երեկոյան՝ նախքան այդ փրկված մարդը առավոտյան կգար, Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և Նա բացեց բերանս: Բերանս բացվեց, ու ես կրկին կարողացա խոսել:+ 23  Ապա Եհովան ասաց ինձ. 24  «Մարդո՛ւ որդի, Իսրայելի ավերակներում բնակվողներն+ ասում են. «Աբրահամը մենակ էր, բայց նա ստացավ այդ երկիրը որպես սեփականություն:+ Իսկ մենք շատ ենք, ուստի այն, անկասկած, մեզ է պատկանում»: 25  Դրա համար նրանց ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դուք կերակուրը արյունով եք ուտում,+ ձեր գարշելի կուռքերի վրա եք հույս դնում և արյուն եք թափում.+ ինչո՞ւ պետք է այդ երկիրը ձերը լինի: 26  Դուք ապավինում եք ձեր սրին,+ գարշելի բաներ եք անում, և ձեզնից յուրաքանչյուրը պղծում է իր դրացու կնոջը.+ ինչո՞ւ պետք է այդ երկիրը ձերը լինի»»:+ 27  Սա ասա նրանց. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երդվում եմ իմ գոյությամբ. ովքեր ավերակների մեջ են ապրում, սրով կսպանվեն, ովքեր դաշտում են, նրանց որպես կերակուր գազաններին կտամ, իսկ ովքեր ամրոցներում և քարանձավներում են, հիվանդությունից կմեռնեն:+ 28  Երկիրն անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+ Նրա գոռոզությանն ու հպարտությանը վերջ կտրվի, Իսրայելի լեռները կամայանան,+ ու ոչ ոք դրանցով չի անցնի: 29  Եվ երբ նրանց արած բոլոր գարշելի բաների պատճառով+ երկիրն անմարդաբնակ անապատ դարձնեմ,+ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»: 30  Մարդո՛ւ որդի, քո ազգակիցները պատերի և տների մուտքերի մոտ իրար հետ խոսում են քո մասին,+ և մեկը մյուսին՝ յուրաքանչյուրն իր եղբորը, ասում է. «Գնանք ու լսենք Եհովայի խոսքը»: 31  Նրանք՝ որպես իմ ժողովուրդ, կհավաքվեն քեզ մոտ ու կնստեն քո առաջ, կլսեն քո խոսքերը, բայց չեն կատարի.+ նրանք լեզվով շողոքորթում են, մինչդեռ իրենց սիրտը շահատենչ է: 32  Դու նրանց համար ասես սիրո երգ լինես, որը հնչում է գեղեցիկ ձայն ունեցող մի մարդու շուրթերից, ով վարպետորեն տավիղ է նվագում: Նրանք կլսեն քո խոսքերը, բայց ոչ ոք դրանց համաձայն չի վարվի: 33  Սակայն երբ այդ խոսքերը կատարվեն, իսկ դրանք կկատարվեն, նրանք կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրա արյունը իր գլխին կլինի»:
Բռց.՝ «արյան»:
Կամ՝ «անարդար վարվի»:
Բռց.՝ «ձեռքը»: